24  03  2020

Երբ բիզնեսին ասում ենք՝ գնա վարկ վերցրու, բեր հարկ վճարի. 168.am

Երբ բիզնեսին ասում ենք՝ գնա վարկ վերցրու, բեր հարկ վճարի. 168.am

168.am-ը գրում է․ «Այն, ինչ տեղի է ունենում համաշխարհային տնտեսության մեջ, մասնագետները համարում են ճգնաժամային կամ նախաճգնաժամային իրավիճակ։ Անկախ նրանից՝ այս բնորոշումներից որն է առավել մոտ իրականությանը, փաստն այն է, որ համաշխարհային տնտեսությունը բախվել է ծանր փորձության։ Ուստի, առողջապահական խնդիրներից զատ, այս օրերին տարբեր երկրների կառավարություններ քննարկում են, թե ինչ կարելի է անել տնտեսությանը հասցված վնասները մեղմելու, մարդկանց օգնելու և այս վիճակից հնարավորինս քիչ կորուստներով դուրս գալու համար։

Հայաստանի կառավարությունը ևս հայտարարել է հակաճգնաժամային փաթեթ գործարկելու մասին։ Խոսքը շուրջ 300 մլն դոլարանոց 3 ծրագրերի մասին է։

Դեռ շատ բան հայտնի չէ այդ ծրագրերի վերաբերյալ, բայց դրանք ներառելու են աջակցություն սոցիալական խոցելի խմբերին, ինչպես նաև գործող և նոր ստեղծվող բիզնեսին։ Ընդ որում, աջակցության ամենամեծ բաղադրիչը՝ 80 մլրդ դրամի չափով, նախատեսված է նոր բիզնեսի համար։ Թեև նոր բիզնես սկսելու հավանականությունները, առավել ևս՝ առկա անորոշությունների պայմաններում, այնքան էլ իրատեսական չեն։ Նման ծրագրերը մեկ օրում կամ մեկ ամսում չեն ստեղծվում։ Դրա համար ժամանակ է պետք։

Ուստի պետք է ենթադրել, որ կառավարության հակաճգնաժամային փաթեթի այս ամենամեծ բաղադրիչն առաժմ տեսական կամ, ավելի շատ, ձևական բնույթ կկրի։ Դժվար է կարծել, որ առաջիկայում դրանից օգտվողների թիվը կարող է մեծ լինել։ Արդեն 1 տարուց ավելի է, ինչ կառավարությունը հայտարարել է գյուղատնտեսության ոլորտում որոշ ծրագրեր իրականացնելու մասին։ Ու դրա համար կիրառվում են վարկերի սուբիդավորման որոշակի մեխանիզմներ, ինչն առանցքային դեր ունի նաև կառավարության հակաճգնաժամային փաթեթում։ Բայց ինչպես ցույց է տալիս փորձը, ակտիվություն չկա։ Մեկ տարում «խելացի» անասնաշենքերի կառուցման ծրագրով կնքված պայմանագրերից ֆինանսավորվել է ընդամենը 2-ը։

Նույնը նաև մյուս ծրագրերի դեպքում է։ Ակտիվությունը ցածր է։ Ու դա նշանակում է, որ ինչ-որ բան այնպես չէ։

Բայց կառավարությունը հակաճգնաժամային փաթեթով մտադիր է շարժվել նույն ուղղությամբ. բիզնեսի օժանդակության ծրագրերը հիմնված են լինելու վարկերի համաֆինանսավորման, վերաֆինանսավորման կամ սուբսիդավորման վրա։ Մի բան, ինչը երբեմն արդարացի հարցադրում է առաջացնում՝ դա ավելի շատ բանկերի՞, թե՞ տնտեսության աջակցության ծրագիր է։

Եթե համարենք, որ հակաճգնաժամային փաթեթի ձևավորման պատասխանատուն բանկային համակարգի նախկին ներկայացուցիչ է՝ ի դեմս փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ապա գուցե ինչ-որ բան ավելի հասկանալի դառնա։

Տնտեսվարողներին ուղղակի ֆինանսավորելու փոխարեն՝ պետական աջակցությունը գնալու է բանկային համակարգ։ Կառավարությունը դեմ է ուղղակի օժանդակության տրամադրմանը, որովհետև համարում է, որ հարկային արձակուրդները կամ արտոնություններն արդյունավետ գործիք չեն այս պարագայում։

Ուստի որոշվել է, որ ծագած ֆինանսական խնդիրները մեղմելու համար տնտեսվարողները պետք է գնան բանկ և վարկ վերցնեն՝ աշխատավարձ տալու, հանրային ծառայությունների դիմաց վճարումներ կատարելու, իրենց հարկային պարտավորությունները սպասարկելու համար։

«Մենք որոշել ենք, որ պետք է լայն աջակցություն ցուցաբերենք մեր տնտեսությանն ու տնտեսվարողներին։ Արդեն պատրաստել ենք փաթեթ, որպեսզի արտոնյալ վարկեր տրամադրենք այն ընկերություններին, որոնք կունենան աջակցության կարիք իրենց աշխատողներին աշխատավարձ վճարելու, իրենց հարկային պարտավորությունները կատարելու, հումք ներկրելու, արտադրությունը կազմակերպելու և ռազմավարական ներդրումներ անելու համար»,- ասում է վարչապետը։

Հիմա պատկերացրեք, որ որևէ մեկը զբաղվում է հյուրանոցային բիզնեսով։ Չկան զբոսաշրջիկներ, չկան այցելուներ, ու բիզնեսը կանգնել է ֆինանսական խնդիրների առջև. չի կարողանում աշխատավարձ վճարել, հարկերը փակել, հոգալ իր կոմունալ ծախսերը։ Դեռ հայտնի էլ չէ, թե ինչքան կպահպանվի այս իրավիճակը։

Ի՞նչ է առաջարկում այս բիզնեսին կառավարությունը. առաջարկում է գնալ բանկից վարկ վերցնել՝ բերել աշխատավարձ վճարել, հարկ տալ, կոմունալ վճարումներ կատարել, և այլն։

Սա ոչնչով չի տեղավորվում տնտեսական գործունեության շարունակման տրամաբանության մեջ։ Ինչո՞ւ պետք է սեփականատերը մտնի լրացուցիչ պարտավորությունների տակ, նոր պարտքեր կուտակի, որպեսզի աշխատողին աշխատավարձ վճարի, չհաշված, որ պետությանն էլ դրա դիմաց հարկ պիտի տա եկամտային հարկի 23 տոկոսի չափով։ Պարզ չէ՞, որ մարդը կգերադասի ուղղակի փակել բիզնեսը։

Այն, ինչ մտադիր է անել կառավարությունը, բիզնեսի աջակցության, մեղմ ասած, արդյունավետ մեխանիզմ չէ։ Ու ոչ մի նշանակություն չունի՝ վարկը նրան տրամադրվելու է ցածր տոկոսո՞վ, թե՞ անտոկոս։ Դա ինչ-որ պահից, միևնույն է, պետք է վերադարձվի։

Երբ տնտեսական գործունեությունը վնասաբեր է, առավել ևս, խիստ մշուշոտ են հեռանկարները, բիզնեսը հակված չի լինելու մտնել անհասկանալի վարկային բեռի տակ։ Կառավարությունը պետք է պատրաստ լինի կրելու այդ բեռի գոնե մի մասը։

Բայց ի՞նչ ենք մենք պատրաստվում անել։ Ոչ միայն բեռը թողնում ենք տնտեսության վրա, այլև հարկերի տեսքով մի բան էլ ուզում ենք օգուտ քաղել. վարկ ենք տալիս ու ասում՝ մի մասը պետք է հարկի տեսքով տաս պետությանը։

Այդպես չի լինում։ Դա չի կարող արդյունավետ լինել։ Կառավարությունը պետք է մտածի ոչ թե՝ ձևական, այլ՝ իրական օժանդակություն ցույց տալու մասին։ Միշտ էլ կարելի է փողը մի գրպանից հանել, դնել մյուս գրպանը և ասել, թե՝ օժանդակեցի, բայց բիզնեսը չօգտվեց դրանից։

Պետության օժանդակությունը պետք է առարկայական լինի։ Կառավարությունը պետք է փորձի իրական բեռ վերցնել, ու այդ դեպքում սոցիալական խնդիրներն էլ ավելի քիչ կլինեն։

Այլապես այնպիսի տպավորություն է, որ կառավարությունը մտադիր է սպասել՝ բիզնեսը փակվի, աշխատողներն ազատվեն աշխատանքից, գործազուրկ դառնան, որպեսզի գնա, հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում ձևավորած փաթեթներից մեկով նրանց սոցիալական աջակցություն ցույց տա։ Այնինչ կարելի է այնպես անել, որպեսզի և՛ բիզնեսը չփակվի, և՛ կարողանա մարդկանց աշխատավարձ վճարել ու ստիպված չլինի ազատել աշխատանքից։ Ոչինչ, որ այդ ընթացքում կառավարությունը կարող է հարկերի տեսքով նաև որոշ գումարներ չստանալ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ