21  03  2020

Կա՛մ Թորոսյանը պետք է պատժվի, կա՛մ բոլորս իր օրինակին ենք հետեւելու․ քաղաքագետ

Կա՛մ Թորոսյանը պետք է պատժվի, կա՛մ բոլորս իր օրինակին ենք հետեւելու․ քաղաքագետ

«Հրապարակ»-ը գրում է․ «Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ զրուցել ենք արտակարգ դրության եւ դրա հետ կապված իրավիճակի մասին։

- Պարոն Դանիելյան, ինչպե՞ս եք գնահատում այն փաստը, որ պարետի գրասենյակն այս օրերին խմբագրություններից պահանջում է հեռացնել հոդվածներ, գրառումներ, որոնք, իրենց կարծիքով, կարող են խուճապ առաջացնել արտակարգ իրավիճակի պայմաններում։ Խմբագրություններն ունե՞ն հրահանգը չկատարելու բարոյական եւ իրավական իրավունք, եթե, օրինակ, կառավարության անդամներն առաջինն են ոտնահարում օրենքը։ Կան բազմաթիվ օրինակներ, Արսեն Թորոսյանն ասում է՝ չեմ կատարելու դատարանի որոշումը, Նիկոլ Փաշինյանը սուպերմարկետում կարանտինի կանոններն է խախտում, 40 հոգանոց խմբագիրների հավաքներ են արվում, չնայած օրենքում կա 20 հոգուց ավելիի սահմանափակում։

- Արտակարգ իրավիճակներում կառավարությունը մեծ լիազորություններ է ստանում, անգամ կարող է ժամանակավորապես օրենսդիր իշխանության ֆունկցիաները ստանձնել եւ դեկրետներ հրատարակել: Դա հասկանալի է: Հասկանալի է նաեւ այն, որ պետք է վերահսկի նաեւ մամուլը, որպեսզի խուճապ առաջացնող նյութեր չտպագրվեն: Այլ հարց է, թե որքանով են կոնկրետ նյութերը խուճապ առաջացնում եւ որքանով հանրությանը տեղեկատվություն մատակարարում ու անգամ քննադատում կառավարության գործունեությունը: Հրանտ Բագրատյանի նյութի մեջ, որը պարետի գրասենյակը լրատվամիջոցներին պարտադրում է հեռացնել, ես խուճապ առաջացնող տեղեկատվություն չգտա: Ընդամենը փաստարկված կերպով քննադատվում է կառավարության գործունեությունը կամ անգործությունը: Այդտեղ կա միտում՝ թույլ չտալ քննադատել կառավարությանը: Դա, բնականաբար, անընդունելի է: Պարզ է, որ իրենց հրահանգներն առաջին հերթին պետք է կառավարության անդամները կատարեն:

Տեսնում ենք, որ երբեմն հենց իրենք դա չեն կատարում: Ձեր բերած օրինակը դրա ապացույցն է: Ինչ վերաբերում է առողջապահության նախարարին, ապա դատարանների որոշմանը չենթարկվելու մասին նրա հայտարարությունը դեռեւս մեծ հետեւանքներ է ունենալու․ կա՛մ նա պետք է պատժվի, կա՛մ մենք բոլորս ստանում ենք իրավունք՝ հետեւելու կառավարության անդամի օրինակին: Նման հակապետական դրսեւորումները պետք է խստագույնս պատժվեն, այլ տարբերակ չկա: 

- Արտակարգ դրությունը մի օր կվերջանա, ի՞նչ է լինելու հետո, եւ միթե այն նյութերը, որոնց հրապարակումը կանխելու համար էլ, ըստ որոշ վերլուծությունների, մտցվեց արտակարգ դրությունը, միեւնույն է՝ չեն տպագրվելու, հետահայաց անդրադարձ չի արվելու արտակարգ իրավիճակում վարակի տարածմանը։

- Բնականաբար, կառավարության բոլոր քայլերը վերլուծվելու են: Արդյունավետ քայլերի համար դրվատանքի կարժանանան, իսկ անարդյունավետ քայլերի, այդ թվում նաեւ՝ հակաօրինականների համար պետք է պատասխան տան: Կարծում եմ, առողջապահության նախարարը շատ ծանր վիճակում է հայտնվելու: Մյուս կողմից, պետք է հասկանանք, որ արտակարգ իրավիճակների մասին օրենսդրությունն ունի թերություններ: Նման օրենսդրությունը զարգանում ու լրամշակվում է կոնկրետ դեպքերի վերլուծության արդյունքում: Հույս ունեմ, որ հաջորդ իշխանությունն այդտեղ անելիքներ ունի, քանի որ այս իշխանության օրենսդրական ունակությունները բավարար չեն նման աշխատանքի համար, նման եզրակացության ենք հանգում այս երկու տարիների ընթացքում գործող խորհրդարանի աշխատանքը տեսնելով»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ