09  10  2019

Ովքե՞ր են եղել ՏՏ համաժողովի նախաձեռնության հետևում․ 168․am

Ովքե՞ր են եղել ՏՏ համաժողովի նախաձեռնության հետևում․ 168․am

168.am-ը գրում է․ «Երևանում մեկնարկեց տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային 23-րդ համաժողովը։ Այն իսկապես կարևոր իրադարձություն է, որը կարող է լավ խթան հանդիսանալ Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների հետագա զարգացումների և նոր ծրագրերի իրականացման համար։

Համաժողովը հիմա է տեղի ունենում, բայց դրա նախաձեռնությունը գալիս է հնից։ Չնայած վերջին շրջանում ընդունված է ամեն ինչ կապել «թավշյա հեղափոխության» հետ, այնուհանդերձ այս դեպքում այդ կապը չի եղել ու չկա։

Երբ որոշվում էր Հայաստանում անցկացնել տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով, «թավշյա հեղափոխության» մասին անգամ դժվար էր երազել։ Ու չնայած այսօրվա չափանիշերով՝ նախկինում Հայաստանում գործում էր «հակաժողովրդական» իշխանություն, այն ժամանակ էլ կային մարդիկ, ովքեր մտածում էին Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաները զարգացնելու մասին։

Ինչքան էլ գուցե շատերին դուր չգա` համաժողովը Հայաստանում անցկացնելու նախաձեռնությունը ներկայացվել է նախկին իշխանությունների ժամանակ։ Դեռևս 2014թ. Ինֆորմացիոն տեխոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից հայտ ներկայացվեց Երևանում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով անցկացնելու առաջարկությամբ: WCIT 2019-ը Հայաստանի մայրաքաղաքում անցկացնելու վերաբերյալ որոշումն ընդունվեց այդ տարվա սեպտեմբերին` Մեքսիկայում, Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի տնօրենների խորհրդի նիստում:

Որոշման ընդունումից հետո համաձայնագիրը ստորագրվեց հաջորդ տարի։ Դա տեղի ունեցավ Երևանում։ Այն ստորագրեցին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն ու տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային այլանսի քարտուղար Ջիմ Պոյզանթը։Ստորագրման արարողությունը տեղի ունեցավ Էկոնոմիկայի նախարարությունում, որին մասնակցում էր նաև նախարար Կարեն Ճշմարիտյանը։

Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային 23-րդ համաժողովը Հայաստանում անցկացնելու համաձայնագրի ստորագրումից 5 տարի հետո, ինչպես և սպասվում էր, այն մեկնարկել է Երևանում։ Ելույթ ունենալով համաժողովում՝ Նիկոլ Փաշինյանը, սովորության համաձայն, խոսեց «թավշյա հեղափոխությունից», այնուհետև անցավ իր կառավարության արձանագրած տպավորիչ աճերին, իսկ վերջում` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումներին։ Զարգացումներ, որոնք ամենևին էլ նոր չեն սկսվել։ Այնպես, ինչպես նոր չեն Հայաստանը տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակները։ Դրա համար ժամանակին իսկապես որոշակի քայլեր արվել են։

«Մենք ընդարձակ հարկային արտոնություններ ենք նախատեսել Հայաստանում նոր ստեղծվող տեխնոլոգիական ընկերությունների համար, որոնք մինչև 2023 թվականը ազատված են շահութահարկից և վճարում են ընդամենը 10 տոկոս եկամտային հարկ. որպես արդյունք՝ մեր երկրում ՏՏ ոլորտը վերջին 7 տարում աճել է շուրջ հինգ անգամ և ամեն տարի կայուն 20-25 տոկոսանոց աճ է գրանցում»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Իրականում այդպես էլ կա։ Բայց այն, ինչ ասում է վարչապետը ոլորտին տրված արտոնությունների մասով, դարձյալ նախկինների արածն է։

Դեռևս 2014թ. Հովիկ Աբրահամյանի կառավարության նախաձեռնությամբ ընդունվեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին օրենք, որը տնտեսության այս հատվածում գործունեություն իրականացնելու մտադրություն ունեցող նորաստեղծ ընկերությունների համար բավական լավ արտոնյալ հարկային պայմաններ առաջարկեց։ Դրանք ընդհանրապես ազատվեցին շահութահարկից։ Սահմանված չափանիշերին բավարարող նորաստեղծ ընկերությունները ստացան նաև եկամտային հարկի արտոնություն. սահմանվեց 10 տոկոս դրույքաչափ, ինչը գրեթե 1,5 անգամ ցածր էր գործողից։

Այս նախաձեռնության արդյունքներն աստիճանաբար սկսեցին զգացնել տալ։ Այն բանից հետո, երբ որոշվեց տարբեր գործիքների միջոցով պետական որոշակի աջակցություն տրամադրել տեղեկատվական տեխնոլոգիաների շուկա մուտք գործելու ցանկություն ունեցող նորաստեղծ ընկերություններին, դրանց թիվը կտրուկ ավելացավ։ Արտոնությունների կիրառումից հետո արդյունքները միանգամից երևացին։

Արդեն հաջորդ տարի Հայաստանում գրեթե հինգ անգամ ավելի շատ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններ բացվեցին, քան նախորդ տարում էր բացվել։ Այդ ընկերությունների ավելի քան 90 տոկոսն օգտվեց պետության տրամադրած հարկային արտոնյալ ռեժիմից։

Հետագայում վերանայվեց նաև արտոնությունների տրամադրման ժամկետի սահմանափակումը։ Ի սկզբանե այն նախատեսված էր մինչև 2020թ., վերանայումից հետո տեղափոխվեց 2023թ.։

Սրանք քայլեր են, որոնք իրականացվել են դեռևս 5 տարի առաջ` նախկին իշխանությունների կողմից։ Ու լավ կլիներ, որպեսզի նրանց արածները և աշխատանքի արդյունքները ներկայացնելուց առաջ կառավարությունը նաև ասեր, թե ինքն ի՞նչ է արել Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման համար։ Միայն հայտարարություններով անհնարին է երկիրը տեխնոլոգիական կենտրոն դարձնել։

«Հայաստանում տեղի ունեցող տնտեսական հեղափոխությունն իր հերթին՝ կհանգեցնի տեխնոլոգիական հեղափոխության, և հնարավոր կլինի Հայաստանը դարձնել տեխնոլոգիական նորարարական երկրներից մեկն աշխարհում»,- համաժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Թե որտե՞ղ է վարչապետը Հայաստանում տեսել տնտեսական հեղափոխություն, հայտնի չէ։ Բայց հուսանք, որ գոնե տեխնոլոգիական հեղափոխությունն այնպիսին չի լինի, ինչպիսին տնտեսական հեղափոխությունն է։ Տնտեսության այն տպավորիչ աճերը, որոնց մասին Նիկոլ Փաշինյանը խոսում է տարվա առաջին կեսի արդյունքներով, հազիվ թե նույնքան տպավորիչ լինեն տարեվերջին։

Ինչ վերաբերում է նրան, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը տարեկան 20-25 տոկոս աճ է արձանագրում, իսկ այս տարվա առաջին 7 ամսվա կտրվածքով «միջին տեխնոլոգիական ապրանքների արտահանումը մեր երկրից աճել է 40,9 տոկոսով, բարձր տեխնոլոգիական ապրանքներինը՝ 34,4 տոկոսով», ապա դա դեռ այս կառավարության շնորհքը չէ։ Այդ աճի հիմքերը դրվել են նախկինում և այսօր էլ շարունակում են արդյունք տալ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ