10  09  2019

Թնջուկների կու­տա­կումն ու իշ­խա­նու­թյուն­նե­րի կորս­ված ժա­մա­նա­կը․ «Փաստ»

Թնջուկների կու­տա­կումն ու իշ­խա­նու­թյուն­նե­րի կորս­ված ժա­մա­նա­կը․ «Փաստ»

«Փաստ»-ը գրում է․  «Ներքաղաքական զարգացումներն ակտիվ փուլ են թևակոխում: Անցած տարիներին նույնպես շատ է խոսվել աշնանը սպասվող ակտիվ իրադարձությունների կամ, այսպես ասած, «թեժ աշնան» մասին, սակայն ուշագրավ է, որ այս աշնան նորամուտին արդեն նկատվում են իրադարձությունների գլխապտույտ զարգացումներ:

Կարծես թե ամեն օր նոր պրոցեսներ են տեղի ունենում՝ կապված քաղաքական ուժերի վերադասավորումների, իրավական համակարգում տեղի ունեցող գործընթացների, տնտեսության մեջ նկատվող միտումների և արտաքին գործընկերների հետ հարաբերություններում նկատվող դրսևորումների հետ:Հարց է առաջանում, թե ի՞նչով են պայմանավորված այս ակտիվ պրոցեսները և ինչո՞ւ են ներքաղաքական օրակարգում մեծաթիվ հարցեր կուտակվել: Այս հարցին պատասխանելու համար պետք է դիտարկել իրադարձությունների զարգացման տրամաբանությունը:

Անցած տարվա գարնանը սկսվեց Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժումը, որն էլ մայիսին իշխանության բերեց Փաշինյանին:

Իշխանության գալուց հետո վերջինս ֆանտաստիկ զարգացում էր խոստանում մեր երկրի համար, սակայն պարզվեց, որ այդ փոփոխություններն իրականացնելու համար Փաշինյանին խանգարում է այն ժամանակվա խորհրդարանական մեծամասնությունը: 

Ուստի Փաշինյանը լծվեց շուտափույթ արտահերթ ընտրություններ կազմակերպելու գործին, որն էլ տեղի ունեցավ դեկտեմբերին, իսկ Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժը կարողացավ խորհրդարանում բացարձակ մեծամասնություն հավաքել:

Այլևս նախկին իշխանության ներկայացուցիչները չկային խորհրդարանում, որ սաբոտաժ անեին, և 2019 թվականին Փաշինյանն արդեն կարող էր հանգիստ անցում կատարել Հայաստանի «կտրուկ զարգացման» գործին, սակայն կառավարության ներկայացրած ծրագրից պարզ դարձավ, որ խոստացված բարեփոխումներն այն չեն, ինչ ակնկալում է ժողովուրդը: 

Եվ որպեսզի այդ պայմաններում հնարավոր լինի պահպանել հասարակական տրամադրություններում առկա էյֆորիան, իշխանությունները գարնանն ամբողջ ուժով ձեռնամուխ եղան քաղաքացիներին տեսարաններով կերակրելու գործին, որն իրականացվեց աղմկահարույց ձերբակալությունների շարքի և պետական բյուջեն միֆական գումարներով համալրելու մասին տեղեկությունների տարածման տեսքով, ինչպես նաև նախկին իշխանության ներկայացուցիչների հասցեին ատելության տարածման միջոցով:

Գարնան ակտիվ իրադարձություններին փոխարինելու եկավ քաղաքական առումով պասիվ ամառը, որից հետո տարուց ավելի քողարկված խնդիրները, կարծես թե, գլուխ են բարձրացրել, քանի որ ժամանակի ընթացքում եղած խնդիրները լուծելու փոխարեն իշխանություններին հաջողվել է միայն ժամանակ առ ժամանակ շեղել հասարակության ուշադրությունը:

Եվ պատահական չէ, որ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման և Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցերը այդպիսի բուռն արձագանք գտան, և իշխանությունները ստիպված եղան ժամանակավորապես նահանջել, ավելի ստույգ՝ առկախել հարցերը:

Վերոնշյալները, սակայն, առկա խնդիրների միայն չնչին մասն են: Իշխանությունները դեռևս պետք է առերեսվեն այնպիսի լուրջ թնջուկների, ինչպիսիք են գազի գնի, խոշոր ներդրումներ ներգրավելու, աշխատատեղերի զանգվածային կրճատման, սոցիալական խնդիրների օրավուր ծանրացման, խոստացված միլիարդների վերադարձի և բազմաթիվ այլ հարցեր»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ