10  09  2019

Փաշինյանի փաստարկները՝ պատմության մտածվա՞ծ խեղաթյուրում․ 168.am

Փաշինյանի փաստարկները՝ պատմության մտածվա՞ծ խեղաթյուրում․ 168.am

168.am-ը գրում է․ «2019թ․օգոստոսի 31-ին հայկական մամուլում տպագրվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Nouvelle d’Arménie ամսագրին տված հարցազրույցը։ Բաց թողնելով աշխարհաքաղաքական, քաղաքական, գաղափարական, արժեհամակարգային առումով աչքի չընկնող հարցազրույցի մեծ մասը, առանձին անդրադառնանք որոշ շեշտադրումների։

Փաշինյանը հարցադրում է կատարում, թե արդյո՞ք այսօրվա Ռուսաստանը Պետրոս Մեծի Ռուսաստանն է և նրա արժեքների կրողը:

Պետրոս Մեծը դա Ռուսաստանի անցյալն է, և Ռուսաստանի վրա թողած իր ազդեցության գնահատականը մեր խնդիրը չէ։ Այն անցյալ է, քանի որ ներկա աշխարհակարգը կառուցված է ոչ թե Պետրոս Մեծի ձեռքբերումների կամ բացթողումների, այլ Երկրորդ համաշխարհային պատերազմի և 1945 թվականի Պոտսդամի ու Յալթայի կոնֆերանսների արդյունքում ձևավորված պետությունների սահմանների և խաղի կանոնների հիման վրա, որոնք ընդունվեցին համաշխարհային գերտերությունների կողմից և որոնք պաշտպանված են միջազգային իրավունքի ուժով։

Այդ խաղի կանոնների համար աշխարհը վճարեց մոտ 80 միլիոն մարդկային կյանքերով, իսկ ԽՍՀՄ-ը՝ մոտ 30 միլիոն։ Ամեն տարի, մայիսի 9-ին Մոսկվայում նշվում է ոչ թե Պետրոս Մեծի ժամանակաշրջանի հաղթանակները, այլ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի օրը։

Այսօր չեն դադարում փորձերը՝ վերանայել Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքները, կեղծել պատմությունը և ԽՍՀՄ-ից խլել Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի առյուծի բաժինն ունենալու դափնին։

Փաշինյանը նշում է, որ մենք հրավիրել ենք Ռուսաստանին, որովհետև այն եղել է եվրոպական ամենից զարգացած երկրներից մեկը։

Սա իրականությանը չհամապատասխանող պնդում է, և ընտրության պատճառները շատ ավելի խորքային բնույթ են կրել։ Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններ ձևավորելու մեր ընտրությունը նախևառաջ կապված էր մեզ ցեղասպանության ենթարկած և հայրենազրկած հարևան Թուրքիայի գոյության փաստով, ինչպես նաև քաղաքակրթական, հոգևոր-արժեհամակարգային, կրոնական, մշակութային և պատմական ընդհանրություններով:

Փաշինյանը հարցազրույցում նշում է, որ եվրոպական արժեքները նաև մերն են, և մենք բաժին ենք ունեցել այդ արժեքների կազմավորման գործում։

Ո՞ւր են Փաշինյանի կողմից նշված մեր բաժին եվրոպական արժեքները հենց նույն Եվրոպայում։ 301 թվականին քրիստոնությունը որպես պետական կրոն ընդունած Հայաստանի և հայ ժողովրդի այդ ո՞ր արժեքներն են պահպանում այսօր եվրոպացիները: Միասեռականության օրինականացում, անձի կողմից սեփական սեռն ընտրելու իրավունք, մանկապղծության և արյունապղծության օրինականացման գործընթաց, միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտումով՝ այլ երկրների ինքնիշխանության դեմ ոտնձգություն և բազում այլ օրինակներ։ Նշվածներից որո՞նք է Եվրոպան որդեգրել մեզանից՝ հայերիցս։

Եվ վերջինը։ Փաշինյանն ասում է, որ ժողովրդավարությունը մեր գենետիկ արժեքն է։

Աշխարհում կա գործնական (կիրառվող) ժողովրդավարության մեկ մոդել։ Դա ժողովրդավարության արևմտյան մոդելն է, որտեղ կան տարբեր խաղի կանոններ «ընտրյալների» և ուրիշների, կամ այլ տերմինաբությամբ՝ զարգացած և զարգացող պետությունների համար։ Ա՞յս սկզբունքն է դրված մեր գենետիկայում:

Վահե Հայկունի

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ