13  08  2019

Պաշտոնից զրկվելու խոսակցությունն ավարտվել է սրտի տագնապով. «Հրապարակ»

Պաշտոնից զրկվելու խոսակցությունն ավարտվել է սրտի տագնապով. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած արձակուրդային սեզոնին, Ազգային ժողովում աժիոտաժ է։ Հուլիսի 13-ին ԱԺ խորհրդի նիստում ընդունված կառուցվածքային փոփոխությունների մասին որոշման հիման վրա փոփոխություններն են մեկնարկել։ Միավորվում են բաժիններ, նոր հաստիքացուցակ է կազմվում, որի քողարկված նպատակն անցանկալի կադրերից ազատվելն է։ Երեկ այս հողի վրա արտակարգ միջադեպ է գրանցվել․ ԱԺ աշխատակազմի ղեկավարության և հեռահաղորդակցության համակարգերի սպասարկման բաժնի ղեկավար Սասուն Պետրոսյանի զրույցն ավարտվել է վերջինիս ինքնազգացողության վատացմամբ՝ սրտի տագնապով։

Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ստենտավորել են։ Բանն այն է, որ նշված բաժինը միավորվել է հասարակայնության հետ կապերի վարչության հետ՝ դարձել հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչություն, արդյունքում Պետրոսյանը կորցնում է բաժնի ղեկավարի պաշտոնը։ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը մեր զրույցում հերքեց, թե Պետրոսյանի ինքնազգացողությունը վատացել է վիճաբանության արդյունքում, ասաց, որ կոնկրետ հեռահաղորդակցության ոլորտի աշխատակիցներին չեն պատրաստվում կրճատել. «Նրանց ասել ենք՝ մնացեք ձեր տեղում, առաջարկել ենք, որ նոր ձևավորված ստորաբաժանումում համալրեն նախկին տեղին համարժեք տեղը»։

Մեր տեղեկություններով, հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակիցների գերակշիռ մասին արդեն կադրերի ռեզերվ են ուղարկել, ԱԺ-ում չգիտեն՝ ինչ սկզբունքով և ովքեր են աշխատելու։ Ավելի վաղ գրել էինք, որ այս փոփոխությունների արդյունքում ԱԺ-ն պետական ծառայողի դասի աշխատակազմ այլևս չի ունենա, ներկայիս 230 հաստիքն առնվազն 50 տոկոսով կկրճատվի, իսկ մյուս աշխատողների հետ քաղաքացիաիրավական պայմանագրեր կկնքվեն»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ