25  07  2019

Հասարակությանը երկրորդական խնդիրներով շեղելու «արվեստը». «Փաստ»

Հասարակությանը երկրորդական խնդիրներով շեղելու «արվեստը». «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է.

Հետևելով հայաստանյան տեղեկատվա­կան հոսքերին՝ դժվար չէ նկատել, որ սկսել են գերակայել երկրորդական նշանակության հարցեր, որոնց տրվում է մեծ կարևորու­թյուն։ Երբ շարունակում են անլուծելի մնալ կենսական նշանակության հարցեր, հանրու­թյան ուշադրությունը կարծես հատուկ սևե­ռում են այլ խնդիրների վրա։ Քանի շաբաթ է՝ մամուլի թոփ թեմա է Սահմանադրական դա­տարանի շուրջ ստեղծված իրավիճակը, կարծես որևէ այլ կարևոր հարց երկրում չկա, ընդ որում՝ խնդիրը ոչ այնքան հենց Սահմա­նադրական դատարանն է, որքան նրա գոր­ծող նախագահը՝ Հրայր Թովմասյանը ու նրա նկատմամբ Փաշինյանի հայտարարած պա­տերազմը։
Այնքան է ուռճացվել թեման, որ տպավորություն է՝ եթե վերջինիս հեռացնեն, ապա Հայաստանի բոլոր խնդիրները կլուծ­վեն, որ նա միայնակ կասեցրել է հեղափո­խության հաղթական ընթացքը։ Հասարակ քաղաքացիների շրջանում էլ ձևավորում են կեղծ ընկալում, որ «հեսա դատավորների հարցը լուծեն, ամեն ինչ իր տեղը կընկնի»։ Ճիշտ ինչպես նախընտրական շրջանում, երբ շրջանառվում էր «մինչև արտահերթ ընտրություններ չլինեն» թեզը...Ինչևէ, վեթինգի «գործը» ձգձգվեց, քանի որ Վենետիկի հանձնաժողովը բառացիորեն հասկացրեց Հայաստանի իշխանությանը, որ իրավական ճանապարհով չեն գնում, սխալ ուղի են ընտրել, ուրիշ բան թող մտածեն, որը չի հակասի օրենքներին ու Սահմանադրու­թյանը։
Եվ մամուլում արդեն տարածվում են տեղեկություններ, ըստ որոնց՝ իշխանությու­նը պատրաստվում է նոր սահմանադրական հանրաքվե անցկացնել։
Գործող իշխանու­թյան համար վիճահարույցը Սահմանադրու­թյան 213-րդ հոդվածն է, որը թույլ է տալիս նախորդ իշխանությունների օրոք ընտրված դատավորներին պաշտոնավարել մինչև նախկինում սահմանված լիազորությունների ավարտը։ Վարչապետ Փաշինյանին այդ հոդվածը ընդհանրապես դուր չի գալիս, քա­նի որ նա չի ուզում աշխատել նախկին կադ­րերի հետ, նրան հաճելի է ՍԴ-ում ունենալ սեփական, հնազանդ կադրեր։ Նա դա կո­չում է «անկախ դատարան», բայց անկախ՝ նախկին իշխանություններից, ոչ թե իրենից։ Հիմա իշխանության կենտրոնացման այդ անհագ ցանկությունն ու պայքարը հանրու­թյանը ներկայացվում է՝ որպես «դատական բարեփոխումներ», «անկախ դատարաննե­րի ստեղծում», հանուն որի, եթե կարիք լինի, նոր հանրաքվե կանցկացնեն։
Այսինքն՝ երկրի առջև ծառացած լուրջ տնտեսական հար­ցերը թողած՝ պետական բյուջեից միջոցներ, հանրային մեծ ռեսուրս պետք է վատնեն Սահմանադրության ինչ-որ հոդված փոխելու համար։ Եվ այս իրավիճակում բոլորովին չի հետաքրքրում՝ արտագաղթը նոր թափ է հավա­քում, թե՞ ոչ, հասարակության շրջանում խո­րանո՞ւմ են անվստահությունը և դժգոհությունները, թե ոչ, Սևանը ինքնամաքրվե՞ց, թե ոչ, Ադրբեջանի կողմից ավելի հաճախակիանո՞ւմ են սահմանին սադրանքները, թե ոչ, ի վերջո «տնտեսական հեղափոխություն» եղա՞վ, թե ոչ, և այլն, և այլն։ Մի խոսքով՝ ան­ձերի շուրջ և անձնական հավակնություննե­րի շուրջ պայքարը մատուցվում է՝ որպես ազգային նշանակության խնդիր, որին զու­գահեռ իսկապես կենսական նշանակության հարցերը մնում են անտեսված ու չքննարկ­վող։ Ձևավորվում են կեղծ օրակարգեր, արհեստականորեն ուռճացվում, որպեսզի խու­սափեն իրենց անմիջական պարտականու­թյունների մասին հաշվետու լինելուց։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ» թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ