25  03  2020

Հանրաքվեի գումարներով կարելի էր գնել կորոնավիրուսի 230 հազար թեստ

Հանրաքվեի գումարներով կարելի էր գնել կորոնավիրուսի 230 հազար թեստ

Ֆինանսների նախարարության համաձայն, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման համար հիմնադրամին ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից, մարտի 24-ի դրությամբ մուտք է եղել 499.834.192.9 դրամ, մուտքերի ընդհանուր քանակը հասել է 2407-ի: Ավելի քան 2400 հայրենակիցներ շուրջ 1 միլիոն դոլար են նվիրաբերել․ սա, իհարկե, խոսուն իրողություն է:

Հայտնի է, որ մեծահարուստ հայրենակիցներից Սամվել Կարապետյանը «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցով 100 մլն դրամ է նվիրաբերել, որից՝ 50 միլիոնը վերը նշված հաշվեհամարին է փոխանցվել, ևս 50 միլիոն դրամը՝ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցին: ԲՀԿ ղեկավար և խոշոր սեփականատեր Գագիկ Ծառուկյանն էլ ընդհանուր առմամբ, մոտ 60 միլիոն դրամ է հատկացրել երկու հիվանդանոցների և բուժաշխատողների։ Այդ փոխանցում կատարած անձանց մի մասը հանրությանը հայտնի դեմքեր են, մյուսները՝ տարբեր հիմնարկներ, սովորական քաղաքացիներ։ Մարդիկ կան իրենց 250 հազար դրամ աշխատավարձից են 50 հազարը փոխանցել, մարդիկ կան, օրինակ՝ ԱԺ-ն, փոխանցել է մեկ ամսվա՝ ոչնչով չարդարացած մեծ պարգևավճարները, ՍԴ նախագահը փոխանցել է մարտ ամսվա աշխատավարձը և այլն։

Ի դեպ, Սահմանադրական դատարանի և գումարների մասին․

Կորոնավիրուսի վարակի տարածման վտանգը ստիպեց առժամանակ հետաձգել ամեն գնով հակասահմանադրական հանրաքվե անցկացնելու իշխանության, առավելապես՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցանկության իրականացումը: Արտակարգ դրությունից հետո, չի բացառվում, որ իշխանությունը վերադառնա այդ մտասևեռմանը:
Ըստ էության, ամբողջ այդ հանրաքվեային հարայ-հրոցը նպատակաուղղված էր և, եթե թարմացվի, էլի նպատակաուղղված է ՍԴ գործող կազմի 7 դատավորների «գործից ազատելուն»: Այդ նպատակով հանրաքվեի անցկացնելու համար Նիկոլ Փաշինյանի կառավարությունը գրեթե 7 մլն դոլարին մոտ գումար էր հատկացրել: Ստացվում է, որ կառավարությունը պատրաստ է 7 միլիոն ծախսել՝ ՍԴ 7 դատավորի հեռացնելու համար:

Հիմա ո՞րն է մեզ համար առաջնահերթություն․ ՍԴ անդամների դեմ պայքարում ենք պետբյուջեի գումարներից, կորոնավիրուսի դեմ պայքարի համար դիմում ենք հանրությանը: Նման իրավիճակում, երևի շատ ավելի տեղին կլիներ, որ կառավարությունը նշված հանրաքվեի համար նախատեսված ու դեռ չծախսված խոշոր միջոցները վերաուղղեր վարակի դեմ պայքարին: Դա հաստատ ավելի կարևոր է: Մենք չունենք բավարար միջոցներ, որ ամեն մի հազացողի ու ջերմություն ունեցողի թեստ անենք՝ վարակի դեմ ավելի արդյունավետ պայքարելու համար։ Թեստի 1 հատն արժե 30 դոլար, 50 հատանոց տուփը՝ 1500 դոլար։ Հանրաքվեի համար պետբյուջեից հատկացվել է 7 մլն դոլար։ Դրանով հնարավոր էր գնել ավելի քան 230 հազար թեստ։

Հայաստանն այս պահին ստացել է ընդամենը 2 հազար թեստ։

Միայն 1 օրում «այո»-ի քարոզարշավի համար ՔՊ կուսակցությանը 205 միլիոն դրամ հանգանակվեց։ Կարող էր այդ հանգանակությունը ևս փոխանցել կորոնավիրուսի դեմ պայքարին, մասնավորապես՝ թեստեր գնելուն։ Գումար շռայլողները, կարծում  ենք, չեն նեղվի, հակառակը՝ գոնե որևէ օգուտ տվող գործին հանգանակած կլինեն, այլ ոչ՝ մեկ հոգու կապրիզի համար։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ