25  03  2020

Ուժեղ ղեկավարի բացակայությունը

Ուժեղ ղեկավարի բացակայությունը

Հենց այս և անշուշտ`դեռ սպասվող ծանր օրերին ամենաշատը մենք զգում ենք ուժեղ ձեռքի, պետության հզոր լիդերի բացակայությունը։ Նրա բացակայությունը մեր պետության վրա շատ վատ է անդրադառնում՝ տնտեսության վրա, հանրության վրա, անվտանգության վրա։ Կարելի է նայել ու հիանալ, թե ինչպես են իրենց դրսևորում այս վիճակում որոշ երկրների ղեկավարներ, բայց լայվ է մտնում նաև մեր երկրի ղեկավարը, ու տեսնում ենք, թե որքան անպաշտպան ու անհույս ենք մենք։

Ի՞նչը նկատի ունենք։ Չնայած վստահ եմ շատերը հասկացել են, բայց բացատրեմ։

Հայաստանում արդեն 10 օր է, ինչ գործում է արտակարգ դրության ռեժիմը ու արդեն հասկանալի է, որ այն ապահովող իշխանությունը կոմպետենտ չէ։

Որ իշխանություններն ադեկվատ չեն իրողություններին, շատերին դա հասկանալի էր դեռ այն ժամանակ, երբ աշխարհում վիրուսից վախեցած՝ արտակարգ ռեժիմ ու պարետային ժամ էին մտցնում, մեզ մոտ հանրահավաքներ էին անում, անգամ երբ արդեն կար հաստատված դեպք։

Բնական է, որ երբ վարչապետն ինքը լուրջ չի ընդունում ու հայտարարում է այդ մասին, լուրջ չի ընդունելու քաղաքացին։ Բնական է, որ երբ առողջապահության նախարարն ասում է, թե վտանգավոր չէ, ուրեմն քաղաքացին լուրջ չի ընդունելու վիրուսը։ Ու երբ վարչապետն ու նախարարը սկսեն լուրջ ընդունել, էլի քաղաքացին լուրջ չի ընդունելու, որովհետև հենց սկզբից նրան դրդել են անլրջության ու հումորի։

Բայց պարզվում է, որ մեր երկրի ղեկավարը ոչ միայն վիրուսը լուրջ չի ընդունում, արտակարգ դրությունն էլ հետը, այլ նաև իրենց սահմանած՝ տեղաշարժի սահմանափակումը։ Հայտարարվեց, որ ՀՀ ամբողջ տարածքում մեկ շաբաթով՝ 2020 թվականի մարտի 24-ին՝ ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23։59-ը, սահմանափակվելու է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը։ Վարչապետը հայտարարում է, որ պետք է տանից դուրս գալ միմիայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, իսկ հաջորդ մտքում կոչ է անում այս մեկ շաբաթը տրամադրել վազելուն, հեծանիվ քշելուն։ Արդեն անլուրջ է։

Պարետն իր տեղաշարժման թերթիկը նկարում գցում է ֆեյսբուք, բայց մենք տեսնում ենք, որ նա որևէ մեկին չի կարող դա ցույց տալ, որովհետև սահմանել են կարգ, բայց չկա ոստիկանություն, որ այդ կարգը հսկի։ Մենք տեսանյութ ենք հրապարակում, թե ինչպես Երևանի Հալաբյան, Կիևյան, Բաղրամյան, Մաշտոցի, Ամիրյան փողոցներում բացարձակ հսկում չի իրականացվում, փոխոստիկանապետ Մհրյանը պատասխանում է, որ ուրեմն մենք անցել ենք այն ժամանակ, երբ ոստիկանները փողոցի այլ հատվածում էին հսկում։ Սա անլուրջ է։

Մարդկանց ասում եք՝ տանից դուրս մի եկեք, բայց խորհրդարանում 130 հոգով նստում են նիստերի դահլիճում, մի քանիսը՝ դիմակներով, մի քանիսը՝ ձեռնոցներով, մնացածը առանց պատշաճ պաշտպանվելու։ ԱԺ-ում 500-ից ավելի աշխատող կա․ այդ բոլորը աշխատանքից հետո շփվում են հարազատների ու այլ մարդկանց հետ ևս։ Ջերմությունը չափելով ներս թողնելը բավարար չէ, որովհետև նույն վարչապետի ասածից գիտենք, որ կարող է կորոնավիրուսով վարակվածը չունենա ջերմություն, չհազա, կամ ընդամենը՝ հազա, ու, թարսի պես, տաքությունը չափելու ժամանակ հազը չբռնի։

Մարդիկ լուրջ չեն ընդունում, որովհետև հենց արտակարգ դրություն հայտարարողները լուրջ չեն, չգիտեն՝ ինչ անել, որ գոնե մի փոքր դեմքերը փրկեն։

Հաճախ է հարց առաջանում՝ ինչպե՞ս կվարվեր Նիկոլ Փաշինյանը, եթե ղեկավարեր Հայաստանը երկրաշարժի ժամանակ, արցախյան պատերազմի ժամանակ, հոկտեմբերի 27-ի ժամանակ, մարտի 1-ի ժամանակ, ապրիլյան պատերազմի ժամանակ։ Ի՞նչ կլիներ Հայաստանի վիճակը։

Վարչապետն ու պարետը մեղավոր չեն, որ չունեն ճգնաժամային կառավարման փորձ և ունակություն։ Բայց նաև չեն ուզում սովորել, ընդունել խորհուրդներ։ Իրանում, ԱՄՆ-ում և այլ երկրներում, օրինակ, առանձնապես ոչ վտանգավոր բանտարկյալներին բաց են թողել, քանի որ գիտեն՝ հանկարծ վիրուսը մտավ կալանավայր, այն դարձնելու է գերեզմանոց։ Մեզ մոտ անգամ կալանքներն են երկարաձգում։

Կամ ԱՄՆ ղեկավարը հայտարարել է այն օգնության մասին, որ կտրամադրի բիզնեսին, բնակիչներին, մի շարք այլ երկրների ղեկավարներ՝ ևս։ Բայց Հայաստանում 10 օր է անցել արտակարգ ռեժիմից, քաղաքացուն չի բացատրվել գլխի գալիքը։ Դրա համար էլ մարդիկ փոխարենը տանը մնալու կոչին ենթարկվելուն, փորձում են աշխատանք գտնել ու գնալ օրավարձով աշխատելու, որ հաց գնեն։

Մենք չենք ուզում խորանալ պատճառների մեջ, թե ինչու այսինչ երկրում, որ մեզանից շատ ու խիտ բնակչություն ունի, վարակվածության դեպքերն ավելի քիչ են, ուստի հայտարարում ենք, թե՝ մյուս երկրները հնարավոր է թվերը թաքցնում են։ Իսկ մենք ճի՞շտ թիվ եք հայտնում․ եթե այո, ապա ինչպե՞ս կորոնավիրուսով հիվանդը այստեղից հասավ Մոսկվա։

Կորոնավիրուսի տարածման համար ո՛չ վիրուսն է մեղավոր, ո՛չ էլ, առանձնապես, քաղաքացին, այլ՝ իշխանությունը։ Ո՞վ ասաց, թե Սինգապուրում ավելի պարկեշտ է քաղաքացին, քան Հայաստանում։ Ոչ։ Բայց Սինգապուրում կան նորմալ կառավարիչներ, որոնք դեմն առան, որովհետև գիտեն որը որից հետո է և ամենից կարևորը՝ ինչպես անեն։

Ֆրանսիայում, Մոլդովայում, այլ երկրներում արտակարգ դրություն են հաստատել, ու բանակը մտցրել են բնակավայրեր, որպեսզի պահպանի այն․ մեզ մոտ վախենում են, չեն բերում, չնայած որ սահմանադրությունը թույլ է տալիս։ Ինչո՞ւ չեն բերում։ Որովհետև մեկ անգամ արդեն սահմանադրությամբ թույլատրելի ձևով արտակարգ դրություն սահմանելուց հետո բանակի օգնությանը դիմած ղեկավարների վրա գործ են սարքել, ու վախ ունեն, որ չեն կարողանալու տարբերություն գտնել այս օրերի և մարտի մեկի բանակի ներգրավման օրենսդրական գործողությունների մեջ։

Հիմա բոլորը խառն են, բոլորն անհանգստանում են մարդկային կյանքերի համար։ Ու մենք նման խառը վիճակում ենք դեռևս մնալու, քանի որ ունենք երկրի վատ ղեկավար, չունենք սթափ և ուժեղ ձեռք, չունենք կշռադատող ղեկավար։ Պետք է մարդ, որը հստակ կունենա իր դիրքորոշումը, ոչ թե հիմա մի բան կասի, հաջորդ մտքում լրիվ հակասող բան ու կորոնավիրուսի դեմ կպայքարի դրա մասին բանաստեղծություն գրելով։

Բայց երբ այս վիճակն անցնի, սրան պետք է հաջորդի պատասխան տալու և հաջորդի պատասխանատվությունը վերցնելու փուլը։ Թե՛ վարչապետը, թե՛ փոխվարչապետ պարետը որ չէին ձգելու, գցելու էին ոտքներին, շատերիս պարզ էր։ Պարզ չէր միայն, թե որքան կկարողանան վերահսկել իրավիճակը․․․ Պարզվեց՝ շատ կարճ ու անիմաստ։

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ