25  03  2020

Ոլորտներ, որոնք հայտնվել են սննկացման շեմին

Ոլորտներ, որոնք հայտնվել են սննկացման շեմին

Երբ կորոնավիրուսային վարակն ու հատկապես՝ դրա վախը Հայոց լիս աշխարհը մտավ՝ հուշելով, որ մենք, այնուամենայնիվ նույն մոլորակի վրա ենք, ինչ մյուսները, իշխանության ամենավերին մասից հայտարարություններ լսվեցին տնտեսական նոր հնարավորությունների մասին:

Շատերն են լսել, իհարկե, վարչապետ Փաշինյանի այդ հայտարարություններն ու դատողությունները, մասնավորապես, որ «մենք պետք է այս իրավիճակի մեջ փնտրենք և գտնենք նոր հնարավորություններ, որոնք էականորեն կփոխեն Հայաստանի տնտեսական վիճակը և Հայաստանի տնտեսական տեղադիրքը աշխարհում»:

Տպավորիչ ու նույնիսկ լավատեսության տրամադրող է, իհարկե, որ երկարաժամկետ ծրագրերով, առհասարակ՝ հիմնավորված ծրագրերով առանձնապես աչքի չընկնող կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը խոսում է այս իրավիճակի մեջ նոր տնտեսական հնարավորություններ փնտրելու և գտնելու մասին: Խոսքերով այդ ամենը գեղեցիկ է հնչում:

Բայց ի՞նչ կլինի գործնականում: Ամենից կարևորը՝ ի՞նչ կլինի հետո: Կան, իհարկե, ինչ-ինչ դատողություններ ու պատկերացումներ, այդ թվում՝ օտար հեղինակների, որ մեզանում էլ են շրջանառվում, թե ինչպիսին է լինելու աշխարհը «կորոնավիրուսային համավարակից» հետո: Սակայն դրանք ընդամենը մտավարժանքներ են, որքան էլ համոզիչ կամ հակառակը՝ մակերեսային թվան: Մտավարժանքներ են, քանի դեռ այդ հետո-ի իրականությունը վրա չի հասել, իր կոնկրետ իրողություններով: Բայց աշխարհը թողնենք իր դարդուցավին, վերադառնանք մեր «յուղերին» որոնց մեջ դեռ տապակվելու ենք:

Տրամաբանական հարց է ծագում, թե ի՞նչ «նոր հնարավորությունների» մասին է խոսքը, երբ առանց չափազանցության՝ աշխարհը կորոնավիրուսային ահի դողէրոցքի մեջ է տակավին, երբ տնտեսական առումով գերհսկա տերություններն են ցնցումների մեջ կամ դրա շեմին: Շաղկապված երկրորդ հարցն է ծագում. այդ տնտեսական նոր հնարավորությունները ձևակերպելիս որքանո՞վ ենք իրական կանխատեսում համաշխարհային, տարածաշրջանային տնտեսական հնարավոր վայրիվերումներն ու հավանական «երկրաշարժերը»: Գուցե մենք ձևակերպում ենք մի «նոր հնարավորություն», որի պահանջարկը այդ հետկորոնավիրուսային աշխարհում չի լինելո՞ւ: Մի վիճակում, երբ իրադրությունը փոխվում է բավականին արագ ու կտրուկ, ի՞նչ ճշգրտությամբ է հնարավոր կանխատեսել, առավել ևս՝ հաշվարկել այս կամ այն «նոր հնարավորությունը», մանավանդ՝ տնտեսական:

Ստեղծված պայմաններում, թերևս շատ ավելի ընկալելի էր 25-ական միլիարդ դրամ բիզնեսին հրատապ և սոցիալական նպատակով, իսկ 80 միլիարդ էլ՝ տնտեսության հետճգնաժամային կարգաբերման համար առանձնացնելու մասին հայտարարությունը: Բայց նույնիսկ այդ դեպքում, բնականաբար, հարցեր են ծագում:

Ինչպիսի՞ն կլինի այդ հետճգնաժամային պատկերը, օրինակ մեր երկրի տնտեսության մեջ:

Մինչև այժմ, օրինակ, շատ մեծ շեշտ էր դրվում զբոսաշրջային ոլորտի վրա, անգամ մայրաքաղաքի գլխավոր տոնածառն էր դրա հետ փորձ արվում կապակցել: Մինչդեռ, ակնհայտ է, չէ՞, որ այս կորոնավիրուսային համաշխարհային տագնապից հետո զբոսաշրջության ընդհանուր պատկերը մի տևական ժամանակահատված չի լինելու այն, ինչ կար մինչև հիմա: Իսկ ի՞նչ է դա նշանակում:

Արդյոք դա նշանակո՞ւմ է՝ թերբեռնված հյուրանոցներ: Իմ պատկերացմամբ՝ այո: Բայց հարցը միայն հյուրանոցները չեն: Դա աշանակո՞ւմ է զբոսաշրջային տեղական ընկերությունների եկամուտների էական նվազում, իսկ որոշների նաև՝ սնանկացում: Ցավոք, դա բացառված չէ: Բայց բացի այդ, զբոսաշրջային հոսքերի նվազումը ու սմքումը նաև նշանակում է  սննդի և սպասարկման, մանավանդ՝ զվարճանքի ու ժամանցի ծառայություններ մատուցող ընկերությունների եկամուտների նվազում: Ես չեմ խոսում արդեն ուղևորափոխարդումներով զբաղվող անհատների (տաքսիներ) և ընկերությունների եկամուտների նվազման կամ վնասների մասին:

Իսկ չէ՞ որ դրանք վերացական ինչ-որ կազմակերպություններ չեն, այլ շատ կոնկրետ տնտեսավարողներ, պետական բյուջեի հարկատուներ, նաև՝ սպառողներ:

Ինչպիսի՞ն կլինեն զբոսաշրջության ոլորտի և այս ոլորտն սպասարկող, դրա հետ շաղկապված ընկերությունների կորուստները, դրանք ինչպե՞ս կազդեն աշխատաշուկայի, գործազրկության ցուցանիշի, բյուջեի մուտքերի, սոցիալական վիճակի ու լարվածության վրա:

Սա դեռ միայն մեկ ոլորտի ու դրա ճյուղավորման հետ կապված հարցերը:
Իսկ ի՞նչ կլինի, օրինակ հանքարդյունահանման ոլորտում: Կամ, օրինակ, ի՞նչ է կատարվելու ոչ միայն շինարարության, այլև անշարժ գույքի շուկայում:

Ընդհանուր տնտեսական ու սոցիալական վիճակի վրա ինչպե՞ս կանդրադառնան, օրինակ, Ռուսաստանի տնտեսական վայրիվերումները:

Կամ, ասենք, անցյալ տարի հեղեղի պես ավտոմեքենաները որ ներկրում էին, այդ թվում՝ վարկային միջոցներով, ի՞նչ է լինելու ոչ միայն նրանց հետ, այլև նրանց այդ ներկրման հետևանքով, եթե այդ ավտոները չիրացվեն ու այդ վարկառուներն էլ ի վիճակի չլինեն վերադարձնել բանկերից վերցրած պարտքերը:

Չխոսենք արդեն այն ընկերությունների մասին, որոնք արտակարգ դրության պայմաններում, ենթարկվելով ներկայացվող պահանջներին, դադարեցնում են աշխատանքը, մարդկանց ուղարկում են տները, բայց ամեն դեպքում, պետք է անեն պահպանման ծախսեր:

Ինչպե՞ս ու ե՞րբ են գործարկվելու վերն ակնարկված բիզնես և սոցիալական աջակցության փաթեթները, ի՞նչ սխեմայով կամ չափորոշիչներով: Եվ նույնիսկ եթե այդ հարցերը ինչ-ինչ պատասխաններ ստանան, միևնույն է, տնտեսական տագնապներն ու հեղհեղուկ կացությունը առնվազն մի որոշակի ժամանակ աշխարհում պահպանվելու են, եթե չխորանան:

Ապագայի ծրագրեր կազմելը, այսօր արդեն վաղը չէ մյուս օրվա մասին մտածելն, իհարկե, դրական երևույթներ են, եթե միայն մերկ պոպուլիզմի վրա չեն հենված, այլ հակառակը՝ կան կոնկրետ ու հիմք ունեցող խելամիտ մոտեցումներ, կան ռեալ հաշվարկներ: Հա, ու եթե ամենը ավազի վրա չես կառուցում կամ օդային դղյակներ չես նկարում կամ օրումեջ խոսում «տնտեսական հեղափոխություն» անելուց:

Արմեն Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ