20  01  2020

Իսկ ինչո՞ւ օրենք չընդունել, որ միայն մեկ հեռուստատեսություն, կայք ու թերթ պետք է մնան

Իսկ ինչո՞ւ օրենք չընդունել, որ միայն մեկ հեռուստատեսություն, կայք ու թերթ պետք է մնան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ «կոռուպցիոներների հեռուստաընկերությունների» թեմայով, ավելին է, քան պարզապես մտահոգիչը:

Կառավարության նիստում նրա անդրադարձի պատրվակը հեռուստագովազդի արդարացի կամ համաչափ բաշխմանն էր վերաբերվում: Թվում է, թե ի՞նչ խնդիր կա. եթե առկա մեխանիզմը չի գոհացնում կամ գնահատվում է մենաշնորհային, ապա կարելի է մասնագիտական քննարկման արդյունքում ձևավորել կարգավորման այլ մեխանիզմներ: Բայց Նիկոլ Փաշինյանի խոսքի հիմնական սլաքն այդ նեղ-մասնագիտական հարցից շեղվում է:

Նրա գնահատմամբ, Հայաստանում կան կոռուպցիոներների հեռուստաընկերություններ, առնվազն երկու հեռուստաընկերություն: Ավելին, պարզվում է, կառավարության ու ժողովրդի դեմ լրատվական պատերազմ է տարվում:

Սա, ըստ էության, քննադատության անընկալունակության, ցանկացած քննադատական դիտարկում որպես թշնամանք և պատերազմ ընկալելու խոստովանություն է Նիկոլ Փաշինյանի կողմից:

Իբր դա քիչ էր, պակասն էլ ԱԺ լսումների ընթացքում լրացվեց, որի ժամանակ իշխանության ներկայացուցիչները կամ բացահայտ կողմնակիցները, անթաքույց խոսեցին հեռուստաեթերի բովանդակային վերահսկողության մասին: Այսինքն, գործող «թավշյա», ժողովրդավարական դրոշներով իշխանության եկած շրջանակները չեն էլ թաքցնում կամ քողարկում լրատվական դաշտը բացարձակ վերահսկողության կամ ենթակայության տակ դնելու իրենց ցանկությունն ու ծրագրերը:

Այլապես, ի՞նչ ասել է «բովանդակային վերահսկողություն», եթե գործող ու ամենևին էլ ոչ նոր օրենքներով հստակ կարգավորված է պետական գաղտնիք պարունակող, ազգային կամ կրոնական թշնամանք, անհանդուրժողականություն հրահրող, բռնության կոչեր ու սպառնալիքներ պարունակող լրատվաբովանդակության տարածման ու հեռարձակման անթույլատրելիությունը:

Թե ինչո՞ւ էլ իրենց չարչարում են: Ինչո՞ւ միանգամից օրենք չընդունել, որ Հայաստանում հեռարձակվելու իրավունք ունեն միմիայն Հ1-ը, ԱՄՆ ֆինանսավորած «Ազատությունը», իսկ միակ թերթն էլ պետք է լինի «Հայկական ժամանակը»: Լիբերալ հովերով շորորող նեոբոլշևիկները, փաստորեն, շատ ավելի ագրեսիվ ու անհանդուրժողական են տրամադրված այլակարծության, խոսքի ու մամուլի ազատության դեմ, քան նոմինալ որևէ բռնապետ: Ասենք, սա նորություն չէ: Առնվազն հայաստանյան նեոբոլշևիկների դեպքում:

Վերադառնանք Նիկոլ Փաշինյանի՝ կոռուպցիոն հեռուստաընկերությունների մասին հայտարարությանը: Սա շատ վատ ու նաև երկրի վարկանիշին հարվածող հայտարարություն է: Նախ, եթե որևէ մեկը կոռուպցիոներ է, ապա դա ո՞վ է որոշում վարչապե՞տը, թե՞ համապատասխան հոդվածով հարուցված քրեական գործով ավարտված դատաքննությամբ՝ դատարանը՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Երկրորդ, այսօր, օրինակ ինչ-որ երկու հեռուստաընկերության դիրքորոշումը տեսեք-տեսեք՝ Նիկոլ Փաշինյանի սրտով չէ, պիտակեց կոռուպցիոներ բառով, ու ենթադրենք, փակեցին այդ հեռուստաընկերությունները, կամ զոռով դարձան իշխանության գովերգիչ: Վաղը մեկ էլ տեսար, մեկ այլ լրատվամիջոցի որևէ հրապարակում թավշապետի սրտով չեղավ, կարող է պարզվել՝ դա էլ հակահեղափոխականի կամ, ի՞նչ իմանաս, թե է՛լ ինչ մեղք ու արատ ունեցողի է պատկանում: Մյուս օրը՝ մեկ այլ պիտակ:

Իսկ գուցե բոլոր հեռուստաընկերությունները ամեն օր, օրը 4 անգամ մեկ րոպեով էկրաններին զետեղեն Նիկոլ Փաշինյանի դիմանկարն ու համապատասխան ե՞րգ հնչեցնեն, ասենք՝ չկա քեզի նման, դուն իս աննմա՞ն...

Ինչ վերաբերում է կառավարության դեմ «լրատվական պատերազմին», ապա սա ավելի շուտ հոգեբանական պահ է: Նիկոլ Փաշինյանն ինքը, տարիներ, եթե ոչ՝ տասնամյակներ շարունակ հենց այդ մոտեցմամբ է գործել լրատվական դաշտում՝ պատերազմի: Ու, նաև այդ «պատերազմական» գործողությունների հետևանքով, հայտնվել է երկրի կառավարման գլխավոր աթոռին: Դրա համար էլ ինքն ամենքից շատ է վախենում ազատ խոսքից ու խոսքի ազատությունից: Եվ ամեն մի քննադատական ակնարկի ետևում դավադրություն ու պատերազմ է տեսնում: Այդ վախերից են ինչ-որ տեղ սկիզբ առնում նաև ֆեյքային «գումարտակները», որոնց միջոցով Փաշինյանն իսկապես էլ պատերազմ է վարում ինքնուրույն մտածող քաղաքացիների ու հասարակության մի զգալի մասի դեմ, տարածելով ատելություն, թշնամանք ու հայհոյախոսություն:

Հետաքրքիր է, թե ե՞րբ է կառավարության նիստում քննարկվելու երկրում համակենտրոնացման ճամբարներ ձևավորելու նախագիծը:

Արմեն Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ