13  01  2020

Ներդրումները Հայաստանում նվազել են անգամ 2018․-ի համեմատ. թվեր

Ներդրումները Հայաստանում նվազել են անգամ 2018․-ի համեմատ. թվեր

Ներդրումները Հայաստանում նվազել են անգամ 2018-ի համեմատ։

Ինչո՞ւ ենք նշում «անգամ 2018 թ․ի համեմատ», որովհետև այսպես կոչված հեղափոխական տարում ներդրումներն արդեն իսկ կտրուկ նվազել էին։ Հատկապես 2018 թ․ի ապրիլ-հունիսին օտարերկրյա ներդրումները տարվա առաջին եռամսյակի՝ հունվար-մարտի համեմատ նվազեցին մոտ 10 անգամ։ Երբ նույն տարվա հուլիս-սեպտեմբերին ներդրումների ծավալը փոքր-ինչ վերակագնվեց, Նիկոլ Փաշինյանը շտապեց իր ֆեյսբուքյան գրառմամբ «դուխով» հայտարարել այդ մասին։ Այդ գրառումից անցել են ամիսներ։ Հրապարակվել են 2018-ի չորրորդ, 2019 թ․-ի առաջին, երկրորդ և օրերս նաև երրորդ եռամսյակներում Հայաստանում օտարերկրյա ներդրումների ցուցանիշները, բայց Նիկոլ Փաշինյանը կարծես դրանք չի տեսնում և գրառումների փոխարեն ինչ-որ ֆանտաստիկայի ժանրի հայտարարություններ է անում։

Մասնավորապես, դեկտեմբերի 6-ին ԱԺ-ում ունեցած ելույթում հետևյալն է ասել օտարերկրյա ներդրումների մասին․ «Իրականում, օտարերկրյա ներդրումներն ընդամենը կազմել են 2,2 մլրդ դոլար, աճը նախորդ շրջանի համեմատ 27 տոկոս, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են 456 մլն դոլար, աճը՝ 18 տոկոս»: Ինչպես տեսնում ենք, նախ չի ասվում, թե այդ ո՞ր շրջանի համեմատ ո՞ր շրջանում են ներդրումները կատարվել, երկրորդ անհասկանալի է, թե ի՞նչ է նկատի ունեցել ներդրումներ ասելով՝ նաև պետության կողմից վարկ վերցնելն ու եվրոբոնդերի թողարկո՞ւմը։ Սակայն այս ցուցանիշները արտաքին պարտքի մեջ են ընդգրկվում, ոչ թե օտարեկրյա ներդրումների։ Մի խոսքով, միլիարդների մասին ներդրումները Նիկոլ Փաշինյանի հերթական և ոչ աննախադեպ սուտն են։ Դրանում համոզվելու համար ծանոթանանք Կենտրոնական բանկի կողմից հրապարակված օտարերկրյա ներդրումների մասին ցուցանիշներին։

Համաձայն ԿԲ հրապարաված ՀՀ վճարային հաշվեկշռի, 2019 թ․-ի երրորդ եռամսյակում օտարերկրյա ներդրումները Հայաստանում կազմել են 91 մլն դոլար։ Թեև այս ցուցանիշը նախորդ երկու եռամսյակներին գերազանցում է, բայց երբ համեմատում ենք 2019 թ․ի ինը ամիսների ցուցանիշը 2018 թ․-ի ինը ամիսների ցուցանիշի հետ, տեսնում ենք, որ 2019 թ․-ի ցուցանիշները զիջում են նախորդ տարվա ցուցանիշներին։

Այսպես, 2018 թ․-ի առաջին ինը ամիսներին օտարերկրյա ներդրումները կազմել են 186,4 մլն դոլար, իսկ 2019 թ․-ի ինը ամիսներինը՝ 185,7 մլն դոլար։ Ինչպես տեսնում ենք, այստեղ ոչ Նիկոլ Փաշինյանի հայտարարած 2,2 մլրդ դոլարը կա, ոչ էլ 456 մլն դոլարը, ոչ էլ աճը՝ այլ ընդհակառակը՝ կա նվազում ավելի քան 700 հազար դոլարով։ Այս առթիվ հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակաշրջանում դեռևս ոչ մի եռամսյակի ցուցանիշ չի հասել նախորդ կառավարության ժամանակաշրջանի՝ 2017 թ․-ի չորրորդ և 2018 թ․-ի առաջին եռամսյակների ներդրումների ծավալներին՝ չխոսելով առանձին եռամսյակների կտրուկ անկումների մասին։

Երկրորդ՝ անցած ավելի քան 1 տարի 9 ամսվա ընթացքում, ինչ իշխանության գլուխ են հայտնվել «թավշյա քայլողները», Հայաստանի Հանրապետությունում չի սկսվել իրագործվել ոչ մի քիչ թե շատ խոշոր ներդրումային ծրագիր։ Եղել են դատարկ հայտարարություններ հարյուր միլիոնավոր դոլարների ներդրումներ կատարելու ցանկություն ունեցողների մասին, որոնք պայթել են փուչիկի պես։ Առ այսօր շարունակվել են միայն նախորդ՝ «հանցավոր ռեժիմի» կողմից սկսված ներդրումային ծրագրերը, որոնք այս իշխանությունը հաճույքով վերագրում է իրեն։ Մյուս կողմից էլ՝ Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունն արդեն իրենց ակտիվում ունեն մի քանի ձախողված ներդրումային  ծրագրեր և առաջարկներ։ Մասնավորապես, «Սպայկա» ընկերության մոտ 100 մլն դոլարանոց ներդրումային ծրագիրը, որից օտարերկրյա ներդրողը հրաժարվեց, երբ «Սպայկայի» տնօրենն անհայտ մեղադրանքով ձերբակալվեց։ Երկրորդը՝ Ամուլսարի ներդրումային ծրագիրը, որը մնացել է անորոշ վիճակում, երրորդը՝ արաբ ներդրողների առաջարկները, որոնք ի չիք դարձան նրանց նկատմամբ Երևանի քաղաքապետի կողմից անլուրջ վերաբերմունքի արդյունքում։ Շարքը կարելի է շարունակել, բայց բավարարվենք այսքանով։ 

Ներդրումների ծավալի նվազումը դեռ դժբախտության մի մասն է։ Բանն այն է, որ անհամեմատ ավելի շատ նվազել է օտարեկրյա ներդրողների կողմից եկամուտի վերաներդրումը։ Այն անցած տարվա ինը ամիսներին կազմել է մոտ 73,5 մլն դոլար՝ նախորդ 2018 թ․-ի 106,2 մլն դոլարի համեմատ։ Անկումը կազմել է մոտ 31 տոկոս։ Դա նշանակում,է որ օտարերկրյա ներդրողները իրենց ստացած եկամուտը կրկին չեն վերաներդնում մեր երկրում։ Ընդ որում, 2019 թ․-ի երկրորդ եռամսյակում այստեղ անգամ բացասական ցուցանիշ է գրանցվել, ոչ միայն եկամուտ չի վերաներդրվել, այլ 24,6 մլն դոլար դուրս է եկել։

Փաստորեն, հակառակ արտասահմանյան թանկարժեք շրջագայությունների ընթացքում Նիկոլ Փաշինյանի կոչերին՝ գալ Հայաստան և ներդրումներ կատարել, տեղի է ունենում հակառակը։ Ո՞րն է սրա պատճառը։ Երկրի ղեկին հայտնված անձի անհավասարակշիռ պահվածքը՝ այդ թվում նաև ներքին և օտարերկրա ներդրողների նկատմամբ։

«Սպայկայի» տնօրեն Դավիթ Ղազարյանի և շինարարական բիզնեսի ներկայացուցիչ Սամվել Մայրապետյանի նկատմամբ քրեական հետապնդումներին և ներդրումային ծրագրերի խափանմանը, հանրահավաքի ժամանակ բանկային գաղտնիք բացահայտելուն, ապա օրենսդրորեն դրան ուղղված նախագիծ կառավարությունում հաստատելուն և այլ դատապարտելի քայլերին օրերես ավելացավ նաև զուգարանների պատճառով ռեստորանատերերն սնանկացնելու սպառնալիքը։ Օտարերկրյա խոշոր ներդրումային ընկերությունների նկատմամբ քրեական գործեր հարուցելու, ծրագրեր կասեցնելու և պայմանագրեր խզելու, կոռուպիցայի մեջ մեղադրելու («Գազպրոմ», «Հարավկոսվկասյան երկաթուղի», «Լիդիան», «Վեոլիա» և այլն) և այդ բոլորի հետ միասին «պատերին ծեփելու», «ասֆալտին պառկեցնելու», «թաթիկներ կտրելու» պետական դարձած քաղաքականության պայմաններում ոչ մի օտարերկրյա ներդրողի համար, մեղմ ասած, գրավիչ չի լինի մեր երկրում ներդրումներ կատարելը։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ