10  12  2019

Մարդու իրավունքների պաշտպանության օրն ու բռնատիրության հաստատումը

Մարդու իրավունքների պաշտպանության օրն ու բռնատիրության հաստատումը

Դեկտեմբերի 10-ը մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է՝ ի նշանավորում ՄԱԿ-ի կողմից Մարդու իրավունքների համընդհանուր Հռչակագրի ընդունման: Դա տեղի է ունեցալ հեռավոր 1948 թվականի դեկտեմբերի 10-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում, ընդունվել է միաձայն, ի դեպ:

Եվ ահա, նաև ժողովրդավարական լոզունգներով իշխանափոխություն իրականացրած Նիկոլ Փաշինյանն ու իր «քայլականների» դեռ ոչ այնքան երկար իշխանավարման այս ոչ լրիվ երկու տարում արձանագրվել են մարդու իրավունքների և ազատությունների նկատմամբ այնպիսի ոտնձգություններ, որ ավելի բնորոշ են բռնատիրական ռեժիմներին և մարդկանց, հասարակությունների դեմ նպատակաուղղված վարչակարգերին:

«Քայլական» իշխանափոխականները սիրում են ասել՝ «նոր» Հայաստան: Իրենց կարծքով, հակադրվելու լավ տարբերակ են գտել: Բայց իրենց իսկ տարփողած «նոր» Հայաստանում արդեն իսկ արձանագրված են մի շարք աղաղակող դեպքեր, որոնք ուղղակիորեն վերաբերում են մարդու հիմնարար մի շարք իրավունքների կոպիտ ոտնահարումներին, որոնք կատարվել են իշխանությունների անմիջական ուղղորդմամբ կամ միջնորդավորված ներգրավմամբ:

Թվարկենք առավել տպավորված և ծանր դեպքերը.

1․ «Հայնյուզ» լրատվական կայքի պատասխանատու և «Հայոց արծիվներ» կուսակցության փոխնախագահ, նախաքննության փուլում գտնվող քրեական գործով կալանավորված Մհեր Եղիազարյանը մահացավ անազատության պայմաններում (հունվարի 26-ին)՝ քրեական հետապնդման դեմ բողոքի ակցիայից՝ տևական հացադուլից հետո: Սա այնպիսի խայտառակ եղելություն է, որ ուղղակի դժվար է բառեր գտնել այն բնորոշելու համար: Սա անջնջելի խարան է ինչպես ժողովրդավարություն խաղացող իշխանավորների և իշխանության, այնպես էլ նրանց սատարող ձևացյալ «իրավապաշտպան»-գրանտակերների ճակատին:

Հաղորդվեց, թե կալանավորի մահվան դեպքով գործ է հարուցվել, բայց դժվար է մտաբերել, թե ով պատժվեց կամ ենթարկվեց պատասխանատվության: Անկախ այդ հանգամանքից՝ հացադուլավոր կալանավորի մահը բնութագրական փաստ է:

2․ Դատական իշխանության գործունեությանն ուղղակիորեն խառնվելու, գործադիրի կողմից դատական իշխանության վրա ճնշումներ գործադրելու, ինչպես ամբողջ դատական համակարգը բիրտ պրեսսի տակ դնելու և, ըստ էության, մեկ անձի քմահաճույքին այն ճառայեցնելու օրինակները ևս աղաղակող են: Առանձին դատավորների դեմ գործադիր իշխանության ճնշումները ևս դարձել են «նոր» Հայաստանի «թավշյա» իշխանության գործելակերպը: Ի լրումն, կոնկրետ քրեական գործով ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի կողմից, վարչապետ Փաշինյանի գիտությամբ, ըստ էության քայլեր են կատարվել դատավորի վրա ճնշում գործադրելու, նրան Փաշինյանի ցանկացած որոշումը պարտադրելու նպատակով: Բայց ոչ մեկը դրա համար պատասխանատվության չի ենթարկվել ու, վստահաբար, չի էլ ենթարկվի:

3․ Տարբեր քրեական գործերով մեղադրվող տարբեր անձանց նկատմամբ գործադրվել է բուժօգնությանը խոչընդոտելու կամ այն ձգձգելու գործելակերպ, որը միջազգային իրավապաշտպան չափանիշներով ընկալվում է որպես խոշտանգում: Այդ մեթոդն իշխանությունները գործադրել են ինչպես Մանվել Գրիգորյանի դեպքում, ինչի մասին բազմիցս ահազանգել է նրա փաստաբանը, այնպես էլ՝ Սամվել Մայրապետյանի դեպքում:

4․ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ներկայացված մեղադրանքով գործը, կարելի է ասել՝ ամբողջությամբ վերցրած մարդու իրավունքների մի շարք նորմերի ու սկզբունքների կոպտագույն խախտումների շարք է, սկսած գործով զբաղված դատավորների վրա իշխանության բացահայտ ու ցինիկ ճնշումներից, վերջացրած արդեն հնազանդ դատավորի կողմից մեղադրվողին պաշտպանական խոսքից զրկելու՝ նույնիսկ ֆաշիստական բռնատիրությունների համար արտառոց դրսևորումից:

5․ Ինչպես ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի, այնպես էլ՝ ԱԺ աշխատակազմի նախկին պատասխանատու աշխատակից Արսեն Բաբայանի նկատմամբ քրեական հետապնդման գործընթաց սկսելը՝ իր բոլոր նրբերանգներով:

6․ «Հայաստան» հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանի նկատմամբ քրեական հետապնդումը, որը ակնհայտորեն շաղկապվում է նրա հասարակական-քաղաքական ակտիվության, ընդդիմադիր գնահատականներով հանդես գալու հետ:

7․ Իշխանությանն ընդդիմադիր տարբեր հասարակական խմբերի ակտիվիստների, կառավարությանը պահանջներ ներկայացնող ուսանողների նկատմամբ անհամաչափ ոստիկանական ուժերի և հենց ոստիկանական բռնի միջոցների կիրառումը:

8․ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և նրա ընտանիքի անդամների, այդ թվում՝ դստեր և տարեց հոր նկատմամբ ստալինյան մեթոդներով ճնշումների գործադրումը, ակնհայտորեն կառավարության դրդմամբ կամայական ու նաև չգրված օրենքները խախտող հալածանքի դրսևորումները: Այդ թվում, չի կարելի շրջանցել «Հայելի» մամուլի ակումբի վրա իշխանության կողմնակիցների հարձակումը, «Yerevan.Today», «News.am» խմբագրությունների նկատմամբ իրավապահ մարմինների սևեռուն «ուշադրության» դրսևորումները:

Զավեշտ է, բայց լրագրության ասպարեզից ու լրագրության միջոցով նաև իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում ազատ խոսքը, բազմակարծության միջավայրը էապես վտանգված են, իսկ իշխանությանն ընդդիմադիր գնահատականներով հանդես եկող քաղաքական գործիչները, հասարակության ներկայացուցիչներն ու հեղինակները իշխանության ցուցումով կամ իշխանական շրջանակների ուղղորդմամբ, անմիջապես հայտնվում են ամենասանձարձակ վերբալ ագրեսիայի թիրախում:

Գործող իշխանության ամենատարբեր ներկայացուցիչների ու առաջին հերթին հենց Նիկոլ Փաշինյանի հրապարակային ելույթները հագեցած են «ատելության խոսքով», միտված են հասարակության ներսում թշնամու կերպարներ ստեղծելուն, քննադատողներին թիրախավորելուն, մարդկանց ըստ կուսակցական պատկանելության սորտավորելուն: Օրերս ավագանու մի անդամ նույնիսկ նման կենցաղային ռասիզմ էր քարոզում:

Իշխանավորները, հնարավոր է, վերամբարձ ճառեր կարտասանեն «օրվա թեմայով»: Բայց դրանից իրենց իշխանության բռնատիրական բնույթն ու մարդու իրավունքները միայն «սվոյ-չուժոյ» տարբերակով կիրառելու հոռի դրսևորումը չեն փոխվելու: Հակառակը, նման ելույթներն ավելի են ընդգծելու այն ամբողջ կեղծությունը, որով նրանք սիրում են դիրքավորվել հեռուստատեսային և հեռախոսային տեսախցիկների ներկայությամբ:

Իսկ առհասարակ, ատելության ծառը, չարի ծառը չի կարող բարի պտուղներ տալ:

Արմեն Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ