04  11  2019

Նիկոլ Փաշինյան և Հայկ Մարտիրոսյան․ ո՞վ է գլխավոր մեղավորը

Նիկոլ Փաշինյան և Հայկ Մարտիրոսյան․ ո՞վ է գլխավոր մեղավորը

ՊԵԿ նախկին աշխատակից Հայկ Մարտիրոսյանին Նիկոլ Փաշինյանի հրահանգով աշխատանքից ազատելու, ապա ամիսներ անց նորից աշխատանքի ընդունելու պատմությունը լավագույնս արտացոլում է պետության կառավարման մեթոդներն ու բնակչության բարոյահոգեբանական վիճակը։ Ի՞նչ է տեղի ունեցել։

Այս տարվա ապրիլի 9-ին պետական դրոշի հանդեպ՝ Նիկոլ Փաշինյանի բնորոշմամբ «ոչ պատշաճ վերաբերմունքի» պատճառով աշխատանքից ազատվում է Հայկ Մարտիրոսյանը։ Սակայն, պետական դրոշը ընկած չէր գետնին, այլ դրված էր սենյակի անկյունում, ինչն իբր վրդովեցրել էր Նիկոլ Փաշինյանին։ Այն Նիկոլ Փաշինյանին, որը պետության հանդեպ մեծագույն ծառայություններ մատուցած պետական գործիչների և զինվորականների հանդեպ լցված է ատելությամբ և նրանց նկատմամբ քրեական հետապնդումներ է իրականացնում։ Երկրորդ՝ ինչպես պարզվեց հետագայում, դրոշի այդ վիճակում գտնվելու մեղավորը վերոնշյալ երիտասարդը չէր։ Երրորդ՝ վարչապետի պաշտոնում գտնվող մարդն իրավունք չուներ ՊԵԿ շարքային աշխատակցին աշխատանքից ազատելու հրահանգ տալ։ Չորրորդ՝ հետագայում Նիկոլ Փաշինյանը իր վրայից գցեց Հայկ Մարտիրոսյանին աշխատանքից ազատելու մեղքը, երբ պատասխանելով լրագրող այն հարցին, թե ինչո՞ւ իր պատճառով երիտասարդն ազատվեց աշխատանքից, անհոգաբար ասաց, «թող դիմում չգրեր»։ Եվ վերջապես, հինգերորդ՝ Նիկոլ Փաշինյանը իր գրառմամբ կրկին ընդունեց, որ, այնուամենայնիվ, իր հրահանգով է ազատվել Հայկ Մարտիրոսյանը՝ «բոլորդ հիշում եք, որ ս/թ ապրիլի 9-ին Երևանի ավտոմաքսատանը ունեցած այցելության ընթացքում հրահանգեցի աշխատանքից ազատել մաքսային մի ծառայողի»։ Ինչի՞ մասին է այս ամենն ասում։

Առաջին հերթին, որ պետությունը ղեկավարվում է քմահաճույքներով առաջնորդվող, հոգեկան անհավասարակշիռ վիճակում հրահանգներ տվող, միանձնյա և օրենքն անտեսող որոշումներ կայացնող և ամենակարևորը՝ սուտը գլխավոր գործիք դարձած մարդ՝ իր մեթոդներով։ Որո՞նք են այդ մեթոդները։ Օրինակ՝ այն, որ մարդը կարող է ամբողջ երկրի առաջ, առանց ճշմարտությունը պարզելու, ստորացնել մեկ ուրիշին, ապա ամիսներ անց «մեծահոգաբար» նրան ներել և երկու դեպքերում էլ արժանանալ «դուխովների» տխմար հիացմունքին։ Ընդ որում, այդպես էլ հստակ չասելով՝ կոնկրետ այդ երիտասարդը մեղավո՞ր էր, թե՞ ոչ դրոշի հարցում, կամ ընդհակառակը՝ եթե ինքն էր սխալ նրան աշխատանքից ազատելու համար, ապա հայցել նրա ներողամտությունը։

Այնուհետև, անհասկանալի է, թե ո՞ր դեպքում ո՞րն էր Հայկ Մարտիրոսյանին աշխատանքից ազատելու, ապա հետ ընդունելու իմաստը՝ սկզբունքայնությունը, թե՞ մարդասիրությունը, պետական խորհդանիշների հանդեպ հարգանքը, թե՞ շարքային քաղաքացու կարիքները կարևորելը։ Վստահաբար, սրանցից ոչ մեկը։ Թե՛ աշխատանքից ազատելու, թե՛ այնուհետև աշխատանքի ընդունելու Նիկոլ Փաշինյանի հրահանգները միայն մեկ նպատակ ունեն՝ հերթական անգամ սեփական ինքնագովազդն անել  և մեկ անգամ ևս ապացուցել, որ պոպուլիզմի և մանիպուլյացիաների առումով ինքն անգերազանցելի է։ Այն, որ դա որ պետությանը, ոչ ժողովրդին չի օգնում, այլ մի բան էլ լրջորեն վնասում է, Նիկոլ Փաշինյանին ամենևին չի հուզում։ 

Սակայն ասել, թե այս պատմության մեջ գլխավոր մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, արդար չի լինի։ Ի վերջո, նա հավատարիմ է ինքն իրեն և զարմանալու ոչինչ այլևս չկա դրա մեջ։ Գլխավոր մեղավորը ՊԵԿ-ի նախկին և ներկա աշխատակից Հայկ Մարտիրոսյանն է։ 

Իհարկե, նոր աշխատանքի ընդունված երիտասարդից ակնկալել, որ նա պետք է կռիվ տար վարչապետի պաշտոնում հայտնված, իր հիստերիկ պահվածքով հայտնի մարդու հետ, չի կարելի։ Պետական դրոշի անկյունում դրված լինելը արդյո՞ք ոչ պատշաճ վերաբերունք էր, թե՞ ոչ, նա չէր կարող իմանալ, քանի որ չկան չափորոշիչներ։ Հայկ Մարտիրոսյանը չէր կարող նաև հերքել իր մեղավորությունը դրոշի այդ վիճակում գտվելու համար։ Դրանով նա  բացասական վերաբերմունքի կարժանանար իր վերադասի կողմից։ Մի խոսքով, նոր աշխատանքի ընդունված երիտասարդը կարող էր և քաջություն չունենալ  հակադրվելու վարչապետին՝ այն էլ տեսախցիկների առջև։ Սակայն արժանապատվություն և ինքնասիրություն նա թերևս պարտավոր է ունենալ։ Վերստին նշենք՝ քեզ ամբողջ Հայաստանով մեկ խայտառակում են, վերագրում մի մեղք, որը չես գործել, ստորացնում, ապա աշխատանքից ազատում, իսկ դու համաձայնվո՞ւմ ես խաղալ այդ ամենը կատարած մարդու խաղում և «մեծ սիրով» նորից ընդունվում ես աշխատանքի՞։ Իրեն հարգող մարդն առնվազն պետք է հրաժարվեր նման առաջարկից, եթե չասենք ավելին։

Գուցե ոմանք դա արդարացնեն Հայկ Մարտիրոսյանի սոցիալական վիճակո՞վ։ Հարգանքի բացակայությունը սեփական անձի նկատմամբ սոցիալական վիճակով արդարացնելը, մեղմ ասած, գովելի չէ, անգամ եթե մարդուն նման վիճակի մեջ է գցել Նիկոլ Փաշինյանը։ Երկրորդ, հիշեցնենք, որ վերոնշյալ երիտասարդը ընդամենը 2 ամիս էր աշխատել մաքսատանը և այնպես չէ, որ երկու ամսում նրա սոցիալական վիճակ արմատապես փոխվել էր։ Այդուհանդերձ, Հայկ Մարտիրոսյանի կողմից նման պահվածքը ևս զարմանալի չէ, որքան էլ, որ դա ցավալի է։ «Սիրո և հանդուրժողականության» հեղափոխության «արժեքները» ուսուցանում են շողոքորթելու, քծնվելու, գունափոխվելու, դավաճանելու, սեփական ողորմելիությունը որպես առավելություն, վախկոտությունը որպես հերոսություն ներկայացնելու և կիրառելու «նուրբ արվեստը»։ Այս ամենի մեջ ինքնասիրության բացակայությունը, որին ականատես եղանք բոլորս, կարող է անգամ անմեղ մի բան թվալ։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ