08  10  2019

Գազի սակագին․ լավատեսության հիմքեր չկան

Գազի սակագին․ լավատեսության հիմքեր չկան

Այն, որ գազի սակագինն այդպես էլ չնվազեց, ինչի մասին տարիուկես առաջ խոստանում էր Նիկոլ Փաշինյանը, այլևս ակնհայտ է։ Այս սուտ խոստումը, որով տարիներ շարունակ նա կերակրում էր լսարանին` հօդս ցնդեցրեց մեկ այլ սուտ, որը դարձյալ տարածվում էր նույն Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթի կողմից և որի մասին նա խոսում էր անգամ իշխանության գալուց հետո։ Նա մասնավորապես ասում էր, որ Հայաստանի ներսում գազի սակագինը չարդարացված բարձր է, որի մասին իբր խոսել է նաև Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ և իբր վերջինս ևս զարմացած է եղել այդ փաստից։ Մի խոսքով, փաշինյանական ստերի հերթական շարասյուն։

Տեղեկացնենք, որ այս տարվա հունվարի 1-ից Ռուսաստանի կողմից մատակարարվող գազի սակագինը դարձավ 165 դոլար 1000 խմ համար՝ նախորդ երկու տարիների 150 դոլար 1000 խմ համար սակագնի փոխարեն։ Նախկին՝ Հայաստանի համար 150 դոլար սակագինը մեկ տարվա փոխարեն պահպանվեց երկու տարի նախորդ «ռեժիմի» ջանքերի և Ռուսաստանի հետ ճիշտ հարաբերություններ կառուցելու շնորհիվ։ Բնակչության համար ներկայիս 146,7 դրամ սակագինը բնակչության համար ուժի մեջ է մտել 2016 թ․-ի հուլիսի 1-ից՝ իջնելով մինչ այդ եղած 156 դրամից դարձյալ նախորդ՝ Կարեն Կարապետյանի կառավարության ժամանակ։

Այժմ, ինչպես միշտ ամեն ինչից փախչող և ուրիշների արածը իրեն վերագրող Նիկոլ Փաշինյանը որևէ կերպ չի անդրադառնում հարցին, թե ինչո՞ւ նախկին կառավարության օրոք մեր դաշնակիցը մեզ համար գազի արտոնյալ սակագին էր սահմանում, որը հնարավորություն էր տալիս իջեցնել այն նաև բնակչության համար, իսկ հիմա դա տեղի չի ունենում։ Այն, որ սահմանին գազի գնի բարձրացումը չփոխեց բնակչության համար սակագինը, ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ «Գազպրոմի», այսինքն մեծ հաշվով՝ ռուսական կողմի շնորհիվ է։ Ընկերությունն, ըստ էության, իր վրա վերցրեց այդ բարձրացման բեռն այս տարվա ընթացքում։

Հիմա արդեն շրջանառության մեջ են ռուսական գազի ավելի կտրուկ թանկացման մասին լուրերը, որոնք հայկական կողմը չի հերքում։ Օրերս Երևանում ավարտված ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպման արդյունքում ևս գազի սակագնի հարցի շուրջ որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Եթե դա լիներ, ապա Նիկոլ Փաշինյանը չէր հապաղի այդ մասին տարփողեր իր լայվերով ու գրառումներով։ Այսինքն, այլևս փաստ է, որ եկող տարվանից Հայաստանի մատակարավող գազի սակագինը թանկանալու է՝ հարցը միայն այն է 30 տոկոսո՞վ, թե՞ ավելի քիչ՝ դարձյալ ռուսական կողմից որոշակի զեղչեր անելու շնորհիվ։

Այս պարագայում հիմնական հարցն այն է, թե ինչպե՞ս են փոխվելու սակագները բնակչության, սոցիալապես անապահով խավերի, ջերմոցային տնտեսությունների և վերամշակող արդյունաբերության համար։

Հիշեցնենք, որ վերամշակող ձեռնարկություններն ու ջերմոցային տնտեսությունները գազը ստանում են 100 դրամով, իսկ սոցիալապես անապահովները՝ 80 դրամով։ Ընդ որում, այս սպառողներին տրամադվող գազի ավելի ցածր գնի տարբերությունը նույնպես իր վրա է վերցրել «Գազպրոմ Արմենիան», այլ ոչ թե Հայաստանի կառավարությունը։ Այժմ, եթե նրանց տրամադրվող գազի սակագինը բարձրանա, դա լուրջ հարված կլինի Հայաստանի գյուղատնտեսությանը և արդյունաբերության վերամշակող ճյուղին, մյուս կողմից՝ սոցիալապես անապահովների վիճակի վատթարացում կառաջացնի։ Հարց է առաջանում՝ եթե սահմանին բարձրացումից հետո ևս ներսում գազի սակագինը մնա նույնը՝ ո՞ւմ հաշվին է այն ֆինանսավորվելու։ Եթե ռուսական կողմի, ինչպես եղավ այս տարի, ապա այդ դեպքում ո՞րն էլ ընդհանրապես սակագնի բարձրացման իմաստը։ Հետևաբար, մնում է երկու ելք՝ կա՛մ կառավարությունն է սուբսիդավորում պետբյուջեից նոր և հին սակագնի տարբերությունը, կա՛մ գազի գինը բարձրանում է բոլորի համար՝ դրանից բխող հետևանքներով։ Առաջին դեպքում կստացվի, որ մեզ լավություն են անում մեր իսկ հաշվին մեր վճարած հարկերից, որի համար տասնյակ միլիարդավոր դրամներ կպահանջվեն, երկրորդի դեպքում՝ տեղի կունենան հայկական ապրանքների գների բարձրացում և մրցունակության նվազում, շղթայական թանկացումների փուլ մեր բոլորիս համար։

Սահմանին գազի գնի բարձրացման դեպքում առաջանալու է նաև էլեկտրական էներգիայի սակագնի բարձրացման հարցը։ Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի մոտ 40 տոկոսը ստացվում է ՋԷԿ-երից՝ գազի այրման և հոսանքի փոխակերպելու միջոցով։ Եթե նրանց տրամադրվող գազի սակագինը բարձրանա, ապա բնական է, որ արտադրվող հոսանքի գինը ևս պետք է բարձրանա։ Եվ եթե նկատի ունենանք, որ ՋԷԿ-երը արտադրում են ամբողջ էլեկտրաէներգիայի 40 տոկոսը, այդ թանկացումը աննշան չի լինի։

Եվ վերջապես, եկաղ տարվա թանկացումը, դեռևս անհայտ է, թե սակագնի այս տարվա անփոփոխ մնալը բնակչության համար ի՞նչ կարժենա մեր վրա՝ ռուսական կողմը մեծահոգաբար կների՞ այն ամբողջությամբ կամ մասամբ՝ ինչպես եղել է նախկինում, թե՞ հաշիվ կներկայացնի։ Դատելով «պարտիզանական» մեթոդներով Նիկոլ Փաշինյանի ծավալած հակառուսական գործողություններից, որը լուրջ անվստահություն է առաջացել նրա նկատմամբ ռուսական իշխանությունների մոտ, գազի սակագնի և ընդհանրապես ռազմավարական նշանակություն ունեցող այլ հարցերի դրական ելքերի առումով լավատեսական եզրակացություններ անելու հիմքեր չկան։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ