07  10  2019

Ինչպե՞ս և ե՞րբ կառուցվեց Հյուսիսային պողոտան

Ինչպե՞ս և ե՞րբ կառուցվեց Հյուսիսային պողոտան

Հյուսիսային պողոտան այսօր դարձել է երևանցիների հանգստի ու ժամանցի սիրված վայրերից մեկը։ Կար ժամանակ, երբ այդ տարածքում հին և խարխուլ տներ էին և ոչ ոք չէր պատկերացնում, որ տարիներ անց Երևանը կունենա նման լայնարձակ հետիոտն պողոտա՝ շրջապատված ճարտարապետական նոր ոճով կառուցված և կենցաղի ժամանակակից չափանիշներին համապատասխանող բազմաբնակարան շենքերով։ Սակայն նման պողոտա կառուցելու գաղափարը նոր չէր։

Երևանի գլխավոր հատակագծի հեղինակ Ալեքսանդր Թամանյանը, երկու գլխավոր՝ Լենինի (Հանրապետության) և Թատերական (Ազատության) հրապարակները անկյունագծային ձևով միմյանց կապելու գաղափարը հղացել էր անցած դարի 20-ական թվականներին։ Նրա մշակած նախագծով այդ հրապարակները միմյանց կապող փողոցը Խորհրդային Հայաստանի մայրաքաղաքի միջով անցնող հյուսիս-հարավ առանցքի կարևոր բաղկացուցիչ մասն էր լինելու։ Ալեքսանդր Թամանյանը, սակայն, չհասցրեց կյանքի կոչել դրա կառուցման գաղափարը, իսկ հետագա տարիներին այն մոռացվեց և հանվեց շրջանառությունից։ Անցած դարի 60-ական թվականներին նոր պողոտայի կառուցման հարցը կրկին դրվեց շրջանառության մեջ և կրկին քննարկումներից այն կողմ տեղաշարժ չեղավ։

Միայն 2000-ականների տնտեսական զարգացման բարձր տեմպը հնարավորություն և նախադրյալներ ստեղծեցին իրականացնելու Ալեքսանդր Թամանյանի մտահաղացումը։ Ներկայիս Հյուսիսային պողոտայի կառուցման նախաձեռնությամբ հանդես եկավ Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը։ Նախաձեռնությունը ուշագրավ էր, բայց այն իրագործելու համար քաղաքական կամք էր պահանջվում։ Այն պետք է դառնար Երևանի խոշորագույն քաղաքաշինական ծրագիրը, որը պահանջում էր մեծ ներդրումներ, որի շուրջ լինելու էին տարատեսակ շահարկումներ, խոչընդոտներ։ Սակայն, ընդամենը մեկ-երկու տարի առաջ երկրի նախագահ ընտրված Ռոբերտ Քոչարյանը ցուցաբերեց քաղաքական կամք և ստանձնեց Հյուսիսային պողոտայի կյանքի կոչման պատասխանատվությունը։

2000 թվականին կառավարությունը հաստատեց Հյուսիսային պողոտայի կառուցման ծրագիրը։ Այստեղ կարևոր է նշել որ սա այն սակավ դեպքերից է մեր անկախ Հանրապետության պատմությունից որ որոշվեց ոչ թե վերակառուցել, կամ նորոգել, այլ հենց կառուցել։ Պողոտայի, հարակից շենքերի, ենթակառուցվածքների և այլ շինությունների նախագծի մշակման համար ստեղծվեց 15 ճարտարապետներից կազմված խումբ Նարեկ Սարգսյանի ղեկավարությամբ։ 1-2 տարվա ընթացքում հիմնականում ավարտելով տարածքի իրացման աշխատանքները, 2003 թ․-ից սկսվեց պողոտայի շինարարությունը։ Այն իրականացրեցին մոտ մեկ տասնյակ շինարարական կազմակերպություններ, ընդհանուր առմամբ ստեղծվեց մոտ 300 հազար քմ մակերեսով կառուցապատված տարածք։ Պետական և մասնավոր սեկտորներից ներդրվեց ավելի քան 300 մլն դոլար։ Շինարարությայն մեջ ներգրավվեցին տասնյակ հազարավոր մարդիկ, որոնց մեծ մասը աշխատում էր արտերկրում և վերադարձան Հայաստան այս շինարարությունում աշխատելու համար։ Բազմաթիվ նոր աշխատատեղեր ստեղծվեցին նաև քարհանքերում, քանի որ պարտադիր պայման էր դրվել շինությունների երեսապատումն իրականացնել բացառապես տեղական քարով։

Հյուսիսային պողոտայի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ 2007 թ․-ին։ Պողոտայի միջին լայնությունը 35 մ է, երկարությունը մոտ 450 մ։ Որքան էլ այս նախագծի դեմ հանդես եկողներ և այն քննադատողներ եղան, միևնույնն է՝ Երևանի բնակչության գերակշիռ մեծամասնությունը հիացմունքով ընդունեց նորաբաց պողոտան։ Այն ուժեղ խթան հանդիսացավ Երեանում այլ քաղաքաշինական նախագծեր իրականացնելու համար՝ Գլխավոր պողոտան, Հին Երևանը, Կոնդը, Ֆիրդուսի փողոցը, որոնց մի մասի շինարարությունը 2009-ի համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով կանգ առավ, վերսկսվեց ավելի ուշ և շարունակվում է մինչ այժմ։

Հյուսիսային պողոտայի կառուցման ընթացքում կիրառվեցին շինարարական նոր տեխնոլոգիաներ՝ շինությունների միաձույլ երկաթբետոնե կառուցվածք՝ բարձր սեյսմիկ անվտանգությամբ, ստորգետնյա ավտոկայանատեղեր 2 հազար ավտոմեքենայի համար, օդափոխման համակարգեր, արևի էներգիայի կիրառմում որոշ շենքերում, ըստ էության Հայաստան ներմուծվեց կենցաղային նոր մշակույթ։ Այդ տարիներին Հյուսիսային պողատան Անդրկովկասի խոորագույն քաղաքաշինական ծրագիրն էր։ Այստեղ այժմ գործում են բազմաթիվ սրճարաններ ու ռեստորաններ, առևտրային կենտրոններ, խանութներ, բանկային, հեռահաղորդակցության և այլ ծառայությունների գրասենյակներ, որոնցում աշխատում են հարյուրավոր մարդիկ և որոնք ունենում են հազարավոր այցելուներ։  

Հյուսիսային պողոտան Հայաստան այցելող զբոսաշրջիկների զբոսանքի թիվ 1 տարածքն է։ Այն էական դեր ունի Երևանի և Հայաստանի զբոսաշրջային կերպարի ձևավորման մեջ և ներառված է բոլոր զբոսաշրջային փաթեթներում։ Օրվա բոլոր ժամերին պողոտան լի է մարդկանցով։ Այստեղ կարելի է հանդիպել անցորդներին նկարող նկարիչների, շրջիկ երաժիշտների, տարբեր տարիքի և ազգության, մասնագիտության և զբաղմունքի մարդկանց աշխարհի բոլոր ծայրերից։ Հայաստան այցելող պաշտոնական պատվիրակություններին, բիզնես գործընկերներին, պատվավոր հյուրերին ընդունում և անկաշկանդ, ոչ պաշտոնական զրույցի են հրավիրում Հյուսիսային պողոտայի սրճարաններում և ռեստորաններում։

Միանշանակ է, որ Հյուսիսային պողոտան դեռ երկար ժամանակ լինելու է այս ամենն իր մեջ գեներացնող վայրը, քանի որ տեսանելի ապագայում նման ծավալի և նման կարևորությամբ քաղաքաշինական ծրագրեր չեն նախատեսվում, իսկ պատմության մեջ մշտապես հիշվելու է, որ այն կառուցվել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամանակ։

Արա Մարտիրոսյան   

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ