03  10  2019

11 դեպք, երբ վիրավորանքի համար եղել են հրաժարական կամ գոնե ներողություն

11 դեպք, երբ վիրավորանքի համար եղել են հրաժարական կամ գոնե ներողություն

Քաղաքակիրթ աշխարհում հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ պաշտոնյան հրաժարական է տվել կամ հեռացվել է աշխատանքից կամ գոնե ներողություն է խնդրել ասած վատ խոսքի, վիրավորանքի և այլնի համար։

Բերենք մի քանի օրինակ բազմաթիվներից․

23.01.2012 Ռումինիայի արտաքին գործերի նախարար Թեոդոր Բակոնսկին պաշտոնից հեռացվեց` նախագահի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին «անբաններ», «անցյալի ուժեր» եւ այլ արտահայտություններով ծաղրելու համար:

11․06․2014 Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկին դատի տվեցին դպրոցներից մեկի բարձր դասարանի աշակերտի հետ շփվելու ընթացքում Ազգային ժողովրդավարական կուսակցության անդամներին «ապուշ» անվանելու համար։

16.07.2014 Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության պաշտոնյա Ան-Սոֆի Լեկլերը դատապարտվեց 9-ամսյա ազատազրկման Ֆրանսիայի արդարադատության նախարար, սևամորթ Քրիստիան Տոբիրային կապիկի հետ համեմատելու համար։

30․08.2017 Ճապոնիայի փոխվարչապետ, Տարո Ասոն ներողություն խնդրեց Հիտլերի հասցեին «Որքան էլ ճիշտ լինեին Հիտլերի դրդապատճառները, մի քանի միլիոն մարդու սպանած մարդը պիտանի չէ» արտահայտությունների համար։

28.11.2017 Թաիլանդի վարչապետ գեներալ Պրայուտ Չան Օչան ներողություն խնդրեց ձկնորսից՝ բողոքի ակցիայի ժամանակ նրա վրա գոռալու համար։

20.10.2012 Բրիտանիայի խորհրդարանի արարողակարգի պետ Էնդրյու Միթչելը հեռացվեց պաշտոնից վարչապետ Դևիդ Քեմերոնի պահակազորի աշխատակիցների հասցեին վիրավորական խոսքերի համար։ Ասել էր՝ «ճանաչեք տեղներդ»։

11.02.2014 Ռումինիայի նախագահ Տրայան Բեսեսկուն տուգանվեց մոտ 185 դոլարով այն բանի համար, որ ասել էր, թե գնչուներն ապրում են ուրիշի հաշվին։

19.06.2014․ Ուկրաինայի խորհրդարանն Անդրեյ Դեշիցային ազատեց երկրի ԱԳ նախարարի պաշտոնակատարի պարտականություններից։ Կիևում ՌԴ դեսպանատան շենքի մոտ լրագրողների ներկայությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել։

14.03.2016 Եգիպտոսի վարչապետը պաշտոնից հեռացրեց արդարադատության նախարար Ահմեդ ալ Զինդին՝ «Օրենքը խախտելու դեպքում կձերբակալի անգամ սրբազան մարգարե Մուհամեդին» խոսքերի համար:

22.09.2017 Կարգալույծ արվեց Սաուդացի հոգևորականը, որը հայտարարել էր՝ «կանայք չեն կարող մեքենա վարել, փոքր ուղեղի պատճառով»։

05.05.2019 Պաշտոնանկ արվեց Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գևին Ուիլյամսոնը՝ հայտարարության համար, թե Թերեզա Մեյը չի կարող վարչապետ լինել, որովհետև դիաբետ ունի։

Դեպքերը բազմաթիվ են։

Մեր և շատերի կարծիքով, շատ ավելի կոպիտ ու վատ արտահայտություն է արել իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, բերված օրինակները նրա ելույթի դեմ ծիծաղելի բաներ են։ Բայց հրաժարվում է ներողություն խնդրել, թիմի անդամներից պարկեշտը և տղամարդը, թերևս, դուրս եկավ Սասուն Միքայելյանը, որը նրա փոխարեն ներողություն խնդրեց։ Մյուսների կեցվածքը զարմանալի է ու զավեշտալի։ Անգամ եղավ պատգամավոր, որ հայտարարեց, թե՝ դե որ հորը չի ճանաչում, չասի՞ որ անհայտ է հանրությանը։

Եվ այսպես, ներողություն չի խնդրում, հրաժարական առավել ևս չի տա, պաշտոնանկ էլ չեն անի։

Ես խիստ կասկածում եմ, որ մարդիկ, որոնք երկար, դժվար ու արյունալի ճանապարհ են անցել իշխանության համար, այսօր «ոչ հրազենային վիրավորման համար» հրաժարական կտան։ Հոկտեմբերի 27-ը հիշենք, որ դեռ զոհերի դիակները խորհրդարանում, Անդրանիկ Քոչարյանն իրեն պաշտոն էր ընտրել՝ վարչապետի պաշտոնը։ Մարտի 1-ը հիշենք, որ անգամ արյան գնով պատրաստ էին իշխանության գալ․․․ Հրաժարակա՜ն, քաղաքակիրթ աշխա՜րհ, նոր Հայաստա՜ն․․․

Դատի տալն էլ անիմաստ է։ Եվ ուրեմն ի՞նչ։

Ուրեմն պետք է դատապարտել, մերժել ու արհամարհել նման մարդկանց․․․ մինչև իշխանափոխությունը․․․ Այլ ելք չկա։ Բայց իշխանափոխությունից հետո, երբ էլ որ լինի, որ տարիքում էլ լինեն նման տեսակի գործիչները, պետք է տալ թե՛ իրավական, թե՛ քաղաքական, թե՛ բարոյական գնահատական, ամեն առիթով հիշեցնել՝ ով են իրենք իրականում։ Մեկ անգամ չտրված գնահատականը երկրորդ անգամ պարտադիր պետք է տրվի։

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ