20  03  2020

Բիզնեսին, և խոցելի շերտին անպայման պետք է պետական աջակցություն լինի․ տնտեսագետ

Բիզնեսին, և խոցելի շերտին անպայման պետք է պետական աջակցություն լինի․ տնտեսագետ

Երկրում ստեղծված իրավիճակում չեմ կարծում, որ դա շատ մեծ գումար էր, բայց դրանք ընդհանրապես անհրաժեշտ են: Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը՝ անդրադառնալով բիզնեսին ու սոցիալական փաթեթներին կառավարության կողմից տրվող 25 միլիարդ դրամի աջակցությանը:

«Այս արտակարգ դրությամբ պայմանավորված՝ ամեն ինչ կրճատվում է՝ շարժը, մարդկանց գործունեությունը, արդյունքները և այլն: Այս պարագայում տնտեսվարող սուբյեկտները մի կողմից, մյուս կողմից էլ սոցիալական խոցելի շերտերը հայտնվում են ակամայից դժվար դրության մեջ, և յուրաքանչյուր պետություն, իշխանություն պարտավոր է մոբիլիզացնել հնարավոր բոլոր ուժերը: Հիմա մեզ մոտ արել են, բայց ես անձամբ ձեռնպահ կմնամ ասել՝ դա շա՞տ է, թե քիչ, շարունակական լինելո՞ւ է, մենք ունե՞նք հնարավորություններ, թե՞ ոչ: Բայց բոլոր դեպքերում, այն քայլերը, որոնք սկսվել են, պարտադիր քայլեր էին և հնարավոր չէր չանելը»,- նշեց տնտեսագետը:

Ինչ-որ քայլեր արվում են, բայց Վարդան Բոստանջյանի կարծիքով՝ գումարների հետ կապված սուբյեկտիվ պահեր կլինեն. «Ես չեմ ուզում մտածել, որ այս վիճակում էլ սուբյեկտիվը պետք է գերակայի կամ հաղթի, հավանականություն կա, որ այդ գումարները կարող են տեղաշարժվել այն ուղղություններով, որով պետք է չտեղաշարժվեին, բայց բոլոր դեպքերում և՛ բիզնեսին, և՛ սոցիալական խոցելի շերտին անպայման պետք է պետական աջակցություն լինի: Այստեղ լրիվ այլ խնդիր է կառավարման խնդիրը, թե որ մի սուբյեկտին պետք է այն ուղղել, որպիսզի մեր կորուստները մաքսիմալ քիչ լինեն: Այս պահին պետք է մտածենք հետևյալը, որ այս ծանր աղետալի իրավիճակում կա առաջին անհրաժեշտության սպառում հասարակության կողմից, և առաջին անհրաժեշտության ապրանքները, որոնք մենք ենք ստեղծում, պետք է աջակցություն ունենան»:

Վարդան Բոստանջյանը նաև ընդգծում է, որ ստեղծված իրավիճակում խնդիրների լուծմանը պետք է ուղղել նաև հանրաքվեին տրամադրվող գումարները. «Այդ դրամահավաքը, որ տեղի է ունեցել այդ ողորմելի բանի՝ հանրաքվեի համար, դա պետք է անպայման կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղել: 3.5 միլիարդը, որ պետական բյուջեից առանձնացրել էին հանրաքվեի համար, դա ևս պետք է ուղղվի այդ նպատակի համար, և ոչ միայն այդ փողերը: Եվ այդ պարգևավճարները... սովորական արդյունավետության պարագայում ի՞նչ պարգևավճարի մասին է խոսքը, հատկապես, երբ մենք հայտնվել ենք այս աղետի առաջ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ