16  11  2019

Տնտեսական ծրագրի բացակայություն․ Politeconomy.org

Տնտեսական ծրագրի բացակայություն․ Politeconomy.org

Politeconomy.org-ը գրում է․ «Մեր երկրի տնտեսական զարգացումը 90-ականների սկզբից, պոետի բառերով ասած, դարձավ «ցաքուցրիվ ու անգաղափար»։ Մինչդեռ մեր տնտեսական համակարգը տարօրինակ, ողբերգական ու փառապանծ 20-րդ դարն էր անցել (ածականները վերաբերում են 20-րդ դարի մեր սոցիալ-տնտեսական կյանքին ու տնտեսական համակարգին)։

Խորհրդային Միության տարուբերումների հետ 1920-ականների վերջից նախ գյուղատնտեսության զարգացման հիմք դրվեց (ծանր գնով՝ սեփականության իրավունքի մերժման գնով)։ Հետո 30-ականներին ինդուստրալիզացիայի՝ արդյունաբերականացման շրջան սկսվեց։ Խորհրդային Հայաստանում ձևավորվում էր քիմիական, սարքաշինական, հաստոցաշինական արդյունաբերությունը, հանքարդյունաբերությունը (որը 19-րդ դարից էր ժառանգվել)։ Որոշակի իմաստով նոր ոլորտ էր թեթև (տեքստիլ) արդյունաբերությունը։

Նկատելի էր ավանդական գորգագործության ծավալների աճը։ Կոշկագործությունը թվում էր, թե ավանդական հիմքեր չունի։ Բայց այդ ոլորտը զարգացնելու երազանք-ձգտումը մեծ էր։ «Մասիս» ու «Նաիրի» էինք անվանել ոլորտի խոշոր ձեռնարկությունները։ Ոլորտ, որ դժվար կայացավ՝ ծանր ու երկարատև ջանքերի շնորհիվ։ 60-70-ականների մամուլում մի գլուխ ֆելիետոններ էին, ուր ծաղրվում էր Հայաստանում արտադրվող կոշիկի որակը։ 80-ականների սկզբից ֆելիետոն-ծաղրը վերացավ՝ ոլորտը կայացել էր։ Այդ հետո՝ տասնամյակներ հետո Արենիի քարանձավում հայտնաբերվելու էր աշխարհում ամենահին կոշիկը։ Ու հնագիտական հայտնագործությունը բացահայտելու էր հաջողելու գաղտնիքը՝ կոշկագործությունը չէր կարող ձախողվել իր պատմական հայրենիքում։ Ճիշտ այնպես ինչպես գինեգործությունը։

Մենք՝ հայերս, վստահ ենք, որ մեր երկիրը խաղողագործության հայրենիքներից է։ Գոնե։ 20-րդ դարի 50-80-ական թվականներին գինեգործությունը լուրջ թափ հավաքեց։ Այսօրվա բառապաշարով ասած՝ դառնալով երկրի «բրենդ-ապրանքանիշերից»։ Ոլորտի մյուս ճյուղի՝ կոնյակագործության մասին լեգենդներն առ այսօր պատմվում ու վերապատմվում են։ Մեր կոնյակագործության փառքը կասկածի տակ չէր առնվում անգամ հարևան հանրապետություններում։ Սակայն այդ շրջանում տնտեսական ու ինժեներատեխնիկական առումով ձախողված մի փորձ արձանագրեցինք»։ Կատարյալ ձախողման։ Հին ու, կարծես, փորձված «մեթոդով» նոր ճյուղի արտադրանքին խորհրդանշական ու կարևոր անուն էին տվել՝ «Երազ»։ Իրականում այն ռուսերենից Երևանյան ավտոմոբիլային գործարան անվանման կրճատ տարբերակն էր, որ հայերեն ռոմանտիկ հնչողություն ուներ։ Ռոմանտիզմը չօգնեց։ Գործարանի արտադրանքը սպառվում էր միայն խորհրդային վարչահրամայական կանոններին ենթարկվող տնտեսական համակարգում։

Իսկ 1970-ականներին մեր տնտեսական համակարգում նոր ոլորտ հայտնվեց։ Խոսքը ռադիոէլեկտրոնիկայի մասին է։ Այս «նորամուծությունը» լուրջ պատճառներ ուներ։ Ժողովրդագրության տվյալներն ուսումնասիրելով կարելի է տեսնել, որ 50-60-ական թվականներին ծնելիության բարձր աճ կար։ Բնական աճի բարձր ցուցանիշին ավելացել էր նաև հայրենադարձությամբ պայմանավորվածը։

Արտաքին հայրենադարձությունից զատ կար նաև «ներքին» հայրենադարձություն։ Խոսքը հիմնականում Վրաստանից, Ադրբեջանից և Ռուսաստանից էթնիկ հայերի ներգաղթն էր։ Բնական աճի ներքին ու արտաքին հայրենադարձության արդյունքում Խորհրդային Հայաստանի տնտեսական համակարգն արդեն ի վիճակի չէր աշխատատեղեր ապահովել բնակչությանը։ Այսօր դժվար է հավատալ, որ Խորհրդային Միությունը «արգելում էր» գործազրկությունը։ Ավելին չաշխատելը քրեական հանցանք էր՝ օրենսգիրքն այն «պորտաբուծություն» էր համարում։ Նոր՝ ռադիոլեկտրատեխնիկական ոլորտը աշխատատար էր։

Հետևաբար կարող էր հավելյալ աշխատատեղեր ապահովել։ 70-80-ականների հայկական մամուլի ֆելիետոնների նոր թեմա էր դարձել արտագնա աշխատանքը՝ «խոպանչիկությունը»։ Շինարարության ակտիվ ամիսներին գարնանից-աշուն հիմնականում Ռուսաստան աշխատելու էր մեկնում նկատելի թվաքանակով աշխատուժ։ Այդ պատճառով երկրի ղեկավարությունը որոշեց զարգացնել աշխատատար ոլորտներ։ Էլեկտրատեխնիկայի ու հատկապես ռադիոէլեկտրոնիկայի «ոսկե դար» սկսվեց։ Զուգահեռաբար աճում էր բարձրագույն կրթություն ունեցող աշխատուժի թվաքանակը։ Նրանց համար աշխատատեղ էին ապահովում ակադեմիական գիտահետազոտական ինստիտուտները։

Ապագայի՝ այսինքն ներկայիս օրերի համար ապագայաստեղծ մի հիմնարկություն առանձին ուշադրություն-հիշատակման է արժանի։ Խոսքը Մերգելյանի ինստիտուտի մասին է։ Այսօրվա մեր ՏՏ ոլորտը ինչ-որ իմաստով մերգելյանականների ժառանգություն-սերունդ են։ Կամ նրանց գործի շարունակողները։ Մենք 20-րդ դարի վերջին և, որ ավելի կարևոր է, Հայաստանի անկախությանը մոտենում էինք մասամբ կայացած գյուղատնտեսության համակարգով, որ բավարար ու որակյալ հումք կարող էր մատակարարել գյուղմթերք վերամշակող արդյունաբերությանը։ Մոտենում էինք հատվածաբար կայացած արդյունաբերական համակարգ՝ քիմիական, հանքահումքային արդյունաբերություն, ռադիոէլեկտրոնիկա, մեքենաշինություն, հաստոցաշինություն, գիտահետազոտական և ակադեմիական ինստիտուտներ։ Որ ոլորտը հաջողվեց պահել գոյատևման մակարդակում, որ ոլորտը անլուր ու անհետք հանձնեցինք, որ ոլորտները փորձեցինք ու հաջողեցինք զարգացնել՝ արդեն հաջորդիվ թեմա է։

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ