02  08  2019

Վարչապետը գլուխը գովեց, թե… Հովհաննես Ավետիսյան

Վարչապետը գլուխը գովեց, թե… Հովհաննես Ավետիսյան

Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վարչապետը էնքան գլուխը գովեց, թե բա բյուջեի եկամուտները աճացրել եմ, ասի մի թեթև ծիկրակեմ թվերը: Ուրեմն նկարի թվերը պատկանում են ՊԵԿ-ին (շարվածքն ու տոկոսների հաշվարկը իմն են):

Ինչպես տեսնում եք՝ ՀՀ պետական բյուջե հաշվեգրված հարկային եկամուտներ և պետական տուրքը 2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում համեմատ 2018 թվականի առաջին կիսամյակի աճել են 24.5 %-ով: Ուշադրություն, վարչապետը գրել է աճել են ՀՀ պետական բյուջեի եկամուտները` 25.1 %-ով: Իմ գրածը հարկային եկամուտների և պետական տուրքի մասին է:

Ի լրումն սրա մի քանի բան էլ գրեմ որ մի քիչ պատկերը ընդարձակվի:

Ուրեմն, համաձայն ՀՀ ֆինանսների նախարարության.

– 2019 թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 758.5 մլրդ դրամ, իսկ ծախսերը` ավելի քան 636.6 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 106.6% ով և 79.8%-ով ապահովել են ՀՀ կառավարության առաջին կիսամյակի ծրագրի կատարումը:

– 2019 թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 713.4 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք 8.4%-ով գերազանցել են կիսամյակային ծրագրով սահմանված ցուցանիշը:

Ստացվում է, որ պետական բյուջեի եկամուտները պլանավորվածի համեմատ աճել են 6.6%-ով, այսինքն վարչապետի գրած 25.1%-ից 18.5 %-ը պլանավորված աճ է:

Իսկ իմ նշած հարկային եկամուտներ և պետական տուրքի մասով (սա ավելի կարևոր է, քան պետական եկամուտների ցուցանիշը) պլանավորվածի համեմատ աճը 8.4% է, այսինքն նշածս 24.5 %-ից 16.1 %-ը պլանավորված էր:

Սրա հետ մեկտեղ, շատ ավելի կարևոր է գումարների ծախսման ուղղությունը: Ինչպես վերոգրյալից երևում է, ծախսերը առաջին կիսամյակի պլանի համեմատ թերակատարվել են 20.2 %-ով:

Ես չեմ շտապի ասել, որ սա վատ է, կամ լավ է:

Բայց ասեմ, որ սա վատ է, քանի որ շեղումը շատ մեծ է: Հարց է առաջանում, որն է սրա պատճառը, եթե օրինակ ընթացիկ ծախսեր են խնայվել, կարելի է պայմանական ասել` լավ է, իսկ եթե կապիտալ ծախսեր են հետաձգվել, կարելի է ասել` վատ է…կարճ ասած վատ է, որ շեղումը մեծ է պլանից, բայց պետք է հասկանալ պատճառները, որպեսզի իմանանք ընդհանուր վատ է, թե լավ կողմեր էլ կան:

Սրան գումարած, ամենակարևոր մասը ասեմ: Վարչապետը գրում է, որ եկամուտների 25.1 % աճը հնարավորություն է տալիս ծախսեր ավելացնել և թվարկում է ծախսեր, որոնք մեծամասամբ ընթացիկ և կրկնվող ծախսեր են:

Ինչպես արդեն նշեցի, կարևոր են հարկային եկամուտները, ոչ թե ընդհանուր եկամուտները, քանի որ ընդհանուր եկամուտների մեջ կա օրինակ նվեր փող (գրանտ), որ մյուս տարի մեծ հավանականությամբ չի լինի, կամ կա պետական գույքի օտարումից մուտք, որ մյուս տարի վստահաբար չի լինի:

Կուզեմ ասել չափազանց կարևոր է բյուջեի ընթացիկ ծախսերը ավելացնելուց առաջ հասկանալ, թե ինչքանով են այդ եկամուտների աճերը կայուն և շարունակական լինելու: Որ ավելի պարզ լինի թվով ասեմ, հարկային եկամուտներ և պետական տուրքի 24.5% աճը նախորդ ժամանկահատվածի համեմատ կազմում է 140.5 միլիարդ դրամ, սրանից շահութահարկի և եկամտային հարկի գծով աճը կազմել է 49.5 միլիարդ դրամ: Սա այս 24.5% աճի շուրջ 1/3-ն է, այսինքն սրանից 8.6% մասը:

Այսինքն՝ առանց այս երկու հարկերի աճը կազմել է 15.9 %:

Ինչո՞ւ է սա կարևոր, կհիշե՞ք համահարթ հարկում և շահութահարկի նվազեցում: Հավանաբար հիշեցիք: Հետևաբար, շատ մեծ հավանականությամբ եկամտային հարկի և շահութահարկի գծով պետական բյուջեի եկամուտները հաջորդ ժամանակահատվածներում նվազելու են մի քանի տասնյակ միլիարդ դրամով:

Ամփոփելով ասեմ, որ եկամուտների աճը կարևոր է, բայց ավելի կարևոր է հարկային եկամուտների աճը և էլ ավելի կամ իր հերթին շատ կարևոր են ծախսման ուղղությունները: Եթե տնտեսական աճ ենք ուզում պոպուլիստական քայլերից (ընթացիկ ծախսերի ավելացում) պետք է անցնել ենթակառուցվածքներ կառուցելուն` կապիտալ ծախսերի:

Իսկ ոչ կայուն եկամուտների աճերի հիման վրա բյուջեի ընթացիկ ծախսեր ավելացնելը, մեղմ ասած, արկածախնդրություն է»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ