24  03  2020

Վարչապետը հորդորում է և՛ մնալ տանը, և՛ դուրս գալ վազելու

Վարչապետը հորդորում է և՛ մնալ տանը, և՛ դուրս գալ վազելու

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում հայտնեց, որ մարտի 24-ից պայմանավորված կորոնավիրուսի տարածմամբ՝ երկրում նոր սահմանափակումներ են կիրառվելու։ Նոր սահմանափակումները, սակայն, կարծես իրար հակասում են։ Մի դեպքում վարչապետը հորդորում է տնից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում և ունենալ անձնագիր, սակայն կոչ է անում նաև դուրս գալ հեծանիվ քշելու ու վազելու։

«Տեղաշարժի մեջ գտնվող մեր բոլոր քաղաքացիները պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ։ Պարետատունը կսահմանի քաղաքացու կողմից տեղաշարժի ձևաթուղթ լրացնելու պարտադիր պայման։  Հազարավոր ձեռնարկությունների աշխատանքը դադարեցվելու է և թույլատրվելու է միայն կենսական անհրաժեշտ կազմակերպությունների գործունեությունը։ Եվ որ կարևոր է, մարդկանց միայն կենսական տեղաշարժը։ Փողոց դուրս եկած մեր քաղաքացիները պետք է հստակ բացատրություն ունենան, թե ուր են գնում և այդ բացատրությունը պետք է տեղավորվի կենսական անհրաժեշտ տեղաշարժի տրամաբանության մեջ»,- նշեց վարչապետը։

Միևնույն ժամանակ վարչապետը նշում է․ «Տանը մնալու, մեկուսանալու և ինքնամեկուսանալու ժամանակը ինքնահայեցման, վատ սովորություններից ազատվելու ամենահարմար ժամանակն է, որովհետև հենց նման պահերին ենք հասկանում՝ ինչքան խոցելի ենք, թե ինչպիսի մարտահրավերների առջև են մեզ կանգնեցնում անառողջ ապրելակերպը, անառողջ սննդակարգը, նստակյաց կյանքը, ավելորդ քաշը, ծխելը և ալկոհոլի չարաշահումը:

Կոչ եմ անում այս ժամակահատվածն օգտագործել ծխելը թողնելու, ավելորդ քաշից ազատվելու, թեթև սննդի կուլտուրա որդեգրելու համար: Կոչ եմ անում առավոտյան վազել, մարմնամարզություն կատարել և հեծանիվ վարել, իհարկե, բացառելով թիմային մարզումները և պահպանելով սոցիալական հեռավորությունը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ