13  02  2020

Բյուջետային ավիաընկերությունների կասկածելի հմայքը. Գրիգոր Պողոսյան

Բյուջետային ավիաընկերությունների կասկածելի հմայքը. Գրիգոր Պողոսյան

Իշխանությունները հպարտորեն նշում են միանգամից երկու բյուջետային ավիաընկերությունների մուտքը  Հայաստան։  Այս տարի իրականություն դարձած թռիչքները իսկապես հասանելի դարձրին մեր քաղաքացիների համար եվրոպական մի շարք ուղղություններ։

Սակայն պետք է հասկանալ` որոնք են բյուջետային ավիաընկերությունների հետ կապված խնդիրները և դիտարկել գործընթացի առավելությունների նկատմամբ թերությունների հարաբերակցությունը։ Մի կողմ թողնելով անհարմարավետության և աբսուրդային իրավիճակների խնդիրները, քանի որ դրանք լոկալ, սուբյեկտիվ են՝ դիտարկենք որոշ համեմատաբար մակրոխնդիրներ, որոնց բախվում է երկիրը այս նոր գործընթացների մեկնարկով։

Նախ, ի սկզբանե հայտարարվում էր, որ Շիրակի մարզի զարգացման՝ Գյումրիում ակտիվության բարձրացման նպատակով, այդ ավիաընկերություններն իրենց գործունեությունը կծավալեն հիմնականում Գյումրիի օդանավակայանից։ Մինչդեռ տեղի ունեցավ ճիշտ հակառակը՝ թռիչքների բացարձակ մեծամասնությունն իրականացվում է Երևանից։  Եթե խնդիր է դրվել Գյումրին դարձնել զարգացած տուրիստական կենտրոն, իսկ դրա բոլոր հնարավորությունները կան, ապա «լոուքոսթերների» թռիչքների մեծամասնությունը պետք է իրականացվեին հենց Շիրակի օդանավակայանից, ինչպես դա արվում է ամբողջ աշխարհում։ Դա կստեղծեր հնարավորություն, որ հնարավոր  օտարերկրյա այցելուները /նրանց այցելությունները ևս քննարկման առարկեն/ առաջին հերթին կայցելեին Գյումրի, իսկ այնուհետև Երևան և Հայաստանի մնացած վայրերը։ Դա իր հերթին կբերեր Գյումրու տուրիստական նշանակության օբյեկտների և կոմունիկացիաների զարգացման։ Սա պարզ լուծում պահանջող խնդիր է, որը սակայն անհասկանալի պատճառներով անտեսվեց։

Հաջորդը. վարչապետն իր ելույթներում ուրախությամբ նշում է, որ արդեն սովորություն է դառնում շաբաթ-կիրակի օրերը Եվրոպա մեկնել-վերադառնալը։ Բացի նրանից, որ այդ «սովորությունը» միևնույնն է ոչ բոլորին է հասանելի, լավագույն դեպքում «պարգևավճարաշատ» և դիվանագիտական անձնագիր ունեցող պաշտոնյաներին, բայց ոչ հպարտ քաղաքացիներից շատերին, բյուջետային ավիաընկերությունների ավելացող ուղղություններին զուգընթաց, պրակտիկորեն բարդանում է տարբեր երկրների մուտքի վիզաների ստացման գործընթացը՝ ի հակառակ դրանց դյուրինացման մասին տարբեր հայտարարությունների։ Դուք փորձեք որևէ ուղղությամբ վիզա ստանալու համար օր վերցնել, տեսեք, թե որքան նյարդ և ժամանակ է ձեզանից խլելու։ Չկա նաև երաշխիք, որ երկար քաշքշուկներից հետո գրանցվելուց հետո վերջապես կստանաք մուտքի վիզան, առավել ևս բազմակի օգտագործման։  Առանձին դեսպանատներ փոխել են իրենց կողմից մի շարք ուղղություններով վիզաների տրամադրման կարգը՝ իրականացնելով վիզա կենտրոնների միջոցով, ինչն առավել բարդացնում է գործընթացը։ Օրինակ՝ Վիեննայի ուղղությամբ բյուջետային ավիաընկերությունների թռիչքներին զուգահեռ  Գերմանիայի դեսպանատունն այս տարվա սկզբից այլևս չի տրամադրում Ավստրիայի մուտքի վիզա։ Վիզայի տրամադրումն իրականացվում է Մոսկվայում Ավստրիայի դեսպանատան կողմից՝ վիզա կենտրոնների միջոցով։ Այս ամենն ավելի է բարդացնում վիզաների ստացման պրոցեսը։ Հետևաբար առանց վիզաների տրամադրման պրոցեսի հեշտացման և ազատականացման, որքան էլ շատ լինեն բյուջետային ավիաընկերությունների ուղղությունները, միևնույն է դրանք ՀՀ հպարտ քաղաքացիների մեծ մասի համար անհասանելի են լինելու։

Անհրաժեշտ է դիտարկել նաև, թե տնտեսապես որքանով է մեր երկրին ձեռնտու նման պրոցեսը: Հասկանալի է, որ այդ ուղևորությունները ոչ միայն ավիատոմսի համար վճարվող գումարներն են, այլ նաև կեցության ծախսերը, որ արվում են օտարերկրյա ծառայություններից  օգտվելիս։ Կան, արդյո՞ք, տնտեսական հաշվարկներ, թե արդյունքում որքան միջոցներ են դուրս հանվում Հայաստանից։ Առավել ևս, որ վարչապետն ամեն անգամ ուրախությամբ հայտարարում է նոր ուղղության բացման մասին։ Օրինակ՝ «Ռայան Էյր» ավիաընկերության պաշտոնական կայքում հայկական ուղղությունների մեկնարկի հետ կապված կա կանխատեսում, որ այս տարի ընկերությունն այս ուղղություններով կփոխադրի կփոխադրի 198000 ուղևորի։ Կոպիտ հաշվարկով՝ եթե տոմսի միջին արժեքը 35 եվրո է, ապա միայն այստեղից գոյանում է 7 միլիոն եվրոյի արժեք, որի ճնշող մասը հաստատապես վճարելու են ՀՀ քաղաքացիները Եվրոպա մեկնելու համար։ Ըստ շրջագայությունների խորհրդատվական lonelyplanet.com հեղինակավոր կայքի ուսումնասիրությունների՝ օրինակ` Իտալիայում անցկացրած ամեն օրվա համար միջին բյուջետային ճանապարհորդության արժեքը կազմում է 100 եվրո, ներառյալ սնունդն ու կացությունը։ Այսինքն նշված ուղևորներից 150000-ը, եթե մեկ շաբաթով մեկնում է հանգստի և օրեկան ծախսում 100 եվրո, ապա երկրից արտահանվում է 105 միլիոն եվրո։ Համեմատության համար նշենք, որ 2019-ին ՀՀ արտաքին պարտքը 250 միլիոն դոլարով է աճել, ահա թե ինչու է դա կարևոր։

Բյուջետային ավիաընկերությունների գործունեության ամենադրական կողմերից մեկը պետք է լիներ զբոսաշրջության աճը։ Դեռևս չկա պաշտոնական վիճակագրություն, բայց միանշանակ կարելի է պնդել, որ այս ընթացքում այդ ավիաուղիների միջոցով Հայաստանից մեկնածների քանակը անհամեմատ ավելի բարձր է, քան ժամանածներինը։ Ըստ թռիչքներից օգտվողների՝ ինչ կազմով մեկնում է ինքնաթիռը, գրեթե նույն կազմով էլ վերադառնում է Հայաստան։ Շահո՞ւմ է արդյոք դրանից երկիրը, դժվար է ասել։ Հարցը շատ պարզ է, արդյոք լոուքոստերներով մեզ մոտ խթանվելու է արտագնա տուրիզմը, թե՞ ներգնա։ Օրինակ՝ հարևան Վրաստանում պատկերն այլ է, նախ «լոուքոստերները» գործում են Թբիլիսիից դուրս գտվող օդանավակայաններում, հատկապես, Քութաիսիի օդանավակայանում։ Վրաստան ժամանած զբոսաշրջիկների թիվն էլ զգալիորեն ավելացել է։ 2012 թվականի համեմատությամբ զբոսաշրջիկների թիվն ավելի քան կրկնապատկվել է՝ անցնելով 8 միլիոնի շեմը։

Եվ վերջապես ևս մեկ հարց, որ այդպես էլ պատշաճ պատասխան չստացավ, վերջիվերջո, մատչելի ավիատոմսերի դիմաց կառավարությունը ինչպիսի փոխհատուցում է տրամադրում ավիաընկերություններին, ինչ սուբսիդավորման մասին էր այսքան խոսվում և գործող իշխանությունների կողմից համառորեն ծածուկ պահվում հասարակությունից, ինչպիսի պարտավորություններ է ստանձնել  կառավարությունը։ Երբ սովորաբար որևէ պայմանավորվածություն գաղտնի է պահվում, ուրեմն մտահոգվելու ինչ-որ առիթ այնուամենայնիվ կա։

Մտահոգիչ է նաև դասական ավիաընկերությունների համար ստեղծված անհավասար մրցակցությունը։ Ըստ վերջին տեղեկությունների «Տարոմ ավիան» դադարեցրել է ավիատոմսերի վաճառքը։ Դեպի Աթենք, Սալոնիկ, Լարնակա և Պաթոս ուղղությունները մրցակցային անհավասար պայմաններ են ստեղծել հունական ավիաուղիներում մասնագիտացած Էգեյան Էյր ավիաընկերության համար, դեպի Վիեննա թռիչքները ՝ Ավստրիական ավիաուղիների։ Ինչ է սպասվում այս և  մյուս ավիաընկերություններին դժվար է կանխատեսել։ Թե ո՞ր ավիաընկերությունը կդառնա հաջորդ հավանական լքողը, ժամանակը ցույց կտա:

Ի վերջո բյուջետային ավիաընկերությունների տնտեսական արդյունվետության վերաբերյալ շատ բարդ է խոսել, քանի դեռ չկան օրենսդրական կամ ոլորտի քաղաքականության այնպիսի լծակներ, որոնք նվազագույնի կհասցնեն երկրից դրամական միջոցների, ռեսուրսի արտահոսքի, դասական ավիաընկերությունների հետ կապված ռիսկերը և իսկապես կխթանեն հայաստանյան զբոսաշրջությունը։

Գրիգոր Պողոսյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ