13  02  2020

«Ասֆալտին փռեք» քննիչներին․ Հրանուշ Խառատյանը՝ բանակում զոհերի մասին

«Ասֆալտին փռեք» քննիչներին․ Հրանուշ Խառատյանը՝ բանակում զոհերի մասին

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ասֆալտին փռեք» բանակում կատարվող սպանությունները բացահայտելու անկարող/«անկարող» քննիչներին, հավաքվեք, զգաստացեք, ենթասպաներից մինչև գեներալ, մինչև նախարար բոլորդ պատասխանատու եք: Այստեղ «ես մեղավոր չեմ» չկա: Քննիչներն «անկարող» են միայն վերադասի ցանկությամբ: Այդ թվում նաև տարիներ շարունակ «անկարող» քննիչներ ունենալու համար: Այնքան մարդ է պարգևատրվել, մեդալ, շնորհակալագիր, պաշտոնի բարձրացում ստացել «անկարողության» համար:

Մեկ օրվա մեջ, մեկուկես ժամվա տարբերությամբ, Արցախի երկու տարբեր զորամասերում, բայց երկուսն էլ հարավում «մահացու հրազենային վիրավորում» են ստացել երկու տարբեր զինծառայողներ, երկուսն էլ՝ 20 տարեկան։

«Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն»: Սա այս պարբերացված սոսկալի երևույթի նկատմամբ ստանդարտ ձևակերպումն է:Ի՞նչ են պարզել նախորդ այս կարգի դեպքերի «քննությունները», ինչքա՞ն կարելի է «չպարզված հանգամանքների» կամ կեղծ «պարզված հանգամանքների» գերին մնալ: Բանակն ի՞նքն է դրա գերին, թե՞ այնտեղ ամեն ինչ շատ պարզ է, և «չպարզված հանգամանքերի» գերի են միայն սպանվածների հարազատները և մենք՝ շարքային քաղաքացիներս:

Ես, որպես ՀՀ շարքային քաղաքացի, այնպիսի ընկալում ունեմ, որ բանակային բոլոր անմեղ հնչող «մահացու հրազենային վիրավորում»-ները սոսկալի սպանություններ են, որոնց քննությունները համարյա երբեք օբյեկտիվ բացահայտումներ չեն արել և չեն անում:

Դրանցից որոշների մասին իմացություններս ստիպում են կասկածել, որ սպանողները նախապես երաշխավորված են չբացահայտման: Կամ քննիչներն են անորակ, կամ բանակն է անզոր նրանց կամայականություների նկատմամբ: Երբեմն էլ կասկածի որդն է կրծում՝ իսկ գուցե քննիչները պիտի ոչ թե «հանգամանքները պարզեն», այլ հանգամանքները կոծկե՞ն: Է, այդ քննիչներին «ասֆալտին փռեք», ասֆալտին փռելու սպառնալիքների մաստեր կլասի դասեր ենք ստանում, դատեք նրանց ի վերջո: Չպարզված, կամ կեղծ պարզված հանգամանքները անգամներով գերազանցում են պարզվածներին/«պարզվածներին»: Իսկ գուցե կարող եք նաև «հանգամանքնե՞րը» ասֆալտին փռել»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ