09  10  2019

Վարչապետն ընդունել է Ալեքսիս Օհանյանին

Վարչապետն ընդունել է Ալեքսիս Օհանյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն  ընդունել է WCIT 2019 մասնակից, Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր, ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանին: Այս մասին հայտնում է Վարչապետի աշխատակազմը։

Վարչապետը ողջունել է Ալեքսիս Օհանյանին Հայաստանում, Հայաստանի կառավարությունում և կարևորել նրա մասնակցությունը ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին: «Մենք հպարտանում ենք աշխարհի տարբեր երկրներում հաջող գործունեությամբ աչքի ընկնող մեր հայրենակիցների ձեռքբերումներով, ովքեր միջազգային ասպարեզում ճանաչելի են դարձնում մեր հայրենիքը: Ուրախ եմ հյուրընկալել Ձեզ այստեղ և քննարկել համատեղ ծրագրերի, Հայաստանի զարգացման  փոխշահավետ նախագծերի հնարավորությունները», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Ալեքսիս Օհանյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին գնահատականների համար՝ նշելով, որ ուրախ է նորից այցելել Հայաստան, որտեղ անցկացվում է համաշխարհային մասշտաբի այսպիսի կարևոր տեխնոլոգիական միջոցառում: «Հայաստանը մարդկային տաղանդի մեծ ներուժ ունի, զարգանալու և բարգավաճելու բազմաթիվ հնարավորություններ  և մաս կազմելու համաշխարհային տեխնոլոգիական առաջընթացի»,- իր խոսքում ասել է Ալեքսիս Օհանյանը:

ՀՀ վարչապետը և ամերիկահայ գործարարը քննարկել են Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի ընթացքին, ՏՏ ոլորտում համագործակցությանը, այդ բնագավառում երիտասարդների և կանանց ներգրավվածության խթանմանը վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարությունը ՏՏ ոլորտը հռչակել է գերակայություն՝ նպատակադրելով Հայաստանը դարձնել տեխնոլոգիական երկիր: Այս համատեքստում կառավարության ղեկավարը ներկայացրել է ընթացիկ ծրագրերը մեր երկրում բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ