11  07  2019

Երկխոսություն Նիկոլ Փաշինյանի և Դոնալդ Տուսկի միջև․ Իսկ ու՞ր է հիմա Ռոբերտ Քոչարյանը

Երկխոսություն Նիկոլ Փաշինյանի և Դոնալդ Տուսկի միջև․ Իսկ ու՞ր է հիմա Ռոբերտ Քոչարյանը

Երևան եկած պաշտոնական հյուրերը զբոսանքի դուրս գալիս սովորաբար անցնում են Հյուսիսային պողոտայով՝ կլինի Հիլարի Քլինթոն, Անգելա Մերկել, Ջասթին Թրյուդո, թե Դոնալդ Տուսկ։ Պողոտան, որի կառուցման համար մշտապես քննադատում էին Ռոբերտ Քոչարյանի իշխանությանը, անմիջապես դարձավ Երևանի գլխավոր ճեմուղին թե՛ քաղաքացիների, թե՛ հյուրերի համար։ Այդպիսին մնաց անգամ 2018-ի իշխանափոխությունից հետո։ Եվրոպական հանձնաժողովի նախագահին Նիկոլ Փաշինյանը նույնպես հրավիրել էր պողոտայի ռեստորաններից մեկը, որից դուրս գալով՝ ժպտալով ինչ-որ բաներ էր նկարագրում՝ ցույց տալով պողոտայի այս ու այն կողմը։

Ի՞նչ երկխոսություն կարող էր տեղի ունենալ նրանց միջև։ Ենթադրում ենք՝ հետևյալը․

-       Իրոք որ գեղեցիկ է, նորակառո՞ւյց է, ո՞վ է կառուցել։

-       Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ է կառուցվել։

-       Օդանավակայանն էլ էր շատ գեղեցիկ, ներկայանալի, միջազգային լավագույն չափանիշներով կառույց, ո՞վ է կառուցել, ո՞ր ղեկավարի ժամանակ։

-       Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, իր ժամանակ։

-       Է՞լ ինչեր են կառուցվել նրա ժամանակ։

-       Սարալանջի մայրուղին, Ծաղկաձորը որպես ձմեռային հանգստավայրը,- չուզենալով արտաբերում է Նիկոլ Փաշինյանը, և շարունակում,- Սևան-Դիլիջան թունելը, Դավիթաշենի կամուրջը, որով քաղաքի մի հատվածը մյուս հատվածին ի վերջո միացավ։ Ընդհանրապես, նրա ղեկավարման տարիներին շինարարներն արտագնա աշխատանքի չէին մեկնում։ Աղետի գոտին է կառուցել վերջապես։ 88-ի հայտնի երկրաշարժից հետո 10 տարի կիսաքանդ մնացին Գյումրին, Սպիտակը, այլ քաղաքներում ևս բազմաթիվ փլուզումներ էին եղել։ Ռոբերտ Քոչարյանը վերականգնեց՝ հաջորդներին կառուցելու քիչ բան թողնելով։ Բայց մինչև հիմա կառուցում ենք։

-       Այդքանից հետո գոնե Ազգային հերոսի կոչում տվեցի՞ն։

-       Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում էին տվել, դա էլ մենք եկանք ու որոշումը չեղարկեցինք։ Ինքը Ղարաբաղյան պատերազմի հերոս է։ Ղարաբաղի ազատագրական պայքարի առաջնորդներից․․․

-       Իսկ Դուք որտե՞ղ էիք այդ ազատագրական պատերազմի ժամանակ, հա՛րգելի պարոն վարչապետ։

-       Ես բանակային ծառայությունից ազատվում էի․․․ Բացի այդ, ես փոքր էի, ընդամենը 18 տարեկան,- նեղսրտում է։

-       Բա ձեր ընտանիքը ո՞վ էր պաշտպանում այդ ժամանակ։

-       Ռոբերտ Քոչարյանն ու իր նմանները։

-       Լավ, իսկ Դո՞ւք ինչ եք կառուցել, պարո՛ն վարչապետ։

-       Մեկ տարին քիչ է կառուցելու համար։

-       Գոնե հիմքերը դրե՞լ եք, դրա համար էլ հո մեծ ժամանակ է։

-       Դե բարիկադներ եմ կառուցել։ Կարողացել եմ հստակ տարանջատել սևերին ու սպիտակներին ու սևերի դեմ բոլոր մեթոդներով պայքարում եմ։

-       Ովքե՞ր են սևերը։

-       Ժողովուրդը։

-       Բա սպիտակնե՞րը։

-       Ժողովուրդը։

-       Իսկ այդ երիտասարդները ի՞նչ են գոռում մեր հետևից։

-       Ձեր չէ, իմ հետևից են գոռում։ Ասում են, որ ես մարտի մեկ եմ կազմակերպել, որ ես Երևանի կենտրոնը 2008 թվականին ռազմադաշտի էի վերածել։

-       Ճի՞շտ են ասում։

-       Մասամբ։ Բայց ես մենակ չէի, Լևոն Տեր-Պետրոսյանը հետս էր ու որոշ մարդիկ մեր թիմից։

-       Է՞լ ինչ են ասում այդ երիտասարդները։

-       Ասում են, թե վախենում եմ մարդկանց մեջ դուրս գալ, որ միայն գլխարկիս է «դուխով» գրած, մեղադրում են, որ մարտի 1-ի առիթով հերոսների դեմ քրեական գործեր եմ սարքել։ Մեղադրում են, որ խոստումներ եմ տվել ու չեմ կատարել։ Բայց դե դրանք սևերն են։

-       Բա ինչո՞ւ են «վենդետա» վանկարկում։

-       Նկատի ունեն Ռոբերտ Քոչարյանին։

-       Իսկ ու՞ր է հիմա Ռոբերտ Քոչարյանը։

-       Մենք հասանք Ձեր մեքենային, հարգելի պարոն Տուսկ ․․․

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ