26  03  2020

Նախարարը մերժել է Էդմոն Մարուքյանի առաջարկը

Նախարարը մերժել է Էդմոն Մարուքյանի առաջարկը

Ինչպես հավանաբար հիշում եք, օրեր առաջ դիմել էի ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին՝ առաջարկելով, որ 2 ամիս ժամանակով կալանքից հանվեն հարկադիր կատարման ծառայության կողմից կալանքի տակ դրված մինչև 500,000 ՀՀ դրամ միջոցները։ Այդ միջոցներով արտակարգ դրության և համաճարակի հետևանքով ֆինանսական վատթար դրության մեջ հայտնված քաղաքացիները կկարողանային վճարել կոմունալ ծառայությունների դիմաց ու կատարել այլ առաջնային ծախսեր։

Ինձ է փոխանցվել նախարարի պատասխանը, ըստ որի՝ նախարարը մերժել է այդ առաջարկությունը՝ իհարկե իրավացիորեն մեջբերելով գործող իրավակարգավորումները, որոնք խոչընդոտում են այդ առաջարկի իրագործմանը։

Բնականաբար, նշված կարգավորումներին մենք ևս քաջատեղյակ ենք, սակայն քաղաքական կամքի առկայության պարագայում հնարավոր կլիներ լուծում գտնել նաև այդ խնդրին։

Մյուս կողմից, նշվում է, որ առաջարկի ընդունումը կհանգեցնի մյուս կողմում հանդես եկող պարտատիրոջ իրավունքների խախտմանը (այս մասով շեշտենք, որ մեր առաջարկը բնականաբար վերաբերում էր միայն վարչական տուգանքներին, այլ ոչ թե մասնավոր իրավահարաբերություններին)։

Այսինքն, կառավարությունն ի շահ քաղաքացիների այս մասով չի ցանկանում գնալ զիջումների, որոնք շատ ավելի արագ կհասնեին իրենց հասցեատերերին և կծառայեին իրենց նպատակին, քան այն փաթեթը, որի կիրառմանը դեռ սպասում ենք։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ