26  03  2020

Նախընտրական անակնկալներ. Panorama.am

Նախընտրական անակնկալներ. Panorama.am

Panorama.am-ը գրում է. Աշխարհը ծնկի բերած կորոնավիրուսի ամենօրյա «հաղթարշավով» կլանված՝ հաճախ չենք խորանում մեր կողքին կատարվող շատ կարևոր զարգացումների պատճառների մեջ։ Օրինակ՝ շատ հետաքրքիր պատկեր են ներկայացնում մարտի 31-ին Արցախում սպասվող նախագահական ընտրությունների ֆավորիտների շրջանում կատարված տեղաշարժերը։

«Хроники Армении» տելեգրամ ալիքի մարտի 23-ին անցկացրած սոցհարցման տվյալներով առաջին հորիզոնականում է Վիտալի Բալասանյանը 31,8 տոկոսով,երկրորդում՝ Արայիկ Հարությունյանը 27,1 տոկոսով , երրորդում՝ Մասիս Մայիլյանը 16,8 տոկոսով։ Նախորդ՝ մարտի 16-ին անցկացրած հարցման համաձայն՝ առաջինն էր Արայիկ Հարությունյանը 28,9 տոկոսով, Վիտալի Բալասանյանը 18,9 տոկոսով երկրորդն էր, իսկ Մասիս Մայիլյանը երրորդը՝ 17,2 տոկոսով։ Ավելացնենք նաև, որ մարտի 9-ի հարցման համաձայն Վ․Բալասանյանը երրորդ տեղում էր 15,1 տոկոսով։

Այսինքն՝ երկու շաբաթվա ընթացքում երկու անգամ ավելի շատ մարդիկ են պատրաստվում ձայն տալ Վիտալի Բալասանյանին։

Այս դասավորության մեջ ո՞րն է այն իրական պատճառը, որն արցախցիներին միավորեց Վիտալի Բալասանյանի շուրջ։ Չնվազեցնելով նրա հերոսական անցյալն ու խարիզմատիկ լիդերին բնորոշ հատկությունները, այնուամենայնիվ կարծում ենք, որ Հայաստանի ներկայիս վիճակն է մեծ ազդեցություն թողել մարդկանց ընտրության վրա։ Աչքի առաջ ունենալով վերջին երկու տարում Հայաստանի իշխանությունների դիլետանտիզմի հետևանքով արձանագրած հետընթացը, Ղարաբաղյան բանակցությունների անորոշությունը, ազգայինն ու հերոսներին վարկաբեկելու անվերջանալի գործընթացը՝ արցախցիները հասկացան, որ ավելի կարևոր է փորձառու զինվորականի վստահելը։

Ով ով, բայց նրանք հիանալի հասկանում են, որ ցանկացած սցենարի դեպքում, միևնույն է, առաջնագիծը Արցախն է։ Գուցե ամեն քայլափոխի չեն բարձրաձայնում, բայց արցախցին այսօր չի զգում տասնամյակների այն ամուր թիկունքը, որը միշտ եղել է Մայր Հայաստանը Արցախի համար։ Իսկ դրա լավագույն արտահայտությունը՝ ընտրել այն մարդուն, ով մտածում է իր հողին կպած մարդու նման, այլ ոչ թե վայլելում է ՀՀ իշխանությունների բարեհաճությունը։

Ինչո՞ւ իր դիրքերը զիջեց Արայիկ Հարությունյանը․․․ գուցե այն պատճառով, որ նա ամեն կերպ գովում է Հայաստանի իշխանությանը, մինչդեռ բոլորը տեսնում են, որ Հայաստանում ամեն ինչ իդեալական չէ, իսկ գործող իշխանությունը լիովին սպառել է իրեն։ Խորաթափանց արցախցին դիտարկում է բոլոր տարբերակները, և բնազդով զգում է, որ այօր իր համար առաջնահերթ է անվտանգության խնդիրը, որը հենց իրենք պետք է ապահովեն՝ ընտրելով արցախցու կռվող տեսակին։

Մասիս Մայիլյանի ռեյտինգը մարտի 9-ի 24,3 տոկոսից իջավ 16,8 տոկոսի (մարտի 23)․․․ ինչո՞ւ։ Գուցե նրա համար, որ նրա անունն անընդհատ կապվում է վարկաբեկված անձանց, հատկապես Սորոսի անվան հետ, ինչպես նաև բազմաթիվ հարցեր են առաջացնում նրա մուտքի արգելքը Ռուսաստանի տարածք։ Բացի այդ, նա ընկալվում է որպես Հայաստանի գործող իշխանության հովանավորյալ, ինչն այս պայմաններում լրիվ բացասական արդյունք է տալիս։

Անշուշտ, հասկանալի է, որ նախընտրական շրջան է և բազմաթիվ սուտ ու ճիշտ «գաղտնիքներ են ջրի երես դուրս գալու»․․․ հարցը դա չէ, այլ այն, որ խորքով պարզվեց՝ շարքային արցախցին չի վստահում ՀՀ գործող իշխանությանը։

ՀՀ-ում տարածված կորոնավիրուսը կատալիզատորի նման արագացրեց դանդաղ ընթացող շատ երևույթներ։ Մարտի 16-ին Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելուց հետո Վիտալի Բալասանյանը ոչ մեկ անգամ է կոչ արել Արցախի իշխանություններին՝ այնտեղ ևս արտակարգ դրություն հայտարարել և հետաձգել ընտրությունները, որովհետև կարևորը երկրի անվտանգությունն է և պետք չէ քաղաքական շահերի համար վտանգել բնակիչներին։ Ի դեպ, հենց այսօր մարտի 26-ին, տեղյակ լինելով սոցհարցման արդյունքներով իր գերիշխող տեղի մասին, Վիտալի Բալասանյանը ևս մեկ անգամ դիմել է Բակո Սահակյանին՝ ընտրությունները հետաձգելու առաջարկով։

Առ այս պահը ընտրությունները հետաձգված չեն և ոչ ոք չի կարող երաշխավորել, թե ինչ կլինի վաղը։ Ցանկացած սցենարի դեպքում, իրոք այս պահին առաջնահերթը կորոնավիրուսի համավարակից նվազագույն կորուստներով դուրս գալն է ինչպես ողջ աշխարհի, այնպես էլ Հայաստանի և Արցախի համար։

Լիա Իվանյան, հրապարակախոս

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ