25  03  2020

Մարդիկ կան, ում կոմունալ վճարումները հետաձգելու իմաստ չկա. վարչապետ

Մարդիկ կան, ում կոմունալ վճարումները հետաձգելու իմաստ չկա. վարչապետ

Այսօր Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ ահազանգեր են ստանում կոմունալ ծախսերի մասին: Նա նշեց, որ օրավարձով ապրող մարդիկ այսօր չեն աշխատում, նրանք միջոցներ չունեն կոմունալ վճարումներն անելու համար: Մարուքյանը ցանկացավ իմանալ՝ արդյո՞ք կառավարությունը պատրաստվում է աջակցել այդ մարդկանց:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ տրվող աջակցությունը պետք է լինի հասցեական, հակառակ դեպքում նաև շահում են մարդիկ, ովքեր այդ աջակցության կարիքը չունեն. «Այնտեղ, որտեղ մենք պետք է աջակցություն ցուցաբերենք, անելու ենք հանրային միջոցներով: Հետո մենք պետք է հաշվետվություն ներկայացնենք, թե ինչպես ենք այդ միջոցները ծախսել»:

Ինչ վերաբերում է կոմունալ վճարումներին, Փաշինյանը հայտարարեց, որ տեսակետ կա, թե դրանք պետք է հետաձգել: Նա նշեց, որ մարդիկ կան, օրինակ պետական աշխատողները, լավ ապրողները, ում կոմունալ վճարումները հետաձգելու իմաստ չկա: Այստեղ ևս պետք է հասցեական որոշումներ լինեն:

Փաշինյանը հայտարարեց, որ ձեռք են բերվել պայմանավորվածություններ, որ անջատումներ չեն լինելու: Նման պայմանավորվածություն եղել է նաև «Գազպրոմի» հետ: Միևնույն ժամանակ Փաշինյանը կոչ արեց, որ հնարավորություններ ունեցողները չուշացնեն վճարումները, քանի որ դրանով վատ վիճակում են դնում նրանց, ովքեր իրոք չեն կարող վճարել: Պետք է մտածել նաև այն ընկերությունների մասին, որոնք այսօր հայտարարել են, որ անջատումներ չեն լինի:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ