25  03  2020

Միայն պաշտոնական տեղեկատվություն հրապարակելու պարտադրանքը կսահմանափակի լրատվամիջոցների ազատությունը և տեղեկատվության հասանելիությունը. ԵԱՀԿ

Միայն պաշտոնական տեղեկատվություն հրապարակելու պարտադրանքը կսահմանափակի լրատվամիջոցների ազատությունը և տեղեկատվության հասանելիությունը. ԵԱՀԿ

ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրն իր մտահոգությունն է հայտնել COVID-19 կորոնավիրուսայի համաճարակի հետ կապված ապատեղեկատվության դեմ պայքարի համատեքստում մարտի 23-ին Հայաստանում Քրեական և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում փոփոխությունների փաթեթի վերաբերյալ. նման բովանդակությամբ հայտարարությունը հրապարակվել է ԵԱՀԿ կայքում:

Նշվում է՝  Ներկայիս արտակարգ դրության պայմաններում Հայաստանում ցանկացած «կազմակերպություն, որն իրականացնում է լրագրողական գործունեություն» (որն իր մեջ ներառում է էլեկտրոնային հրապարակումները, որոնք հնացած սահմանումով չեն համարվում լրատվամիջոց), կարող է հրապարակել  միայն պաշտոնական տեղեկատվություն կորոնավիրուսային ճգնաժամի մասին:

Գործադիր մարմինը՝ Կառավարությունը հիմնավորում է, որ դա անհրաժեշտ է՝ կորոնավիրուսով վարակված պացիենտների նկատմամբ ագրեսիայից կամ բնակչության շրջանում խուճապի առաջացումից խուսափելու համար: Սակայն, ԶԼՄ ներկայացուցիչները քննադատել են այդ որոշումը, նշելով, որ չկա հստակ սահմանում, թե որ հաղորդագրությունները կարող են կամ չեն կարող խուճապ առաջացնել, ինչին ի պատասխան՝ Հարլեմ Դեզիրն ասել է.

«Ես լիովին հասկանում եմ նոր օրենքի նպատակը՝ COVID-19 համաճարակի ժամանակ խուսափել խուճապից, ագրեսիայից եւ պայքարել կեղծ տեղեկությունների դեմ։ Միաժամանակ, ԶԼՄ-ները որոշիչ դեր են խաղում հանրությանը կարեւոր տեղեկատվություն տրամադրելու եւ համաճարակի վերաբերյալ կեղծ լուրերին հակազդելու հարցում: Օրենքը չպետք է խոչընդոտի լրագրողների աշխատանքին եւ նրանց՝ համաճարակի մասին հաղորդելու կարողությանը: Միայն իշխանությունների կողմից տրամադրված տեղեկատվության հրապարակումը շատ սահմանափակող միջոց է, որը կսահմանափակի լրատվամիջոցների ազատությունը եւ տեղեկատվության հասանելիությունը»։

Հավելվում է՝ արտակարգ դրության ժամանակ սահմանափակումները խախտած հրապարակումների համար առավելագույն տուգանքը սահմանվել է 300 000 դրամ (մոտ 600 դոլար), իսկ 24 ժամվա ընթացքում արգելված տեղեկատվությունը չջնջելը կհանգեցնի տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի 500-1000-ապատիկի չափով (1000-2000 դոլար):

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ