04  03  2020

Թուրքիան չի կարող որևէ դրական դերակատարություն ունենալ. Արցախի ԱԳՆ

Թուրքիան չի կարող որևէ դրական դերակատարություն ունենալ. Արցախի ԱԳՆ

Թուրքիան ադրբեջանա-արցախյան հակամարտության հարցում չեզոք կողմ չէ, հետևապես օբյեկտիվորեն չի կարող որևէ դրական դերակատարություն ունենալ։ Այս մասին, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլյութ Չավուշօղլուի  հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքին ի պատասխան, հայտարարել են Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Փաստ է, որ Թուրքիան Ադրբեջանի դաշնակիցն է. սկսած 1988 թվականից՝ արցախյան շարժման սկզբնավորումից, և ադրբեջանա-արցախյան հակամարտության ողջ ընթացքում Թուրքիան սատարել է ադրբեջանական կողմին: Ավելին՝ 2016 թ. ապրիլին Թուրքիան բացահայտ կերպով աջակցել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիային՝ հակառակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և, ընդհանրապես, միջազգային հանրության կոչերին՝ անհապաղ դադարեցնելու ռազմական գործողությունները», ասված է ԱՀ ԱԳՆ պարզաբանման մեջ։

Անկարայի՝ Ադրբեջանին անվերապահորեն աջակցելու քաղաքականությունն, ըստ պաշտոնական Ստեփանակերտի, ոչ միայն հակասում է Թուրքիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամի կարգավիճակին, այլև խափանում է ադրբեջանա-արցախյան հակամարտության վերջնական կարգավորմանն ուղղված միջազգային միջնորդների ջանքերը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ