13  01  2020

Հոդվածի հեղինակը և էջեր կոտրելու հրահանգ տվողը Փաշինյանն է. խմբագիրներ․ 168.am



168.am-ը հայտնում է․ «Իմ ֆեյսբուքյան էջի վրա հարձակումը հաջորդել է Antifake.am կայքում Վլադիմիր Կարապետյանի պաշտոնանկության մասին հրապարակմանը, ինչպես նաև կայքի հիմնադրի ֆեյսբուքյան այն գրառումներին, որոնցում խոսվում էր այնպիսի հանգամանքների մասին, որոնց կարելի է տիրապետել միայն ներսում աղբյուր ունենալու շնորհիվ, ուստի, ամենայն հավանականությամբ, իմ ֆեյսբուքյան էջ մուտք գործելով՝ փորձ են արել հենց իրենց միջի մարդուն գտնել»,- այս մասին այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Antifake.am կայքի գլխավոր խմբագիր Աստղիկ Մաթևոսյանը՝ ընդգծելով, որ իր ֆեյսբուքյան էջը մտնողները չեն կարողացել իրենց նպատակին հասնել, քանի որ ինքը նրանց հետաքրքրող որևէ տեղեկատվություն իր նամակագրությունների մեջ չի պահում, բացի այդ՝ հետևում է նաև անվտանգության կանոններին։

«Իմ ֆեյսբուքյան էջի վրա հարձակումն այնպիսի պրոֆեսիոնալ մակարդակով է իրականացվել, որ սովորական հաքերները չէին կարողանա իրականացնել։ Կարողացել են մուտք գործել իմ էջ և երկու ժամ պրպտել, կարդալ անձնական նամակներս։ Որևէ խնդիր չեմ տեսնում, թող կանչեն իրավապահ համակարգից, ես ենթադրություն ունեմ, որոնց մասին ասել եմ և կասեմ նորից, որ դա իրականացվել է Նիկոլ Փաշինյանի անմիջական հրահանգով, որովհետև այն պաշտպանության միջոցները, որոնք իմ էջ մտնողները կարողացել են հաղթահարել, կարող էին անել միայն հատուկ ծառայության աշխատակիցները, որոնք ունեն համապատասխան միջոցներ»,- ասաց Մաթևոսյանը՝ նշելով, որ չի բացառում և որևէ մտավախություն չունի, թե իր խոսքերն իրավապահները դիտարկեն նաև որպես զրպարտություն, բացի այդ՝ միայն իրենք չեն, որ այսօր հայտնվել են թիրախում։

Հաղորդմանը ներկա Politik.am կայքի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազին էլ, ում ֆեյսբուքյան էջը, ինչպես ինքն էր ավելի վաղ հայտարարել, ևս կոտրել են, շեշտեց, որ հանգամանքները համադրելով՝ գալիս է նույն եզրահանգման՝ տեղի ունեցածը վարչապետի հովանու ներքո է կատարվել։

«Հիմքերն ակնառու են. օրինակ՝ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթում հրապարակված հայտնի հոդվածից մի քանի օր առաջ հայտնի ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանը փորձել է իմ մասին տեղեկություններ հավաքել, իսկ հոդվածը հրապարակելուց հետո առաջինն ինձ այն ուղարկել է այդ նույն ՊՈԱԿ-ի աշխատակիցը՝ ասելով, որ այն իմ մասին է, թեև այնտեղ իմ անունը գրված չէ, այնուհետև տեսնում եմ, որ Փաշինյանի «ընտանի համարվող քոմենթչի» Ստյոպա Սաֆարյանը գրում է, որ քաղաքագետ.օրգ կայքը դա նույն Politik.am-ն է, իսկ այդ շղթան արձանագրում է, որ ՊՈԱԿ-ը կապ ունի հրապարակված հոդվածի հետ, իսկ ՊՈԱԿ-ը վարչապետի աշխատակազմի մաս է կազմում, իսկ ես չեմ կարծում, որ Հովհաննես Մովսիսյանը, որը աշխատանքը կորցնելու եզրին է, կարող էր ինքնագործունեությամբ զբաղվել»,- ասաց Մուրազին։

Մուրազին պնդում է՝ «Հայկական ժամանակ»-ում հրապարակված անանուն հոդվածի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է։«Այնտեղ կան բանալի բառեր. բացեք Նիկոլ Փաշինյանի ելույթները, բանալի բառերը հանեք, տեղադրեք այդ հոդվածում, և կտեսնեք, թե դրանք այդ հոդվածում քանի անգամ են կրկնվում»,- ասաց նա։

Վերջինս վստահեցնում է, որ իրավապահ համակարգը չի գնա տեղի ունեցածը բացահայտելու ուղղությամբ, քանի որ իրավապահները չեն բացահայտի Փաշինյանի հրահանգը, որը կատարվել է ԱԱԾ-ի կողմից։

Անդրադառնալով Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի այն խոսքին, որ իր ղեկավարած լրատվամիջոցը Ազգային անվտանգությանը սպառնացող գործունեություն է իրականացնում, Մուրազին ասաց.«Հիմա կամ պետք է ինձ պատժեն, և պատժեն Սաֆարյանի հայտարարությունից հետո, իսկ դա կլինի ԱԱԾ-ի ժամանակավոր պաշտոնակատար տնօրենի համար ապտակ, որովհետև կստացվի, որ Ստյոպան ավելի լավ է զբաղվում ազգային անվտանգությամբ, քան ԱԱԾ գործող կառույցը, և ավելի լավ է Սաֆարյանին Հանրային խորհրդից տանեն ԱԱԾ տնօրեն։ Հակառակ պարագայում կստացվի, որ ինձ զրպարտել են, և եթե Սաֆարյանին պատասխանատվության կկանչեն, ապա ես էլ պատրաստ եմ մեծ սիրով կրել պատասխանատվություն»։

Աստղիկ Մաթևոսյանի համոզմամբ էլ՝ լրատվամիջոցներին անընդհատ պիտակավորելու և իշխանության ղեկավարի և նրա ընտանիքի դեմ աշխատելու հարցում մեղադրելու պատճառներից մեկն էլ այն է, որ այդ նույն մեղադրողները սովոր չեն աշխատել այն լրատվամիջոցների հետ, որոնք չեն աշխատում այն տեղեկություններով, որոնք դաշտ են նետվում իրենց ընտանիքի կողմից։

«Իսկ ինչ վերաբերում է ճշտված տեղեկություններ հրապարակելուն, ապա նույն մեր կայքի հրապարակումներից, օրինակ, Աննա Հակոբյանի վարսահարդարի պատմության մասին հրապարակումը ոչ միայն չհերքվեց, այլ նաև հաստատվեց»,- ասաց Մաթևոսյանը։

Խսելով Politik.am-ում հրապարակված հոդվածներն ապատեղեկատվություն որակելու մասին՝ Բորիս Մուրազին նշեց, որ իրենց հրապարակումները, օրինակ, վարչապետի համար թանկարժեք մեքենաների ձեռքբերման, Աննա Հակոբյանի և նրա դստեր թանկարժեք չվերթի մասին, իշխանությունների կողմից ստացել են հաստատում, հետևաբար՝ հարց է առաջանում, թե դրանց ի՞նչն են համարում տեղեկատվական արշավ։ Փոխարենը՝ Նիկոլ Փաշինյանը տասնյակ անգամներ և իր թերթով, և Ազգային ժողովում հայտարարել է, որ Սերժ Սարգսյանն այցելել է եվրոպական երկրներում կազինոներ։ Իսկ դուք պատկերացնո՞ւմ եք, երբ ՀՀ ղեկավարը գնում է որևէ երկիր, ադրբեջանական ծառայություններն ինչպե՞ս են հետևում նրան, հետևաբար, եթե Սերժ Սարգսյանին կազինոյում տեսնեին, դա պատկերացնո՞ւմ եք, թե ինչպիսի կոմպրոմատ կլիներ նրանց ձեռքին։ Ստացվում է՝ տասնյակ հրապարակումներ են արել մի բանի մասին, որի տակ որևէ փաստ չի դրվել»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ