13  01  2020

Կենցաղայինն այս իշխանությունն է․ Top-news.am

Կենցաղայինն այս իշխանությունն է․ Top-news.am

Top-news.am-ը գրում է․ «Կենցաղային խոսակցություն է». այսպես արձագանքեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի եւ Նիկոլ Փաշինյանի ընտանիքների միջեւ հեռակա բանավեճին:

Առաջին հայացքից թվում է, թե Արարատ Միրզոյանը ճիշտ է, եւ որ սա կենցաղային մակարդակի խոսակցություն է, բայց միայն առաջին հայացքից: Խնդիրն այն է, որ սա շատ ավելի գլոբալ եւ լուրջ խնդիր է, քան կենցաղային մակարդակի խոսակցություն լինելը: Իրականում կենցաղայինն այս իշխանությունն է, որը այդպես էլ չհասկացավ, թե ինչ է պետությունը, ինչ է պետության կառավարումը եւ ինչ են համապատասխան ինստիտուտները:

Այս ամենի հետեւանքն էլ կենցաղային մակարդակի, այսպես կոչված, բանավեճերն են: Արարատ Միրզոյանը լինելով պետության երկրորդ դեմքը, ասելով, թե գործ ունենք կենցաղային մակարդակի խոսակցության հետ, պարտավոր է կանխել այն, թույլ չտալ, եւ ոչ թե մեկնաբանել խայտառակությունը:

Ի դեպ, Վանեցյանի ընտանիքը այս խոսակցության մեջ ներքաշված չէ եւ նման որակումներ տալն էլ ճիշտ չէ: Իսկ Վանեցյանն էլ ստիպված ներքաշվեց այս մակարդակի խոսակցության մեջ:

Իհարկե, շատ խոսուն է այն փաստը, որ Արարատ Միրզոյանը որոշեց արտահայտվել եւ շեշտեց, որ Փաշինյանի ընտանիքը կենցաղային խոսակցությունների մեջ է, բայց անշուշտ, շատ ավելի լավ կլիներ, եթե նա օգտագործեր իր դիրքը եւ կանխեր պետությանը պատիվ չբերող այս «բանավեճը», եւ ոչ միայն իրեն այս կերպ տարանջատեր ցածր մակարդակի զրույց հրահրողներից: 

Ինչ վերաբերում է կենցաղային մակարդակին, ապա դա այն է, երբ վարչապետը հերոս է համարում ճագար պահողին եւ նրա հետ հանդիպում ունենում, երբ առանց երկար մտածելու, առանց մասնագետների հետ խորհրդակցելու ՀՆԱ-ի մեկ շնչին ընկնող ցուցանիշի վերաբերյալ մեծամտական հայտարարություններ է անում, գցելով ոչ միայն կառավարության, այլ նաեւ Հայաստանի հեղինակությունը: Ի վերջո կենցաղայինն այն է, երբ երկրի թիվ մեկ պաշտոնյան բլրակ է բարձրանում եւ այնտեղից ժպիտը դեմքին ողջույններ հղում պատերազմի եզրին կանգնած հզոր երկու երկրների առաջնորդներին:

Դեռ լավ է, որ այդ հզոր երկրներում արդեն գործող իշխանություններին լուրջ չեն վերաբերում, թե չէ հետեւանքները Հայաստանի համար շատ-շատ լուրջ կլինեին:

Եւ վերջին հաշվով, կենցաղայինը ծննդատուն փակելն է, պատճառաբանելով, թե ֆինանսապես նրա գոյությունն արդարացված չէ: Իսկ գուցե այս կառավարության գործունեությո՞ւնն է, որ արդարցաված չէ:

Իսկ Արարատ Միրզոյանը պետք է որ լավ հասկանա, որ կենցաղայինը կես միլիոն դոլարանոց ամերիկյան այցն էր եւ մոտ մեկ միլիոն դոլարը Ամանորյա տոների պատրվակով ջուրը գցելը: 

Այնպես որ, կենցաղայինը այս իշխանությունն է, իսկ Արարատ Միրզոյանի ասած կենցաղային խոսակցությունն իրականում առկա լուրջ խնդիրների արտացոլանքն է:

Գեղամ Նազարյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ