13  01  2020

Աշխատանքից ազատել են «Վերնատան» տեսանյութը լայքելու համար․ «Հրապարակ»

Աշխատանքից ազատել են «Վերնատան» տեսանյութը լայքելու համար․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․

«Տեղեկություն ունեինք, որ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների ենթակայութան տակ գտնվող «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի ղեկավար Մկրտիչ Ջալալյանն ազատվել է աշխատանքից «Վերնատան» տեսանյութը լայքելու համար։ Խոսեցինք պարոն Ջալալյանի հետ, ով հաստատեց, որ ազատվել է աշխատանքից։ Սեփական դիմումի համաձայն։ Ինչու՞։ Պարոն Ջալալյանն ի պատասխան՝ ծիծաղեց և ասաց, որ չի ցանկանում մեկնաբանել։ Բայց հարցին, թե արդյոք «Վերնատան» տեսանյութը լայքելու համար իրեն ասվե՞լ է, որ դիմում գրի, գնա, նա պատասխանեց․ «Վերնատանը չգիտեմ, Մանուկյան Վազգենն էր վերլուծում, մատս պատահական կպել է, այնպես չէ որ․․․ ես էնքան քիչ գրագետ եմ էդ ֆեյսբուքյան բաների մեջ․․ էդ րոպեին թոռս մտավ սենյակ, մատս պատահաբար կպավ»։ Հարցին, թե ո՞վ իրեն «հորդորեց» դիմում գրել «սևերի» տեսանյութը լայքելու համար, Մկրտիչ Ջալալյանն ասաց․«Չէ, դա իմ ենթադրությունն է, որ պատճառը դա է»։

Պարոն Ջալալյանին խորհուրդ տվեցինք, որ եթե մատը պատահաբար է կպել, ի վերջո, կարող էր «դիսլայք» անել։ Ֆեյսբուքյան «զոհը» կրկնեց, որ սոցիալական ցանցերից չի հասկանում։ «Հաշվարկային կենտրոնից» էլ աշխատակիցը նախ ասաց, որ Ջալալյանը տեղում չէ, հետո հաստատեց, որ ազատման դիմում է գրել, սակայն հրաժարվեց խոսել պատճառների մասին"։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ