13  01  2020

Ինչո՞ւ են վտանգում ուսադիրի պատիվը․ Panorama.am

Ինչո՞ւ են վտանգում ուսադիրի պատիվը․ Panorama.am

Panorama.am-ը գրում է․ «Գլխապտույտ արագությամբ իրար հաջորդող լուրերի հորձանուտում ժամանակ չի լինում խորությամբ ըմբռնել նույնիսկ արտառոց երևույթների ծագման ու տարածման պատճառները։Օրինակ, ամիսներ շարունակ գրեթե անընդհատ հաղորդումներ են հայտնվում անչափահասների շրջանում հերթական դանակահարության կամ ծեծկռտուքի մասին։ Մինչև ուզում ես վերլուծել-հասկանալ, թե ինչ պատճառով են դեռահասներն այսքան չարացել և ինչու են նրանց փոխհարաբերություններն ավելի հաճախ հանցագործ ընթացք ստանում, մեկ էլ բլինչիկը-զուգարանը-արտաամուսնական կապերը խառնում են մտքերդ։

Նախորդ տարին ավարտվեց կառավարության ղեկավարի կողմից բնակչության խոհանոցներ մտնելով, նոր տարին սկսվեց սանհանգույցների թեմայով, հետո սահուն անցում կատարվեց ՍԴ դատավորների ննջարաններ․․․ Լրիվ հիշեցնում է Սովետական շրջանի պիոներական ճամբարների հումորային մի կարգախոս՝ «Երեխանե՛ր ճաշարան, ճաշարանից՝ զուգարան, զուգարանից՝ ննջարան»։

Մտածում էին էլի «քարեդարյա» Սովետում անչափահասների կյանքը հետաքրքիր դարձնելու համար, ինչը չես ասի 2019-20թթ Հայաստանի կառավարության մասին, ովքեր միայն փակել գիտեն՝ մանկատունը, գիշերօթիկը, մանկապարտեզի ներառնական խումբը, անգամ ծննդատունը․․․ Ստացվում է՝ երեխաներն այլևս մեր ապագա՞ն չեն, թե՞ այդ հաստատություններում տեղ գտած թերությունները վեր հանելու և վերացնելու համար կառավարությունը ֆինանսական ու կադրային ռեսուրս չունի։

Դե, եթե հաշվի առնենք այն իրողությունը, որ ԱԱԾ-ն լրջորեն սատանա է փնտրում, իսկ ոստիկանությունը ՍԴ անդամների սիրավեպերն է պեղում, ապա աչքաթող արված դեռահասներն էլ բնականաբար իրենք իրենց հարցերը դանակով կլուծեն։

Մանկամիտ պետք է լինել մտածելու համար, որ հանրապետությունում երկու տարի անընդմեջ շիկացվող թշնամանքի մթնոլորտը կշրջանցեր երեխաներին, որոնց այսօրվա վարքագիծն էլ դառնալու է վաղվա հասարակության պատկերը։Նման իրավիճակում մեկ հարց հանգիստ չի տալիս՝ ինչպե՞ս կարողացան այս աստիճան ցածրանալ մեր ազգային անվտանգությունն ապահովելուն կոչված անձինք ու կառույցները, որ իրենց բուն գործը թողած լծվել են պետականաքանդ Սորոսի ծրագրերն իրականացնելուն օգնող անբարոյական շանտաժներին՝ տաք-տաք կոմպրոմատներ թխելով ՍԴ դատավորների վրա։

Հիշեցնենք, որ մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի անցնելուն պարտադրելու շրջանակներում, սպառնացել են նրանցից երկուսի դեմ վարկաբեկող նյութեր հրապարակել։Հետաքրքիր է, իրավապահների մոտ հարց չի ծագում, թե էդ ի՞նչ կարևոր ռազմավարական հարց են լուծում՝ ուրիշի անկողինը քրքրելով։

Հաստատապես, համապատասխան մարմինները սովորական քաղաքացուց հազար անգամ լավ գիտեն, որ ՍԴ դատավորները Հայաստանի թշնամիները չեն, որոնցից ազատվելու բոլոր միջոցներն ընդունելի կլինեն։ Հետևաբար, ինչո՞ւ են մտնում պարտադրած խաղի մեջ՝ վտանգելով ուսադիրի պատիվն և հարցականի տակ դնելով տղամարդկային համերաշխություն կոչվածի էությունը։

Մի՞թե հայ տղամարդուն սազական է ուրիշի անձնական տարածքում քուջուջ անելը։ Հայ տղամարդը 4-րդ դարի սպարապետ Մուշեղ Մամիկոնյանն է, ով ճակատամարտում ջախջախելով Շապուհի բանակը և գերելով պարսից արքայի ողջ կանանոցը՝ պատվով նրանց հետ ուղարկեց Տիզբոն։ Ահա արդեն 17 դար հիշվում է այդ տղամարդկային արարքը։

Հիմա մի՞թե այնքան է մանրացել-ճղճիմացել հայ տղամարդը, որ ինչ-որ տարակուսելի հրամաններին ընդդիմանալու ուժ չունի։ Ուրիշի ընտանիքներ ներխուժելու միջոցով նպաստելով ինչ-ինչ քաղաքական ծրագրեր իրականցնելուն՝ չե՞ն մտածում, որ նույն սլաքը հենց իրենց դեմ է ուղղվելու։ Սա այն դեպքերից է, երբ որևէ մեկի չի փրկելու «ես հրաման էի կատարում» արդարացումը։ Ու նաև, բացելով կոմպրոմատային պայքարի պանդորայի արկղը՝ ողջ հանրապետությունը գրաված ատելությանը կգումարվեն նաև կեղտն ու գարշահոտությունը․․․

Ի վերջո, ի՞նչ երաշխիքներ կան, որ այս իշխանություններն աթոռին կմնան մինչև Սահմանադրական դատարանը կամակատարներով համալրելը։ Ենթադրենք ՍԴ կազմը փոխեցին, բայց շատ կարճ ժամանակ անց էլ իրենք իշխանությունից զրկվեցին․․․ իմաստը ո՞րն է լինելու։ 2050թ-ի մասին հեքիաթներ հորինելով հանդերձ չե՞ն տեսնում, որ ամեն նոր օրը մոտեցնում է իրենց հեռացման ժամը, քանի որ ամեն նոր արարքն ավելի ցածր է, քան նախորդը։ Իսկ կյանքը և այլ երկրների փորձը ցույց են տվել, որ շարունակական նենգությունները չեն ներվում անգամ կուռքերին, և զանգվածների հիացմունքը ցասումի վերածվելով՝ քշում-տանում է նրանց։

Լիա Իվանյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ