13  12  2019

Ֆեյք «իրավապաշտպանների» մասին ու ոչ միայն...

Ֆեյք «իրավապաշտպանների» մասին ու ոչ միայն...

Հետաքրքիր է, բայց Մարդու իրավունքների պաշտպանության օրը, դեկտեմբերի 10-ը մի տեսակ լռության մատնվեց: Մի իրավիճակում, երբ իշխանության եկած «Իմ քայլը» և Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը շարունակում են նորանոր խնդիրներ հարուցել և մտահոգությունների լրջագույն առիթներ տալ մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանվածության առումով, այդ լռությունն ականջ է ծակում: Հատկապես պապանձվել են այն «իրավապաշտպանները», որոնք ոչ այնքան վաղուց, դեռ մի 2-3 տարի առաջ ուղղակի կոկորդ էին պատռում ամեն առիթով, նաև՝ առանց որևէ առիթի:

Եթե երկու կամ երեք տարի առաջ խորհրդարան բերվեր այնպիսի նախագիծ, ինչպիսին ոստիկանությանը քաղաքացիներին գաղտնալսելու իրավունք ընձեռող և «Իմ քայլի» ժողովի ընդունված օրինագիծն է, ապա սորոսագրանտային «իրավապաշտպանական» փաղանգը այնպիսի աղմուկ-աղաղակ կդներ, որ ասելու չէ: Իսկ այսպես՝ ոչ մի ձայն: Նրանք հիմա հասել են իրենց վարդագույն երազանքին, իշխանության կողմում են կամ կողքին: Ստացվում է, որ նրանց նախորդ «իրավապաշտպան» գործունեության բուն նպատակն ընդամենը դա էր:

Այս տեսանկյունից, որքան հակիրճ, նույնքան էլ դիպուկ է «Հրապարակին» տված հարցազրույցում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տված բնորոշումը:

Անդրադառնալով այսպես կոչված քաղհասարակության ինֆանտիլության վերաբերյալ հարցին, Ռոբերտ Քոչարյանը, որ այսօր ըստ էության քաղբանտարկյալ է, մասնավորապես նկատում է. «Պարզվեց՝ Հայաստանի իրավապաշտպան համակարգի նախկին կառուցվածքը ֆեյք էր, եւ այն ամբողջովին փլուզվեց: Ըստ էության, այն ստեղծվում եւ ֆինանսավորվում էր որոշակի ուղղվածության ընդդիմադիր ուժերի սպասարկման համար»:

Այստեղ «պարզվեց»-ը թերևս վերապահելի է այն առումով, որ դա պարզ էր արդեն 5-10 տարի առաջ: Ամբողջ այդ պսևդոիրավապաշտպան «բրիգադի» ֆեյքությունը ակնհայտ էր արդեն այն պահից, երբ նրանք նպատակ էին դրել այսպես ասած «ադրբեջանական կինոյի փառատոն» անցկացնել Հայաստանում: Նրանց ֆեյքությունը ակնհայտ էր այն գործելակերպից, որով հետևողականորեն վարկաբեկման համար թիրախավորվում էր բանակը, պետական կառույցները, ազգային արժեքները:

Այն, որ նշված ու բազմաթիվ չնշված, գերազանցապես օտարերկրյա գրանտային ֆինանսավորման վրա նստած «իրավապաշտպան» կազմակերպությունները ֆեյք կառուցվածք էին ձևավորել, կարելի է ասել՝ հստակ արձանագրվեց անցյալ տարվա իշխանափոխությամբ ու դրանից հետո: Ըստ էության, նրանք ոչնչացրեցին իրենց «իրավապաշտպանական» կեցվածքը:

Դա, իր հերթին, պետք է որ խթանի այն գործընթացները, որոնք միտված են իրական իրավապաշտպանների առաջին պլան գալուն, իշխանության բռնաճնշումներին, մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների դեմ ուղղված քայլերին ու նպատակադրումներին ավելի համակարգված արձագանքելուն, հանրագումարում՝ ինքնակազմակերպվելուն: Քավ լիցի, լուրջ և մասնագիտական առումով շատ ավելի լավ պատրաստված իրավապաշտպաններ նաև նախկինում կային, իսկ առկա պայմաններում նորերն են ի հայտ գալիս:

Պարզ է մի բան. կեղծ «իրավապաշտպանները», որոնք ծառայության մեջ էին Սորոսի մոտ, որոնց «իրավապաշտպանական» ամբողջ գործունեությանը նպատակաուղղված էր իշխանական կերակրատաշտի կամ ինչպես իրենք են սիրում ասել՝ լափամանի մերձակայքում ընկողմանելուն, այլևս պետք է տեղ չունենան իրավապաշտպանական հանրույթի շարքերում, իսկ հասարակության կողմից էլ վերջնականորեն պիտի մերժվեն:

Ժամանակն է, որ Հայաստանի հասարակական կյանքում ասպարեզ գան նոր կառույցներ ու իրավապաշտպան նոր կազմակերպություններ կամ միավորումներ: Դա թույլ կտա ավելի արդյունավետ դիմադարձել արգելակներ չունեցող և բռնատիրության հակված, ագրեսիվ ու ատելիզմի վրա հենվող «քայլական» իշխանություններին: Կարողունակ իրավապաշտպանների ջանքերի համադրումը օբյեկտիվորեն հասունացել է:

Արմեն Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ