05  11  2019

Մեծ թալան աղետի գոտուց․ իսկ ի՞նչ էր անում Անդրանիկ Քոչարյանը․ Politik.am

Մեծ թալան աղետի գոտուց․ իսկ ի՞նչ էր անում Անդրանիկ Քոչարյանը․ Politik.am

Politik.am-ը գրում է․ «Այսօր իշխանությանը սպասարկող մեդիաները հաճախ են խոսում նախկին իշխանությունների օրոք իրականացված թալանից։ Հետաքրքիր է, որ այսօրվա իշխանությունները խոսելով նախկինների թալանի պատմության մասին, սկիզբը համարում են 1998 թվականը։ Այնինչ իրականում Հայաստանում անպատկերացնելի մասշտաբների թալան է իրականացվել անկախացումից անմիջապես հետո։

Նորանկախ Հայաստանը դեռ չէր հաղթահարել 1988 թվականի երկրաշարժի հետևանքները։ Սոցիալիստական և կապիտալիստական երկրները միլիարդավոր դոլարների հասնող օգնություն էին ուղարկել Հայաստանին։ Ըստ որոշ հաշվարկների, միայն շինտեխնիկայի և շինանյութի տեսքով օգնությունը գերազանցել է 10 մլրդ դոլարը։ Այդ տարիներին բոլորը վստահ էին, որ եկած օգնությամբ շատ արագ հնարավոր կլինի վերականգնել մարզը, սակայն կյանքը այլ բան ապացուցեց։

Օրվա օշխանությունների համար առաջնային էր ոչ թե աղետի գոտու վերականգնումը, այլ աղետի գոտուց թալանածն անվտանգ երկրից դուրս հանելը։ ՀՀՇ-ական իշխանությունների կողմից կազմակերպված թալանը Շիրակի մարզում մինչև այսօր հիշում են։

Այդ տարիների մամուլում ևս գրվել է ահռելի թալանի և դրա հետևանքների մասին։ 1994 թվականին Կարապետ Ռուբինյանի գլխավորությամբ գործում էր հանձնաժողով, որը պետք է զբաղվեր կատարված թալանով։ Հանձանժողովը արձանագրել էր, որ 1993-1994 թվականներին՝ մեկ տարվա ընթացքում աղետի գոտուց գողացվել և հանրապետության տարածքից հանվել է 161 անուն շինարարական տեխնիկա և ավելի քան 334 կտոր բեռնված կոնտեյներ։

Հետաքրքիր է, որ այս ահռելի գողությունը կատարվել է այն ժամանակ, երբ աղետի գոտին գտնվում էր Անդրանիկ Քոչարյանի վերահսկողության ներքո (ներկայումս Իմ քայլը խմբակցության պատգամավոր), ով այդ ժամանակ զբաղեցնում էր Աղետի գոտում կառավարության արտակարգ լիազոր ներկայացուցչի պաշտոնը։

Դժվար է պատկերացնել, որ աղետի գոտուց կարող էր այդ ծավալների գողություն իրականացվեր և պետության ղեկավարները տեղյակ չլինեին։ Այս առումով լավ կլինի, որ Անդրանիկ Քոչարյանը նախաձեռնի, որպեսզի իրավապահները սկսեն հենց աղետի գոտու թալանից։ Եվ եթե իրականությունը պարզվի, ապա շատ հանգիստ կարելի կլինի թալանչիների կծիկը քանդել ու գալ մինչև մեր օրեր։ Թե չէ անտրամաբանական է, երբ նախկին թալանչիները խոսում են իրենցից հետո եկածների մասին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ