12  10  2019

Ո՞վ էր Անդրանիկ Քոչարյանը հեղափոխությունից առաջ. մաս 2․ Փաստինֆո

Ո՞վ էր Անդրանիկ Քոչարյանը հեղափոխությունից առաջ. մաս 2․ Փաստինֆո

«Փաստինֆո»-ն շարունակում է ներկայացնել  ՆԳ եւ ԱԱՆ փոխնախարար, գեներալ-մայոր Արծրուն Մարգարյանի մահվան խորհրդավոր հանգամանքները։  Ինչպես արդեն նշել ենք՝ 1998թ. հունվարի 21-ին կրակել էին նրա ոտքերին, ինչը շատերը կատարվածը համարում էին մահափորձի իմիտացիա եւ ինքնավնասում, իսկ 1999 թվականի փետրվարի 9-ին տարածվեց նրա մահվան լուրը։ Սպանության կասկածանքով կալանավորվեցին Մարգարյանի թիկնապահները, հետագայում ազատ արձակվեցին։

Այն ժամանակ դիտարկելով այդ երկու դեպքերը, ոմանք ու  նախևառաջ՝ «գորշ գայլերը» միանգամից սլաքն ուղղեցին դեպի ղարաբաղյան շրջանակներ և միայն կենդանի վկա և գործող անձ Հրանտ Պապիկյանի հայտնությունն էր, որ լույս սփռեց կատարված մութ իրադարձություններին՝ խառնելով շատերի խաղաքարտերը:

Սկիզբը՝ նախորդիվ

…«Ինչ ես ասում, ինձ խաբու՞մ են, փաստորեն ինձ խաբում են, անընդհատ ասում, թե՝ ղարաբաղցիներն են, Սերժն ա, ինձ ասում են՝ Վազգեն,  հասիր, մեզ խփում են,,՝ լսելով Հրանտ Պապիկյանի պատմածը՝ ներքին զորքերի նախկին հրամանատար Արծրուն Մարգարյանի սպանության հանգամանքների վերաբերյալ, Վազգեն Սարգսյանը ձեռքը խփել էր սեղանին և հեռախոսազրույց ունեցել Սերժ Սարգսյանի հետ, անհապաղ հանդիպում պահանջել»՝ ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը այսպես էր արձագանքել՝ ՆԳ  Ներքին զորքերի հրամանատար Արծրուն Մարգարյանի սպանությունից 2 տարի անց, նրա բժշկի՝ Հրանտ Պապիկյանի հետ հանդիպումից հետո:

 Անդրանիկ Քոչարյանը փորձել էր փակել Հրանտ Պապիկյանի բերանը՝ պաշտոն առաջարկելով

Հրանտ Պապիկյանի հետ հանդիպումից  հետո Վազգեն Սարգսյանը խոսել էր ԱԱ և ՆԳ նախարար Սերժ Սարգսյանի հետ, ապա՝ չնայած ուշ ժամին, գիշերվա 3-ին, նրա հետ  հանդիպում էր ունեցել, ընդ որում, մինչ Սերժ Սարգսյանի հետ հանդիպելը նա իր աշխատասենյակ էր կանչել Անդրանիկ Քոչարյանին և Դավիթ Մաթևոսյանին, որոնք կեսգիշերն անց էլ միասին են եղել՝ ըստ ամենայնի տոնելով ԱԱ և ՆԳ նախարարի պաշտոնում Անդրանիկ Քոչարյանի հնարավոր-մոտալուտ նշանակումը:

Պատկերացրեք, ինչ սառը ցնցուղ պիտի լիներ Անդրանիկ Քոչարյանի համար Պապիկյանի պատմածը պաշտպանության նախարարին, թե՝ 1998 թ. հունվարին և 1999 փետրվարին Արծրուն Մարգարյանի վրա կատարված հարձակումները կեղծ էին և կազմակերպված էին հենց Մարգարյանի կողմից:

Բայց քանի որ Քոչարյանը  նման դեպքերում  շատ արագ կողմնորոշվող էր, իրեն չէր կորցրել, միանգամից փորձել էր փակել Հրանտ Պապիկյանի բերանը՝ նրան առաջարկելով ՊՆ բուժվարչության պետի պաշտոնը:Հրանտ Պապիկյանն այս գայթակղությանը դիմակայել էր՝ մերժելով առաջարկը: Հետաքրքիր է՝ ի՞նչ կլիներ, եթե նա համաձայներ ստանձնել այդ պաշտոնը: Կկարողանա՞ր աշխատել թե  ոչ՝ դժվար է ասել, սակայն իր այդ քայլով հաստատ նպաստած կլիներ Քոչարյանի պլաններին՝ օգնելով, որ վերջինս հասնի իր նպատակին, քանզի այդ դեպքում հնարավորություն կունենար համոզելու Վազգեն Սարգսյանին, որ Պապիկյանի պատմածը հորինվածք է, մտացածին բան՝ բարձր պաշտոն ստանալու համար:

Բնականաբար,  նոր հանգամանքների ի հայտ գալուց հետո    Անդրանիկ Քոչարյանին առաջին հերթին պիտի մտահոգեր այս ողջ պատմության մեջ իր ունեցած իրական դերակատարության բացահայտումը: Մասնավորաբար, թե ինչի համար էր անհրաժեշտ եղել 2-րդ հարձակման իմիտացիայի կազմակերպումը: Բայց մինչ այդ, նախ՝ անդրադառնանք առաջին հարձակմանը, քանի որ դրանք փոխկապակցված են:

Կրակելով սեփական ոտքերին՝ Արծրուն Մարգարյանը փորձել էր խուսափել զորքն ընդդեմ ժողովրդի հանելու հրաման կատարելուց

Հրանտ Պապիկյանի ինքնախոստովանական  ցուցմունքների համաձայն՝1998թ. հունվարի 20-ին նախաձեռնելով կրակել սեփական ոտքերին, Արծրուն Մարգարյանը  փորձել է խուսափել ավելի մեծ չարիք գործելուց, այն է՝ զորքն ընդդեմ ժողովրդի հանելու հրամանի կատարումից: Իհարկե, Արծրուն Մարգարյանն այսօր ողջ չէ, որ այսպես ասած՝ առաջին ձեռքից հնարավոր լինի պարզել նրա քայլերի բուն նպատակը: Բայց Պապիկյանի ներկայացրած բացատրությունը հավաստի է թվում այնքանով, որ ոչ ոք առայսօր չի հերքել այն տեղեկությունը, որ 1998 թ. հունվարի 20-ին. օրվա 2-րդ կեսին, ՀՀ նախագահի / իմա՝ Լևոն Տեր -Պետրոսյանի/  և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց պահպանության վարչության պետ՝ Ռոմեն Ղազարյանը /նույն ինքը՝ գեներալ Բուդո/ Արծրուն Մարգարյանին հրավիրել է իր մոտ և ներկայացնելով հանրապետության լարված ներքաղաքական իրավիճակը, զգուշացրել, որ հակամարտության սրման դեպքում կողմերը կարող են փոխզիջման չգնալ և հնարավոր է ընդհարում:

Մասնավորաբար, դարձյալ ըստ Պապիկյանի ցուցմունքի,  նախատեսվում էր կրկնել 1994 թվականի դեկտեմբերի 28-ի սցենարը, և եթե Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Սամվել Բաբայանը Անվտանգության խորհրդի նիստում չհամաձայնեին ղարաբաղյան հակամարտության կարգավորման փուլային տարբերակին և պահանջեին Տեր-Պետրոսյանի հրաժարականը, ապա սկսվելու էր ղարաբաղցիների համատարած ձերբակալություններ: Առավել ևս, որ Սամվել Բաբայանը նույնպես այդ օրերին գտնվում էր Երևանում:

Իսկ Վազգեն Սարգսյանի ցասումը մեղմելու համար դարձյալ շահարկվելու էր հայաստանցի-ղարաբաղցի գործոնը, այն մտայնությամբ, թե՝ ղարաբաղցիները Երևանում զբաղված են ահաբեկչություններ կազմակերպելով: Սակայն Անվտանգության խորհրդի նիստում Տեր-Պետրոսյանը պարտվել է և նախատեսված սցենարը չի գործել:

Արծրուն Մարգարյանի ամեն քայլը խոշորացույցի տակ է եղել

Իսկ այսօրինակ հետևությունն իր պատճառն ունի: Բանն այն է, որ 1998-ի հունվարի 20-ի լույս 21-ի գիշերը տեղի ունեցածից հետո, ոտքերին ստացած վնասվածքներով, Պապիկյանի ուղեկցությամբ երբ Արծրուն Մարգարյանը հիվանդանոց է տեղափոխվել, չգիտես որտեղից անմիջապես այնտեղ է հայտնվել նաև Բուդոն՝ իր մի քանի ենթակաների հետ: Ընդ որում, նրանք եղել են  դիմակավորված: Բավական ուշագրավ դրվագ է սա, քանի որ կատարվածի վերաբերյալ, ըստ էության, դեռ ոչ-ոք չգիտեր և, միաժամանակ,   վկայում է այն մասին, որ Արծրուն Մարգարյանի ամեն քայլը  խոշորացույցի տակ է եղել:

Ականատեսի վկայությամբ, թեկուզ դիմակավորված, Արծրունն  անմիջապես ճանաչել է և ասել՝ Բուդո՞, ինչին հետևել է Բուդոյի  հեռախոսազրույցը ինչ-որ մեկի հետ՝ մոտավորապես հետևյալ բովանդակությամբ. ,,Գնացեք ասեք՝ շարունակվում ա, կարող ա էս էլ ա ինքն արել,,: Ի դեպ, հենց այդ օրերին իր ավտոմեքենայի վրա զինված կեղծ հարձակում էր կազմակերպել նաև Բուդոն՝ Ռոմեն Ղազարյանը:  Նշենք, որ այս իրադարձություններից որոշ ժամանակ  հետո՝ 1998 թվականի փետրվարի 3-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, քանի որ հասարակական-քաղաքական շրջանակները, ժողովուրդը դեմ էր Ղարաբաղի հարցում նրա պարտվողական քաղաքականությանը։

 Երկրորդ հարձակումը

Մեկ տարի անց՝ 1999 թվականի փետրվարի լույս գիշերը Նոր Հաճնից Սևան-Երևան մայրուղի մտնող կողային ճանապարհի եզրին, ըստ նախատեսված սցենարի՝ պետք է սպանվեր ոչ թե՝ Արծրուն Մարգարյանը, այլ՝ նրա թիկնապահները, Արսեն և Արմեն Խաչատրյանները, ինչպես նաև՝ Հրանտ Պապիկյանը: Նրանց պիտի սպաներ Արծրուն Մարգարյանը, ինչի համար էլ Նոր Հաճնում բնակվող իր ազգական Գուրգեն Թամազյանին այցելելիս հրաժարվել էր իր վարորդ-օգնական  Հենրիկ Մուրադյանի ծառայությունից, նաև՝ խախտելով մշտապես մեքենայի առջևում նստելու իր սովորույթը՝ հետևում էր նստել: Միաժամանակ՝ Հրանտ Պապիկյանին խնդրել էր նախատեսված ժամին լինել այդ վայրում, որ կրկնեին հունվարի 21-ի գիշերը տեղի ունեցած հարձակման իմիտացիան:

Ըստ  սցենարի՝ որպես վերջնարդյունք՝ պիտի այնպես երևար, թե Պապիկյանը սպանել է Արծրունի թիկնապահներին, քանի որ նպատակ է ունեցել սպանել Արծրուն Մարգարյանին, բայց վերջինս կարողացել է ժամանակին կողմնորոշվել և վնասազերծել նրան:

Մի խոսքով, դեդեկտիվ ֆիլմի սցենար, որտեղ գործող անձինք ՀՀՇ տարբեր տրամաչափի գործիչներն են՝ ոմանք՝ իրենց ամբիցիաներով, ոմանք՝ ողբերգությամբ…

Դեպքերն, իհարկե, ըստ սցենարի չզարգացան: Ըստ Պապիկյանի պատմածի՝ինքը Մարգարյանի աշխատասենյակում պատահաբար նկատել էր, որ Մակարով տեսակի ատրճանակի կոթը, որը կրելու համար Մարգարյանն իրեն էր տվել, վիրակապով փաթաթված է, ինչն էլ առիթ էր դարձել, որ բժիշկը որոշակի կասկածներ ունենա և նախատեսված ժամին չգնա պայմանավորված վայրը:

Արծրուն Մարգարյանի նամակը

Այս նամակի մասին,  Արծրուն Մարգարյանի սպանությունից հետո,  խոսում էին բոլորը, բայց այն այդպես էլ ջրի երես դուրս չեկավ:

Հրանտ Պապիկյանի խոսքով՝ նամակում խոսվում է այն մասին, թե՝ իբր Կրակեմ Հրաչը Սերժ Սարգսյանի հրամանով ուզում է իրեն սպանել: ՈՒստիև թիկնապահներ է վերցրել, բայց ինքը մտավախություն ունի, թե դա կարող է կատարվել իր մերձավորներից մեկի միջոցով: Թերևս, դրանով է պայմանավորված Արծրուն Մարգարյանի կողմից Պապիկյանի ընտրությունը՝ բոլորը գիտեին նրանց ջերմ հարաբերությունների մասին:

Արդյունքում՝ ի՞նչ պիտի ստացվեր.  Պապիկյանը պիտի քիլլերի դերում հայտնվեր՝ ձեռքին արդեն առանց վիրակապի Մակարով ատրճանակը, որը հանելու և Պապիկյանի ձեռքի մեջ դնելու գործն Արծրունն էր անելու:

Ի դեպ, պարզվում է այս ատրճանակն էլ ճակատագրական պատմություն ունի, քանի որ այն նույնն զենքն է, որը դեռ 1990-ի մայիսի 30-ին անհայտ անձանց կողմից հափշտակվել էր Երևանի ՆԳ վարչության պահակապարեկային ծառայության /հայտնի՝ ՊՊԾ գնդի/ միլիցիոներ  Գագիկ Պետրոսյանից, իսկ Ա. Մարգարյանի բնակարանում հայտնաբերված ԼՍ 3107 Մակարով տեսակի ատրճանակի փամփշտակալը նույն համարի ատրճանակի հետ միասին 1990 թվականի հունվարին հափշտակվել էր ՆԳ բաժնից, որի ընթացքում սպանվել էր նույն բաժնի պետի տեղակալ Կ. Մամյանը:

Հիմա՝ եկեք պատկերացնենք, թե ինչ տպավորություն, ազդեցություն պիտի ունենար երեք դիակ՝ ճամփեզրին՝ տեսարանը:  Ի հավելումն, որ արդեն իսկ  հրազենային վնասվածքներով հիվանդանոց   տեղափոխված կլիներ՝ Արծրուն Մարգարյանը:

Այսինքն, դա լինելու էր նամակի բովանդակության վերարտադրությունը:

Հոդվածը պատրաստվել  է տարիներ առաջ հրամապարակված նյութերի հիման վրա։

Հավելենք, որ դեռևս 20 տարի առաջ, երբ այս  իրադարձությունները թարմ էին, արդեն իսկ բազմաթիվ հիմքեր էին վկայակոչվում առ այն, որ խնդրո առարկա սցենարի մեջ Անդրանիկ Քոչարյանի մատը խառն է եղել խորապես:

Շարունակելի»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ