12  10  2019

Ինչո՞ւ քրդերը մնացին միայնակ, և ի՞նչ հետևություն պետք է անեն հայերը. 7or.am

Ինչո՞ւ քրդերը մնացին միայնակ, և ի՞նչ հետևություն պետք է անեն հայերը. 7or.am

7or.am-ը գրում է․ «Քրդերի հանդեպ Սիրիայում միշտ բարյացկամ վերաբերմունք է եղել: Դա պայմանավորված է եղել մի շարք հանգամանքներով, որից գլխավորը Սիրիայի և Թուրքիայի միջև եղած վատ հարաբերությունների նախապատմությունն է:

Բանն այն է, որ 1938 թվականից սկսված Սիրիայի և Թուրքիայի միջև տարածքային վեճը լուծվեց Թուրքիայի օգտին:

Խոսքը Խաթայի մարզի մասին է, որը 1938-ին Թուրքիայի կողմից օկուպացվեց, այնտեղից տեղահանվեցին ալավիններն ու հայերը: Որից հետո, «հանրաքվե» անցկացվեց տեղում մնացած թուրք բնակչության շրջանում և որի արդյունքում մարզը կցվեց Թուրքիային: Այսինքն, Լոզանի կոնֆերանսի համաձայն, այս տարածքը չպիտի պատկաներ Թուրքիային, սակայն անցած տարվա 30-ական թվականներին Անկարայի կողմից խորամանկ քաղաքականության իրականացման արդյունքում, այս բացահայտ անեքսիայի քայլը նմանվեց գերմանացիների կողմից Չեխոսլովակիայի Սուդետի մարզի անեքսիայի օրինակին, որը եվրոպական երկրների ղեկավարները հանցավոր լռության մատնեցին: Պատճառնել էր հայտնի, Սուդետի մասով նրանք վախենում էին Հիտլերից, իսկ Խաթայի հարցում Ֆրանսիան, որն այն ժամանակ Սիրիայի հովանավորն էր, Թուրքիայի հետ չէր ուզում մտնել կոնֆլիկտի մեջ:

Այսպիսով, ինչպես չեխ ժողովուրդը ականատես եղավ արևմտյան երկրների երկերեսանիությանը, այնպես էլ նույն զգացումն ապրեցին այն ժամանակվա սիրիացիները:

Արդյունքում, Սիրիայի անկախության ձեռք բերելուց հետո այդ երկրի վերաբերմունքը Թուրքիայի հանդեպ միշտ բացասական էր մնում, քանզի նրանք միշտ համարում էին, որ Թուրքիան իրենից տարածք է պոկել, որը պիտի վերադարձնի: Ինչպես որ այդպես են այսօր մտածում Ղրիմի վերաբերյալ ուկրաինացիները, Աբխազիայի վերաբերյալ վրացիները և այդպես շարունակ:

Հենց այդ հանգամանքը հաշվի առնելով էլ՝ Սիրիայում միշտ բարյացկամ էին տրամադրված տեղի հայերի և քրդերի հանդեպ՝ դիտարկելով վերջիններիս որպես պոտենցիալ «գործիք»՝ ուղղված Թուրքիայի դեմ:

Ավելին, նույնիսկ մինչև 1998 թվականը քրդերի առաջնորդ Աբդուլա Օջալանը հաճախ էր հանգրվանում Դամասկոսում, իսկ Քրդական բանվորական կուսակցության անդամները Սիրիայում իրենց զգում էին ինչպես տանը:

Ամեն ինչ փոխվեց, երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց, Թուրքիայի գործոնը շեշտակիորեն մեծացավ թե՛ Մոսկվայի, և թե՛ Վաշինգտոնի մոտ:

Անցյալ դարի 90-ական թվականներին հզորացող Թուրքիան սկսեց սպառնալ Ասադի ռեժիմին, որ եթե նա չդադարի աջակցել քրդերին, ապա Թուրքիան կներխուժի Սիրիա և ինքնակամ կլուծի իր խնդիրները:

Ասադն արդեն իր երկրից դուրս բարեկամներ չուներ, և ստիպված գնաց թուրքերի հետ գործարքի:1998-ին Օջալանը Սիրիայի իշխանությունների պահանջով լքեց այդ երկրի տարածքը: Իսկ մեկ տարի անց Անկարան և Դամասկոսը Ադանայի պայմանագիր կնքեցին, որի գլխավոր իմաստն այն էր, որ Սիրիան այլևս չպետք է աջակցեր քրդական շարժմանը, իսկ Անկարան այդ դեպքում միայն կհարգեր Սիրիայի տարածքային ամբողջականությունը: Այստեղ կար նաև դրույթ՝ համաձայն որի, եթե Դամասկոսը չկատարեր իր այդ խոստումը, ապա Անկարան ինքնուրույն իրավունք կունենար լուծել այս հարցը:

Պարզ էր, որ այդ «մերձեցումը» ստիպողական բնույթ էր կրում Ասադի համար, քանզի, միայնակ Սիրիան չէր կարող դիմակայել հզորացող Թուրքիայի ճնշումներին:

Իսկ Թուրքիայի համար այս «մերձեցումը» հնարավորություն էր տալիս լեգիտիմ ձևով միջամտել Սիրիայի ներքին գործերին:

Իսկ, այսպես կոչված, «Արաբական գարունի» սկսվելուց հետո այս ենթադրությունը ամբողջովին հաստատվեց:

Էրդողանը միանգամից մոռացավ Ասադի հետ իր «բարեկամությունը» և ակտիվորեն սկսեց աջակցել Ասադի հակառակորդներին:

Այստեղ արդեն երևացին Անկարայի իրական նպատակները: «Արաբական գարնան» պատրվակով Անկարան նպատակ էր հետապնդում վերականգնել գրեթե ողջ Արաբական աշխարում իր երբեմնի ազդեցությունը, որը նա ուներ Օսմանյան կայսրության ժամանակ:

Էրդողանի նեոօսմանիզմի ծրագրերի մեջ Ասադը, բնականաբար, չէր տեղավորվում: Այստեղից էլ առաջացավ այն ատելությունը, որը մինչ այսօր էլ առկա է Ասադի և Էրդողանի միջև:

Ինչպե՞ս դիրքավորվեցին «Արաբական գարունից» հետո Սիրիայի քրդերը

«Արաբական գարունի» արդյունքում Սիրիան մխրճվեց քաղաքացիական պատերազմի մեջ, սպանվեց, ամենահամեստ թվերով, ավելի քան 600 հազար մարդ: Միլիոնավոր սիրիացիներ ընդմիշտ հեռացան իրենց երկրից:

Թեև այդ երկրի բնակչության մեծ մասը կազմում էին սուննի արաբները, Արևմուտքը այդպես էլ չկարողացավ նրանց միջից ձևավորել ալավին Ասադին լուրջ այլընտրանք: Դրա պատճառներն շատ խորքային բնույթ ունեն, որի մասին արժե վերլուծել մեկ ուրիշ անգամ: Այստեղ նշենք, որ միակ լուրջ գործոնն Արևմուտքի համար դարձան քրդերը:

Վերջիններս ծայրահեղ կրոնապաշտ չէին և ունեին հստակ ազգային գիտակցություն՝ ի տարբերություն սուննի արաբների, որոնց մոտ հիմնականում գերակայում էր մոլեռանդ կրոնական գիտակցությունը:

Հենց քրդերի ջանքերով էլ Սիրիայի հյուսիս-արևելյան մասը հնարավոր եղավ ազատագրել իսլամիստներից: Բնականաբար, ամերիկացիների կողմից գործուն աջակցության շնորհիվ:

Դրա արդյունքում քրդերը կարողացան վերահսկել Սիրիայի մոտ 30 տոկոսը, որտեղ գտնվում էին այդ երկրի նավթային հանքերի 90 տոկոսը:

Այս տարածքում քրդերը 2016 թվականին հռչակեցին այսպես կոչված «Հյուսիսային Սիրիայի դեմոկրատական դաշնություն», որը պիտի Դամասկոսի հետ համաձայնության գար Սիրիայի ապագա կարգավիճակի մասին:

Այդ դաշնությունում ընդունվեցին պաշտոնապես երեք լեզուներ՝ քրդերենը/քուրդմանջի/, արաբերենը և ասորերենը:

Քրդերն այս կարգավիճակը նվաճել էին իսլամիստների դեմ պայքարի արդյունքում՝ որպես հատուցում:

Ո՞րն էր Սիրիայի քրդերի գլխավոր նպատակը

Քրդերը վերահսկում էին Սիրիայի մոտ 30 տոկոսը՝ հարուստ նավթային պաշարներով: Նրանք այս տարածքում արդեն հիմնել էին ինքնահռչակված ինքնավարություն: Եվ հույս ունեին, որ Ասադի հետ կպայմանավորվեին հենց այդ տարածքով կազմել ինքնավարություն՝ ապագա Սիրիայի կազմում:

Սակայն պետք է նշել, որ այդ տարածքի զգալի մասում քրդեր չէին ապրում, և նրանց վերահսկելը քրդերի կողմից իրականացվում էր բացառապես ամերիկացիների շնորհիվ:

Ինչպիսի՞ն էր Մոսկվայի վերաբերմունքը քրդերի հանդեպ

Մոսկվան դեմ չէր քրդերի ինքնավարությանը, սակայն կարծում էր, որ քրդերը այդչափ մեծ տարածքով չեն կարող կազմել ինքնավարություն Սիրիայի կազմում:

Բացի այդ, Մոսկվայի կարծիքով՝ քրդերն իրենց ինքնավարության հարցում պիտի բանակցեին Ասադի հետ:

Ինչպիսի՞ն էր Ասադի վերաբերմունքը քրդերի ծրագրերի հանդեպ

Ասադը սկզբունքորեն դեմ էր քրդերի ինքնավարության գաղափարին, քանզի, ըստ նրա՝ եթե քրդերը ստանային տարածքային ինքնավարություն, ապա Սիրիայի մյուս ազգությունները նույնպես կպահանջեին ինքնավարության իրենց մասը, և արդյունքում Սիրիան՝ որպես պետություն, կմասնատվեր: Իսկ քրդերի այն գաղափարը, որ Սիրիան պետք է դառնա «ազգերի համադաշնություն», ընդանրապես քաղաքական ուտոպիայի ժանրից է: Քանզի բազմազգ և բազմակրոն Սիրիան չի կարող գոյատևել այդ կարգավիճակով: Ահա, թե ինչու Դամասկոսում համարում են, որ քրդերի դիրքորոշումը Սիրիայի ապագայի հարցում իրատեսական չէ:

Ասադի պատկերացմամբ՝ ապագա Սիրիան պետք է դառնա ոչ թե տարածքային, այլ մշակութային համադաշնություն՝ այստեղ ապրող բոլոր ազգերի ներգրավմամբ, որը պիտի արտացոլվի նաև այդ երկրի ապագա Սահմանադրության մեջ: Իմիջիայլոց, այդ ենթատեքստում հայերին նույնպես վերապահված է լինելու քաղաքական դերակատարություն:

Ինչպիսի՞ն է ամերիկացիների դիրքորոշումը քրդերի հանդեպ

Ամերիկացիները հասկանում են, որ քրդերի պահանջները մաքսիմալիստական են: Սակայն, ելնելով իրենց շահերից, ամերիկացիները խրախուսում են քրդերի պահանջները, որպեսզի նրանց երկխոսությունն Ասադի հետ չստացվի:

Չունենալով որևէ սեփական իրատեսական ծրագիր Սիրիայի հարցում՝ ամերիկացիները փորձում էին ժամանակ շահել՝ աջակցելով քրդերին առանց որևէ քաղաքական հեռանկարի:

Ստացվել էր այնպես, որ քրդերի մաքսիմալիզմը իրատեսական բնույթ չուներ: Սակայն քանի որ Դամասկոսի կենտրոնական իշխանությունը Վաշինգտոնին չէր պատկանում, վերջիններս ոչ մի հիմնավորում չունեին սանձել քրդերի ամբիցիոզ և ոչ իրատեսական ծրագրերը:

Իսկ ռուսներն էլ չէին կարողանում համոզել քրդերին, որ մաքսիմալիզմով քրդերը վերջնարդյունքում կարող են կորցնել եղածը:

Ռուսական հայտնի ասացվածքը՝ «лучше синица в руках, чем журавль в небе», քրդերը մերժում էին, քանզի իրենց ամբիցիաների պահպանման համար ամերիկացիներից մշտապես ստանում էին զենք և դրամական միջոցներ:

Հասկանալի է, որ այս «անորոշ» կարգավիճակը նյարդայնացնում էր մեկ այլ խաղացողի՝ Թուրքիային: Քանզի վերջինս տեսնում էր, որ Վաշինգտոնի այս քաղաքականության արդյունքում իր անմիջական հարևանությամբ փաստացի կայանում էր նոր քրդական պետություն:

Անկարայի բոլոր հորդորները Վաշինգտոնին՝ դադարեցնել քրդերին աջակցել, անհաջողությամբ էին պսակվում, քանզի ամերիկացիների համար քրդերն Ասադի դեմ իրենց միակ իրական գործոնն էին մնացել:

Այս ամենի արդյունքում Վաշինգտոնի ու Անկարայի փոխհարաբերություններն այնքան վատացան, որ թուրքերը սկսեցին աննախադեպ մերձենալ ռուսների հետ: Ձևավորվեց հայտնի Մոսկվա-Թեհրան-Անկարա եռաչափ՝ Սիրիայի կարգավորման հարցում: Իսկ Ս-400 համակարգերի վաճառքն Անկարային՝ Մոսկվայի կողմից, վերջնականապես վատթարացրեց ամերիկաթուրքական հարաբերությունները, որի արդյունքում Անկարան սկսեց սպառնալ Վաշինգտոնին՝ վտանգավոր «կարմիր գծեր» անցնելով:

Արդյունքում Վաշինգտոնը որոշում կայացրեց հետ քաշվել, քանզի թուրք-քրդական արժեքային բալանսում թուրքերը Վաշինգտոնի համար շատ ավելի կարևոր էին, քան քրդերը:

Այս ամենի արդյունքում Անկարան Վաշինգտոնից ստացավ փաստացի համաձայնություն՝ ռազմական օպերացիաներ իրականացնել քրդերի դեմ:

Անկարայի երեք համաձայնեցված պատերազմները քրդերի դեմ

Առաջին թուրքական ներխուժումը կոչվեց «Եփրատի վահան»: Այն սկսվեց 2016-ի օգոստոսին և ավարտվեց 2017-ի մարտին: Արդյունքում թուրքական ուժերն իրենց վերահսկողության տակ վերցրեցին այնպիսի հանգուցային քաղաքներ, ինչպիսիք էին Ջերաբլուսն ու Էլ-Բաբը:

Երկրորդ թուրքական ներխուժումը կոչվեց «Ձիթապտղի ճյուղ» անվամբ, որի արդյունքում Թուրքիան գրավեց արդեն այնպիսի հանգուցային բնակավայրեր, ինչպիսիք էին Ազազն ու Աֆրինը: Այս ռազմական օպերացիան տևեց երեք ամիս՝ 2018-ի հունվարից մինչև նույն թվականի մարտ ամիս:

Եվ վերջապես երրորդ ռազմական օպերացիան թուրքերը կոչեցին «Խաղաղության աղբյուր» անվամբ:

Իսկ թե ինչպիսին կլինի այս անգամվա թուրքական զորքերի առաջխաղացումը, ցույց կտան մոտ ժամանակներս:

Պարզ է մեկ բան, որ այս անգամ Անկարան աննախադեպ աջակցություն է ստացել միանգամից թե՛ Վաշինգտոնից, և թե՛ Մոսկվայից, ինչը ցույց տվեց նաև ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստի փաստացի տապալումը թուրքական այս վերջին ներխուժման հարցով: Տապալում, որը փաստացի կազմակերպեցին Վաշինգտոնն ու Մոսկվան միաժամանակ: Սա կարելի է գնահատել որպես Էրդողանի տպավորիչ դիվանագիտական հաջողություն: Այսպիսի դիվանագիտական արդյունք Թուրքիան վերջին 20 տարվա մեջ չէր ունեցել: Ինչից ենթադրվում է, որ այս անգամ թուրքական հաջողությունները նախորդների համեմատ ավելի տպավորիչ են լինելու:

Քրդերը հերթական անգամ իրենց պատմության ընթացքում իրենց իսկ ոչ խելամիտ պատկերացումների պատճառով դառնում են զոհ:

Շարունակելի․․

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ