12  10  2019

Ուզենք-չուզենք՝ միավորվելու ենք. Panorama.am

Ուզենք-չուզենք՝ միավորվելու ենք. Panorama.am

Panorama.am-ը գրել է. . «Անկասկած բոլորը գիտեն առակը ծերունու մասին, ով ուզում էր, որ իր երեք որդիներն իրար  հետ  հաշտ ու համերաշխ ապրեն։ Նա հանձնարարում է  որդիներին՝ ավելը մեջտեղից երկու կես անել։ Չեն կարողանում: Իսկ առանձին ծղոտները  հեշտությամբ կոտրում են։  Հայրը  պատգամում է՝  «Կյանքում էլ ճիշտ այդպես է: Եթե դուք միասին լինեք, ոչ ոք չի կարողանա կոտրել ձեզ, իսկ առանձին լինելիս ձեզ հաղթելը նույնքան հեշտ է, որքան երկու ծղոտ կոտրելը»:

Հիմա մենք  առանձնացված ծղոտներով հասարակություն ենք․․․ դեռ ավելին՝  սև  ու սպիտակի բաժանած հասարակություն։ Մեզ կոտրելն այսօր այնքա՜ն հեշտ է դարձել, հատկապես երբ բան ու գործ թողած իրար միս ենք ուտում։ Իսկ հակառակորդը դարանակալած հարմար պահի է սպասում։ 

Հոկտեմբերի 9-ին Թուրքիան օդային և ցամաքային հարձակում սկսեց Սիրիայի հյուսիսի քրդաբնակ տարածքներում։ Ադրբեջանը սատարում է Թուրքիայի գործողություններին։ Ի՞նչ երաշխիքներ ունենք, որ մի պատերազմ էլ Ադրբեջանը չի սկսի մեր դեմ՝ օգտվելով այն հանգամանքից, որ միջազգային հանրության ուշադրությունը սևեռված է թուրք-սիրիական  հակամարտության վրա։

Ովքե՞ր են այդ դեպքում հարվածն իրենց վրա վերցնելու․․․ այն երիտասարդները, ովքեր ձվեր են նետում լրատվամիջոցի վրա, թե՞ այն գեներալները, ում  անամոթաբար վարկաբեկում կամ ամբաստանյալի աթոռին են նստեցնում։ Ներքին թշնամիներ մոգոնելու մոլուցքով տարված իշխանությունները գոնե հասկանո՞ւմ են, որ թուլացրել են Հայաստանի և Արցախի անվտանգությունը՝ հերոսի ու տականքի  տեղերը փոխելով։ Երբ անդեմ-անսեռ զանգվածը՝  ֆեյքերի կամ իրական տականքի տեսքով անպատիժ հայհոյում է պատերազմի միջով անցած զինվորականներին, ինքը պատրա՞ստ է  զենք վերցնել և առաջին գիծ գնալ։ Հազիվ թե․․․ ավելի շուտ վայրկենապես կտարրալուծվեն  հեռվից կռվողներին «դուխ տվողների» անանուն-անհասցե շարքերում, որտեղ դարձյալ անհատական պատասխանատվության խնդիր չկա։

Իսկ թավշյա իշխանություններն արդեն կանգնում են իրական  պատասխանատվությունների առաջ՝  ադրբեջանցիների  հակահայկական  ծրագրերը տարբեր հարթակներում վիժեցնելու առումով,  Սիրիայից հնարավոր նոր փախստականներին ընդունելու հարցերով, ադրբեջանական քարոզչական և ռազմական դիվերսիաներին դիմակայելու համար, ներքին անթիվ դժգոհությունները լուծելու հարցերով։ Վաղուց  ժամանակն է գիտակցել, որ «հեղափոխության  բրենդով»  ո՛չ ներքին կայունություն կպահես և տնտեսություն կզարգացնես, ո՛չ էլ հակառակորդին կհաղթես  ո՛չ դիվանագիտության ասպարեզում, ո՛չ էլ առավել ևս պատերազմի դաշտում։ 

Եթե պետության ղեկավարն ինքը չի տեսնում  և չի զգում առկա իրականությունը, կաբինետ ու խորհրդականներ կան՝  իրական վիճակը զեկուցելու և շտկելու համար։ Ահա այստեղ էլ բախվում ենք լրջագույն խնդրին՝  ովքե՞ր են վարչապետի շրջապատն ու  խորհրդականները և արդյո՞ք նրանց խորհուրդները բխում են  հայության շահերից; ովքե՞ր և  ինչո՞ւ են վարկաբեկում հաղթանակած պատերազմի գեներալներին,  ինչո՞ւ է Արցախի հետ հարաբերություններում լարումը մշտապես թարմացվում; ինչն է ստիպո՞ւմ ապօրինի կալանքի տակ պահել Ռոբերտ Քոչարյանին, ինչո՞ւ է շարունակվում և խրախուսվում  հասարակության պառակտումը; ի՞նչ իրավունքով են հետապնդման ենթարկվում այլ կարծիք ունեցողները։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները գիտեն միայն ասես հեռակառավարման վահանակով մեր երկիրը ղեկավարող  չգիտեմ ինչ սորոսա-մասոնական-արևմտյան  աներևույթ ուժերը․․․ Նրանք մեզ պատերազմից չեն փրկի,  հակառակը՝ պատերազմի երախը կնետեն։

Իսկ Ադրբեջանի կողմից կռվող վարձկանը կամ Նախիջևանի կողմից սուրացող ռումբը չեն նայելու, թե մեզնից ով  է Նիկոլին պաշտում, իսկ ով է Քոչարյանին աջակցում։ Նրանց համար մենք բոլորս թշնամի ենք ու հայ։ Այնպես որ, ուզենք-չուզենք՝ ստիպված ենք  միավորվել արտաքին թշնամու դեմ, մանավանդ որ  մենք պատերազմից ապահովագրված չենք։

Եվ չմոռանանք, որ և՛Արցախյան ազատամարտում , և՛ Ապրիլյան քառօրյայում  հաղթեցինք միայն մեր միասնականության և զինվորին թև ու թիկունք լինելու շնորհիվ։ Պարտավո՛ր ենք միավորվել, քանի որ  պարզապես իրավունք չունենք հեռանալ իրարից այնքան, որ զինվորի թիկունքը բաց  մնա»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ