27  09  2019

«Կիլկի» Ավդալյանը կալանավորվեց, իսկ «շնաձուկ» Մինասյանն ազատության մեջ է․ կարծիք

«Կիլկի» Ավդալյանը կալանավորվեց, իսկ «շնաձուկ» Մինասյանն ազատության մեջ է․ կարծիք

Քաղաքագետ, Շիրակի պետական համալսարանի դասախոս Գագիկ Համբարյանը գրում է․

«Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Շիրակի մարզի դատախազության և քննչական բաժնի միջնորդությունը՝ որոշելով երկու ամսով կալանավորել "Վերածնունդ" միջազգային մրցույթ-փառատոն" ՀԿ նախագահ, Երևանի կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի նախկին տնօրեն Կարինե Ավդալյանին։

Չկասկածելով ու չվիճարկելով կալանավորման վերաբերյալ ընդունված որոշումը` միևնույն ժամանակ պետք է արձանագրեմ, որ տիկին Ավդալյանի երկամսյա կալանավորումը Փաշինյանի իշխանության ընտրովի արդարադատության և երկակի ստանդարտների կիրառման փայլուն օրինակներից է։

Մինչ տիկին Ավդալյանի հանցագործությունների մասին տեղեկությունները, 2017 թ-ի սեպտեմբերի 25-ին, դեռ մինչև այսպես կոչված Թավշյա հեղափոխությունը, ես և իմ գործընկերը՝ Հովհաննես Խորիկյանը, հանրապետության նախկին նախագահին և վարչապետին ուղղված բաց նամակով բացահայտել էինք ՇՊՀ նախկին ռեկտորի գործած բազմաթիվ հանցագործությունները և ապօրինությունները։

Երբ մեր նամակը մնաց անպատասխան, իսկ հետո էլ մեզ ազատեցին աշխատանքից, արդեն պարզ էր, որ նախկին ռեկտորի բեսպրեդելի հետևում կանգնած էին ՀՀԿ-ն և նրա ղեկավարը, որը չէր թաքցնում հենց Սահակ Մինասյանը՝ աջուձախ հպարտանալով իր և Բաղրամյան 26-ի միջև սերտ կապերով։

Թավշյա հեղափոխությունից հետո "սայլը" ոնց որ թե տեղից շարժվեց, և ՇՊՀ-ում տեղի ունեցած ապօրինությունների և հանցագործությունների վերաբերյալ մի քանի քրեական գործեր հարուցվեցին։

Հետհեղափոխական ցայտնոտային վիճակում գտնվող որոշ իրավապահներ և իշխանության մեջ գտնվող որոշ անձինք մի փոքր դադարից հետո կրկին սկսեցին իրենց "սև գործը"՝ միտումնավոր ձգձգել կրթական գործի Կոլումբոս` Մինասյանի հանցանքների և ապօրինությունների քննությունը, որոնցից շատերի բացահայտման համար ընդամենը մի քանի րոպե է անհրաժեշտ... Ավելին` իրավապահ համակարգի որոշ ներկայացուցիչներ բացահայտ ուղղորդված հարցաքննություններ էին իրականացնում` Մինասյան Սահակի դեմ բողոքողների նկատմամբ կեղծ ցուցմունքեր կորզելու նպատակով։

Հիմա հարց․ Ի՞նչն է պատճառը, որ ՇՊՀ նախկին ռեկտորի դեմ մինչև հիմա գործ չի հարուցվել և նա ժպիտը դեմքին ազատ ման է գալիս` մեկ անգամ ևս ապացուցելով, որ նույնիսկ հետհեղափոխական Հայաստանում իր ճղճիմ և կոռուպցիոն կապերն օգտագործելով կարող է խուսափել արդարադատությունից, երբ բացահայտված է նրա կողմիօց ՇՊՀ-ի գրադարանի գքրերի 70-80 տոկոսի ոչնչացման փաստը, երբ բացահայտված է, որ կեղծված են բազմաթիվ փաստաթղթեր, երբ նույնիսկ դպրոցականին է պարզ, որ նրա կողմից բուհի համար գնված դիզելային գեներատորը չի կարող արժենալ 30 հազար ԱՄՆ դոլար, երբ բոլորին էլ պարզ է, որ ՇՊՀ դահլիճի վերանորոգման համար չի ծախսվել 100 միլիոն դրամ, երբ ապօրինաբար և օրենքի կոպտագույն խախտումով բուհից հեռացվում են տարկետման իրավունքից օգտվող 7 տղա ուսանողներ, երբ նախորդ ռեկտորից ժառանգել էր 500 միլիոն դրամ, իսկ իր վերջին հաշվետվության համաձայն բուհի բյուջեի բացասական սալդոն կազմել էր մոտ 243 միլիոն դրամ, երբ նախատեսված 1,5 միլիոն դրամի փոխարեն Հայաստանի երիտասարդական հիմնադրամին առանց որևէ բացատրության փոխանցում է 6 միլիոն դրամ, երբ կեղծ մրցույթներով նա և իր յուրայինները տարրականորեն գրպանել են ՆՈՐԿԵՆՏ ծրագրով բուհին հատկացված միլիոնավոր դրամները և այլն։

Պատասխանը մեկն է. Սահակ Մինասյանը բարձրաստիճան հովանավորներ ունի Փաշինյանի շրջապատում ու իրավապահ համակարգում և այդ պատճառով էլ մինչև հիմա խուսափում է արդարադատությունից... Ի դեպ, տեղեկացնեմ, որ Կարինե Ավդալյանին մեղսագրվող վնասները հազարապատիկ քիչ են այն վնասից, որը ՇՊՀ-ին հասցրել է Սահակ Մինասյանը և նրա ֆան-ակումբը...Կարինե Ավդալյանը "շնաձուկ" Սահակ Մինասյանի համեմատ ընդամենը "կիլկի" է։

Հ.Գ. Ես չեմ հավատում Փաշինյանի արդարադատությանը, քանի դեռ Սահակ Մինասյանի նման, ինչպես ասում էր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, հակագիտական անձը չի պատժվել օրենքի խստությամբ և չի հատուցել ՇՊՀ-ին հասցված ահռելի վնասները»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ