17  09  2019

ԱԺ-ն ՍԴ նախագահին պաշտոնանկ անելու գործընթաց չի կարող սկսել․ պատգամավոր․168.am

ԱԺ-ն ՍԴ նախագահին պաշտոնանկ անելու գործընթաց չի կարող սկսել․ պատգամավոր․168.am

168.am-ը գրում է․ «Ազգային ժողովի «Իմ քայլը» իշխող խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտնել էր, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը որոշեց ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսել»։

168.am-ը ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, մասնագիտությամբ իրավաբան Գևորգ Պետրոսյանից փորձել է ճշտել այդ գործընթացի իրավական մեխանիզմները։

«Ազգային ժողովը որևէ լծակ չունի Սահմանադրական դատարանի նախագահի գործընթաց սկսելու, որովհետև ՍԴ նախագահի` պաշտոնից ազատման հիմքերը սպառիչ թվարկված են «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքում, և ամենամեծ ցանկության դեպքում այդ հիմքերը չեն կարող ընդարձակվել մասնավոր անձանց ցանկությամբ»,- ասել է Գևորգ Պետրոսյանը։

Վերջինս կարծում է, որ, եթե կա Սահմանադրական դատարանի վերաբերյալ դժգոհություն, դա պետք է օրենքով սահմանված ընթացակարգերով անցնի։

«Այսօր Ազգային ժողովը, չնայած որ մասնակցում է ՍԴ անդամների մի մասի ձևավորմանը, այնուամենայնիվ, այդպիսի լծակ չունի։ Եթե մենք այսօր որևէ բան հնարենք, որ կարողանանք Ազգային ժողովի միջոցով ճնշել ՍԴ-ին, սա նշանակում է, որ մենք ուղղակի անտեսում, արհամարհում ենք դատական անկախ համակարգ ունենալու մեր ցանկությունը։ Այն, ինչի մասին ոչ ոք առիթը բաց չի թողնում խոսել ` սկսած երկրի թիվ մեկ պաշտոնյայից մինչև վերջին քաղաքացին»,- նշել է ԱԺ պատգամավորը։

Նա նաև ասել է. «Սահմանադրական դատարանի նախագահին պաշտոնանկ անելու գործընթաց չի կարող սկսել։ Ես` որպես պառլամենտական, կուզենայի, որ մենք այդպիսի իրավասություն ունենայինք, որովհետև ընդհանուր առմամբ դա կտեղավորվեր խորհրդարանական վերահսկողության ինստիտուտի շրջանակներում, բայց մենք այսօր այդպիսի իրավասություն չունենք։ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ բոլոր պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, պաշտոնատար անձինք իրավասու են իրականացնել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքով։ Ոչ Սահմանադրությունը, ոչ էլ որևէ օրենք Ազգային ժողովին չի վերապահում ՍԴ նախագահի պաշտոնանկության գործընթաց նախաձեռնելու իրավասությամբ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ