13  08  2019

Մայր բուհը նոր պրոռեկտոր ունի

Մայր բուհը նոր պրոռեկտոր ունի

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանի հրամանով «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի միջազգային համագործակցության եւ հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր է նշանակվել ԵՊՀ դիվանագիտական ծառայության եւ մասնագիտական հաղորդակցման ամբիոնի դոցենտ Արթուր Իսրայելյանը: Այս մասին հայտնում են ԵՊՀ–ից։

Արթուր Իսրայելանն ավարտել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետը: 1999-2000 թթ. նա Դամասկոսի արաբերեն լեզվի ինստիտուտում մասնակցել է օտարերկրացիների համար նախատեսված հատուկ դասընթացին: 2002-2004 թթ. սովորել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի մագիստրատուրայում:

2004-2007 թթ. եղել է Դամասկոսի համալսարանի բանասիրության եւ հումանիտար գիտությունների ֆակուլտետի պատմության ամբիոնի ասպիրանտ: 2007 թվականին Դամասկոսի համալսարանում պաշտպանել է «Պատերազմական արվեստը Մամլուք Բահիրիների դարաշրջանում (1250-1382 թթ.)» թեմայով ատենախոսությունը՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

Արթուր Իսրայելյանը 2008 թվականից ԵՊՀ արաբագիտության ամբիոնի դասախոս է: 2010-2014 թթ. նա եղել է Երեւանի պետական լեզվահասարակագիտական համալսարանի արեւելյան լեզուների ամբիոնի հիմնադիր-վարիչը: 2011 թվականից Արթուր Իսրայելյանը ԵՊՀ դիվանագիտական ծառայության եւ մասնագիտական հաղորդակցման ամբիոնի դոցենտ է, 2015 թվականից՝ ԵՊՀ չինարեն լեզվի եւ մշակույթի կենտրոնի ղեկավարը: 2014-2019 թթ. Արթուր Իսրայելյանը եղել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի՝ արտաքին կապերի գծով տեղակալը: 2019 թվականի հունվարից օգոստոս ընկած ժամանակահատվածում զբաղեցրել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղարի պաշտոնը:

Արթուր Իսրայելյանի գիտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է հայ-արաբական պատմամշակութային առնչությունները, արաբական աշխարհը միջազգային հարաբերություններում, իսլամագիտությունը, արաբական միջնադարյան պատմությունը եւ մշակույթը, կորեագիտությունը, չինական պատմագրությունը եւ գրերը:

Արթուր Իսրայելյանը մասնակցել է մի շարք մասնագիտական վերապատրաստումների եւ դրամաշնորհային ծրագրերի: 2009 թվականին Կահիրեում նա արժանացել է «Արաբերեն լեզու եւ մշակույթ» եւ «Հայ-եգիպտական 15-ամյա դիվանագիտություն եւ բարեկամություն» հուշամեդալների, իսկ 2014 թվականին՝ ԵՊՀ ռեկտորի շնորհակալագրի:

Արթուր Իսրայելյանը «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի եւ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ