16  07  2019

Կցանկանանք, որ ԱՄՆ ճնշում չգործադրի ՀՀ-ի վրա. Արարատ Միրզոյան

Կցանկանանք, որ ԱՄՆ ճնշում չգործադրի ՀՀ-ի վրա. Արարատ Միրզոյան

Հայաստանը հետաքրքված է զարգացնելու հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ, հայտարարել է Հայաստանի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը «Ատլանտյան խորհուրդ» հաստատությունում, այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Նրա գլխավորած պատվիրակությունը Միացյալ Նահանգներում է ԱՄՆ Ներկայացուցդիչների պալատի ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի հրավերով՝ առաջնորդների ֆորումին մասնակցելու համար:

Միրրզոյանը չի տեսնում խոչընդոտներ հարաբերությունների խորացման առումով, սակայն անհրաժեշտ է ավելի հստակ օրակարգ:

«Մեր հարաբերությունները պետք է դիվանագիտական հռչակագրերի դաշտից տեղափոխվեն հստակ գործնկերային հարաբերությունների դաշտ: Անհրաժեշտ է կառուցել օրակարգ՝ ուղղված դեպի կոնկրետ նպատակների իրականացում»,- ասում է Միրզոյանը:

Երախտագիտություն հայտնելով տարիների ընթացքում տրամադրված ամերիկայն օգնության համար՝ նա ընդգծել է՝ Միացյալ Նահանգների աջակցությունը կարեւոր է Հայաստանի համար ոչ միայն տնտեսական, ներդրումային, փորձի փոխանակման ոլորտներում, այնպես էլ քաղաքական դաշտում: Ամերիկյան աջակցության հարցում, սակայն, ըստ խոսնակի, դեռեւս առկա են շատ անելիքներ:

«Կարծիքներ կան, որ ԱՄՆ կարող է ավելի շատ աջակցել: Կան նաեւ կարծիքներ, որ դրա պատճառը Հայաստանի հեղափոխության ներքաղաքական բնույթն է»,- ասել է Միրզոյանը:

Խոսնակն ընդգծել է, որ տարածաշրջանում առկա լարվածությունը ԱՄՆ-Իրան հարաբերություններում բացասաբար է անդրադառնում Հայաստանի տնտեսության վրա: Նա կարեւորել է Թեհրանի հետ հարաբերությունները, քանի որ Հայաստանի 4 սահմաններից երկուսը փակ են: Հարաբերությունների զարգացումը բարեկամ մեկ երկրի հետ չպետք է լինի ի հաշիվ մեկ այլ բարեկամ երկրի, գտնում է խոսնակը:

«Մենք կցանկանանք, որ ԱՄՆ ճնշում չգործադրի Հայաստանի վրա՝ իրանական պատժամիջոցների օրակարգում ներգրավելու համար: Հայաստանը չի կարող նման գին վճարել»,- նշել է Միրրզոյանը:

Պատասխանելով Լեռանին Ղարաբաղի հակամարտության հետ կապված հարցին՝ խոսնակը խնդիրը դիտարկել է մարդու իրավունքների դաշտում՝ կարեւորելով Լեռնային Ղարաբաղի բնակչության ընդգրկումը բանակցային գործընթացում:

Ներքաղաքական եւ տնտեսական զարգացումների մասին խոսելիս Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստանում դատաիրավական բարեփոխումների անհրաժեշտությունը եւ կոռուպցիայի դեմ շարունակական պայքարը: Նա վերահաստատել է գործող իշխանության հավատարմությունը ժողովրդավարությանն ու օրենքի գերակայությանը:

«Այսօրվա իշխանությունն ունի ուժեղ քաղաքական կամք եւ հավատարմություն ժողովրդավարական արժեքներին, կոռուպցիայի դեմ պայքարին եւ օրենքի գերակայության հաստատմանը»,- ասում է նա:

Նույն օրը ԱՄՆ-ում Հայյաստանի դեսպանությունում հայ խորհդարանականների պատվիրակությունը հանդիպել է ամերիկահայ համայնքի հետ: Իր ելույթում խոսնակ Միրզոյանը ողջունել է Վաշինգտոնի հայ համայնքին՝ անդրադառնալով հետհեղափոխական Հայաստանի ձեռքբերումներին ու երկրում առկա մի շարք կարեւոր խնդիրներին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ