08  07  2019

Վերացնել բնակարանի վարկի և եկամտահարկի վերադարձի սահմանափակումները. ԼՀԿ-ի առաջարկը

Վերացնել բնակարանի վարկի և եկամտահարկի վերադարձի սահմանափակումները. ԼՀԿ-ի առաջարկը

ԱԺ «Լուսավոր Հայասստան» խմբակցությունը օրենսդրական նոր նախաձեռնությամբ է հանդես եկել, որով առաջարկում է հանել հիփոթեքային վարկի դեպքում եկամտահարկի վերադարձման սահմանափակումները:

Այս առնչությամբ, ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է.

«Հարկային օրենսգրքով նախատեսված անմիջապես կառուցապատողից բնակարանի ձեռքբերման դեպքում եկամտային հարկի վերադարձման համակարգում 2018 թվականից ներդրվել են սահմանափակումներ՝ բնակարանի արժեքի 55 մլն դրամ սահմանափակում և վերադարձվող եկամտային հարկի եռամսյակային 1.5 մլն դրամ սահմանափակում: Նշված սահմանափակումները ներդրվել են «սոցիալական» հիմնավորմամբ՝ ծրագրի շահառուներին հնարավորություն չտալով ձեռքբերել ավելի արժեքավոր բնակարաններ:

Սահմանափակումները որեւէ հիմնավորում չունեն, քանի որ արժեքավոր բնակարանները նույնպես լուծում են կացարանային խնդիր եւ սահմանափակելով նման բնակարանների վաճառքի արտոնյալ հնարավորությունը՝ լուրջ խնդիրներ ենք առաջացնում շինարարական ոլորտում, քանի որ սա բերում է կոնկրետ մակերեսից մեծ բնակարանների կառուցման խուսափելուն, ինչը շատ հաճախ հնարավոր չէ նաև ճարտարապետական տեսանկյունից:

Ընդ որում, բարձր աշխատավարձ ստացողներին փաստացի խոչընդոտելով մեծ մակերես ունեցող բնակարան գնելուց՝ խնդիր ենք առաջացնում նաեւ բազմազավակ ընտանիքների բարեկեցիկ ապրելու համար:

Սահմանափակման բացակայությունը չի կարող առաջացնել նաեւ որեւէ չարաշահում, քանի որ դրա համար պետք է բարձր աշխատավարձի եւ փաստացի վճարած եկամտային հարկի առկայություն, ընդ որում բարձր վաճառքի գնից կառուցապատողը նույնպես ավելի շատ հարկ է վճարում:

Այս առումով խիստ հատկանշական է, որ ՀՆԱ-ի մեջ շինարարության բացասական նպաստումը վերջին տարիների ընթացքում ի վերջո վերածվեց դրական նպաստման՝ 2017-ին 0.2%-ային կետով, այնինչ 2018-ին այն անկում ապրեց 30%-ով՝ հասնելով 0.14%-ային կետի: Ակնհայտորեն, արտոնության սահմանափակումն ունեցել է իր մուլտիպլիկատիվ ազդեցությունը շինարարական ոլորտի ակտիվության դանդաղման համար, որն ազդեցություն է ունեցել ՀՆԱ-ում շինարարական ճյուղի նվազման վրա:

Գործող երրորդ սահմափակումը, որը հնարավորություն է տալիս միայն 1 անգամ օգտվել ծրագրից, բավարար է ծրագրի կացարանային նպատակի հիմնավորման համար, և մնացած 2 սահմանափակումները ոլորտի զարգացման համար առաջացնում են լուրջ ռիսկեր ու խոչընդոտներ:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ ներկայացրել եմ Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծ՝ նշված սահմանափակումները հանելու վերաբերյալ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ