26  03  2020

ԲԴԽ-ն ցուցաբերում է ակնհայտ անգործություն. Արամ Վարդևանյան․ Փաստինֆո

ԲԴԽ-ն ցուցաբերում է ակնհայտ անգործություն. Արամ Վարդևանյան․ Փաստինֆո

Փաստինֆո-ն գրում է․ «Փաստաբան Արամ Վարդևանյանի՝ ԲԴԽ նախագահին հասցեագրված դիմումը դատավարական գործընթացին միջամտելու վերաբերյալ չի եղել, այլ նորմատիվային բնույթի ակտի ընդունմանը: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը: 

Բանն այն է, որ մարտի 17-ին նշանակված Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվել էր՝ դատավորի վատառողջ լինելու պատճառաբանությամբ: Իսկ դրանից մեկ օր առաջ՝ մարտի 16-ի երեկոյան, պաշտպանները Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդություն էին ներկայացրել դատարան։ Ընդ որում՝ նախապես ճշտել էին դատարանից, որ նշանակված նիստը կայանալու է , բայց չի կայացել։ Ըստ պաշտոնական պարզաբանման՝ դատավորը վիրահատվել է և պարզ չէ, թե որքան կտևի հետվիրահատական շրջանը:

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը դիմել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին՝ խնդրելով միջնորդության քննությունը մակագրել այլ դատավորի, ինչը մերժվել է: Փաստաբան Արամ Վարդևանյանն էլ դիմել էր ՄԻՊ-ին և ԲԴԽ նախագահին՝ ներկայացնելով ստեղծված իրավիճակը։

Խնդիրն այն է, որ անձնական երաշխավորությունը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը Կոնվենցիայի և ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի ուժով հանդիսանում է անհապաղ քննության ենթակա միջնորդություն: Արամ Վարդեւանյանը ԲԴԽ նախագահի ուշադրությունն էր հրավիրել այն հանգամանքի վրա, որ միջնորդության քննությունից հրաժարումն, կամ անորոշ կերպով հետաձգումը ինքնին հանդիսանում է ակնհայտ արդարադատության մերժում:

«Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ դատավորի ժամանակավոր անաշխատունակության դեպքում դատական վարույթի շրջանակներում ներկայացված միջնորդությունները բաշխելու համար նշված որոշման մեջ առանձնացված ընթացակարգ սահմանված չէ, ուստի անձնական երաշխավորությունը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ ներկայացված միջնորդության բաշխման ընթացակարգի նկատմամբ պետք է կիրառելի լինեն Առաջին ատյանի դատարաններում քրեական գործի շրջանակներում ներկայացված միջնորդությունների բաշխման ընթացակարգի ընդհանուր դրույթները, այն է՝ դատավորն օրենքով սահմանված այլ հիմքով բացակայում է»,- դիմումում նշել էր Ա.Վարդեւանյանը՝ առաջարկելով ԲԴԽ նախագահին՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդության քննության ապահովման ուղղությամբ միջոցներ ձեռնարկել, նման անորոշությունը կանխելուն ուղղված լուծումներ գտնել, այդ թվում՝ քննարկել ՀՀ ԲԴԽ կողմից նման իրավիճակները կարգավորող նորմատիվ ակտի ընդունումը:

Սակայն ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը որոշել է Վարդևանյանի ներկայացրած դիմումը վերահասցեագրել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին և նշել, թե դա ԲԴԽ լիազորությունների սահմաններից դուրս է:

«ԲԴԽ-ն երաշխավորում է դատավորների անկախությունը և դատարանների բնականոն գործունեությունը: Ենթադրենք՝ հեռահար հաղորդակցման միջոցով քաղաքացիական գործերով դատավարությունների կազմակերպումը իրականացնում է ԲԴԽ-ն, որովհետև դա դատարանների բնականոն գործունեության կազմակերպման հարց է»,- նշեց Վարդևանյանն՝ ընդգծելով, որ իր ներկայացրած դիմումով խնդրել էր ԲԴԽ-ին՝ նման իրավիճակները կարգավորող նորմատիվային բնույթի ակտ ընդունել:

«Կարող է լինել այնպես, որ դատավորը նույնիսկ շատ օբյեկտիվ և հարգելի պատճառով՝ այսպես անորոշ ժամկետով փաստացի որևէ տեղեկություն չտրամադրի իր գործով մասնակցող անձանց, այն էլ՝ երբ կա գործով կալանավորված անձ՝ այն պարագայում, երբ արտակարգ դրություն է հայտարարված ՀՀ-ում: Այս իրավիճակների համար ԲԴԽ-ն չունի ընդունած որևէ ակտ, որևէ որոշում: Հենց նման իրավիճակների համար պետք է ունենա ակտեր: Նույն հաջողությամբ՝ ինչու դատարանի նախագահը չի սահմանում դատավորների արձակուրդի կարգը, ինչու՞ է դա սահմանում ԲԴԽ-ն: Առհասարակ՝ գուցե բոլոր հարցերով պետք է զբաղվի դատարանի նախագահը, բայց այդ ժամանակ հարց է առաջանում՝ ի՞նչ գործառույթներով է օժտված ԲԴԽ-ն, եթե ոչ այպիսի հարցերին լուծում տալու գործառույթով»,- նշեց Վարդևանյանը:

Վերջինս ընդգծեց, որ դիմումում մատնանշել էր նաև ԲԴԽ նախագահի հարցազրույցը, որում, թեև ասվում էր, որ սա 21-րդ դարն է և կարելի է հեռախոսազանգով ճշտել և իմանալ, թե դատավորը երբ է վերադառնալու, սակայն այսօր էլ Վարդևանյանը զանգահարել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի աշխատակազմ՝ հիշատակելով, որ 21-րդ դարն է, ինչ տեղեկություն է առկա, որտեղից իրեն տեղեկացրել են, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը փորձել է և չի կարողացել ճշտել:

«Այս պայմաններում մենք խոսում ենք իրավական պետության սկզբունքի երաշխավորման մասին, բայց ստիպված արձանագրում ենք դրա խախտումը ։ Այս պարագայում մենք խոսում ենք ԲԴԽ կողմից ակնհայտ անգործության փաստի մասին, բայց ինչով է դա պայմանավորված, թողնում եմ մեկնաբանությունները մեր հանրությանը: Ինչպե՞ս կարելի է այդպես վարվել նման պատասխանատու քրեական գործի դեպքում: Ինչպես է ստացվում, որ ԲԴԽ-ն նման օպերատիվ ձևով արձագանքեց դատական նիստերի դահլիճում տեղի ունեցածին, որը, փաստացի նույնիսկ հանրային ցանկացած վայրում իրավիճակին էր բնորոշ և համարժեք, բայց այս պարագայում ԲԴԽ նախագահը գտնում է, որ պետք է հարցը հասցեագրի Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին: Բա թող այդ հարցով էլ զբաղվեր Երևաի ընդհանուր իրավասության դատարանը, ինչն էր պատճառը, որ հենց ԲԴԽ-ն պետք է արձագանքեր: Դա էլ էր դատավարության գործընթացի մասին՝ իրենց մեկնաբանմամբ»,- նշեց Վարդևանյանը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ