16  01  2020

Վաղ կենսաթոշակի օրենքն անօրինական է․ Հակակոռուպցիոն խորհուրդ

Վաղ կենսաթոշակի օրենքն անօրինական է․ Հակակոռուպցիոն խորհուրդ

Ս.թ. հունվարի 16-ին Ազգային Հակակոռուպցիոն Խորհուրդը գրությամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին` առաջարկելով քրեադատավարական կարգով քննության առնել ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրենքի ընդունմանը առնչվող մի շարք   հանգամանքներ` պարզելու համար, թե արդյոք դրանցում առկա չէ հանցագործություն:

«Խորհուրդը, ուսումնասիրելով աղմկահարույց օրենքի նախագծի ընդունման և դրա հետագա հաստատման, այնուհետև օրենքի քվեարկության ողջ գործընթացը, բացահայտել և արձանագրել է մի շարք կոպիտ խախտումներ: Դրանցից ակնհայտ է դառնում, որ փաստաթուղթն ամբողջությամբ անօրինական է, խախտված են ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարևորագույն ընթացակարգեր, իսկ քվեարկության համար բավարար ձայներ չեն ապահովվել. իրավական տեսանկյունից նման օրենք գոյություն չունի:

Իր ընդարձակ գրության մեջ Ազգային Հակակոռուպցիոն Խորհուրդը բոլոր մանրամասներով մատնանշել է հիշատակված խախտումները և եզրակացրել, որ որ, ի թիվս Քրեական օրենսգրքով նախատեսված բազմաթիվ արարքների, մի խումբ անձինք, ելնելով նեղ անձնական և քաղաքական շահերից, իրականացրել են այնպիսի գործողություններ, որոնք հանգեցրել են ԱԺ կողմից Սահմանադրությամբ և օրենսդրությամբ սահմանված կարգով չընդունված օրենքի ապօրինի ընդունմանը` այդպիսով տիրանալով Ազգային ժողովի լիազորություններին:

Խորհուրդը գտնում է, որ ներկայացված հանգամանքները հանդիսանում են լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն իրականացնելու համար քրեական գործ հարուցելու հիմք»,-ասված է Ազգային Հակակոռուպցիոն Խորհրդի հայտարարության մեջ։

Ազգային Հակակոռուպցիոն Խորհրդի գրությունը ՀՀ գլխավոր դատախազին` հղմամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ