15  01  2020

ՍԴ-ի բնականոն գործունեությունը վերաբերում է երկրի անվտանգությանը. Վարդևանյան

ՍԴ-ի բնականոն գործունեությունը վերաբերում է երկրի անվտանգությանը. Վարդևանյան

Tert.am-ը գրում է․ «Սահմանադրական դատարանի հիմանական առաքելությունը հենց սահմանադրական և իրավական անվտանգության ապահովումն է, ոչ թե այս կամ այն օրենքի սահմանադրականության համապատասխանելիությունը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ Արամ Վարդևանյանը:

«Սահմանադրական դատարանի բնականոն գործունեությունն ուղղակիորեն վերաբերում է նաև ցանկացած երկրի ընդհանուր անվտանգության հարցերին: Եթե սահմանադրական, իրավական անվտանգությունը խաթարվում է, դրա հետևանքները շատ վտանգավոր կարող են լինել»,- նշեց սահմանադրագետը:

Արամ Վարդևանյանը նաև նկատում է, որ ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրենքը կարող էր խաթարել ՍԴ բնականոն գործունեությունը. «Ենթադրենք 7 դատավորները համաձայնում են և դուրս են գալիս, ի՞նչ է լինելու ՍԴ բնականոն գործունեության հետ։ Դրա պատասխանը շատ պարզ է՝ խաթարվելու է»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Twitter-ի իր միկրոբլոգում այսօր գրառում էր կատարել՝ նշելով, որ նախկինում արած իր զգուշացումը՝ երկրի անվտանգությանը սպառնացող վտանգների մասին, առնչվում էր նաև ՍԴ շուրջ ծավալվող իրադարձություններին. «Ամիսներ առաջ իմ զգուշացումը երկրի անվտանգությանը սպառնացող վտանգների վերաբերյալ առնչվում էին նաև Սահմանադրական դատարանի շուրջ այն օրերից սկսած և մինչ օրս շարունակվող իրադարձություններին»,- գրել էր նա:

- Պարո՛ն Վարդևանյան, ինչի մասին է վկայում ԱԱԾ նախկին տնօրենի մակարդակով նման հայտարարությունը, ընդհանրապես, ի՞նչ անվտանգության մասին է խոսքը:

– Ամեն դեպքում իր հայտարարությունը չեմ մեկնաբանի, ես մասնագիտական տեսանկյունից կփորձեմ հարցին մոտենալ: Սահմանադրական դատարանները ցանկացած եվրոպական երկրում զուտ չեն հետևում, թե արդյոք մի օրենք համապատասխանում է Սահմանադրությանը, թե ոչ: Սահմանադրական դատարանների հիմանական առաքելությունը հենց սահմանադրական և իրավական անվտանգության ապահովումն է: Հետևաբար` ՍԴ-ի բնականոն գործունեությունն ուղղակիորեն վերաբերում է նաև ցանկացած երկրի ընդհանուր անվտանգության հետ կապված հարցերին ևս: Եթե սահմանադրական, իրավական անվտանգությունը խաթարվում է, դրա հետևանքները շատ վտանգավոր կարող են լինել: Միգուցե այդ տեսանկյունից պետք է հարցին նայել:

Տեսեք, Սահմանադրական դատարանի դատավորների կազմի գերակայող մեծամասնությանը՝ 7 դատավորի, առաջակվում է վաղ կենսաթոշակի մոդելը, հենց Վենետիկի հանձնաժողովը հետևյալ մտահոգությունն էր առաջ քաշել՝ եթե ենթադրենք բոլոր 7 դատավորները համաձայնում են և դուրս են գալիս, ի՞նչ է լինելու ՍԴ բնականոն գործունեության հետ։ Դրա պատասխանը շատ պարզ է՝ խաթարվելու է:

Այդ ժամանակ իրավական անվտանգության իրական խնդիր էր առաջանալու, և դրա լուծումն ընդունված օրենքով չկա: Այսինքն, եթե 7-ն էլ հրաժարական են ներկայացնում, հաղթահարել այդ ճգնաժամը հնարավոր չի լինելու: Այ դա իրական ճգնաժամն է: Կառավարության կողմից ՍԴ են ներկայացվում բազմաթիվ միջազգային պայմանագրեր են, որոնք վարկային պարտավորություններին են վերաբերում:

Պատկերացրեք, երկրի զարգացման համար առանցքային նշանակություն ունեցող փաստաթուղթ է, և ՍԴ-ն չի կարողանում այն վավերացնել, դրա սահմանադրականության համապատասխանությունը պարզել: Արդյոք դա սահմանադրական անվտանգության և երկրի անվտանգության խնդիր չի՞ առաջացնի։ Իհարկե, կառաջացնի:

- Իշխանությունները չէի՞ն գիտակցում իրավական անվտանգության կարևորությունը, դրանց բխող հետևանքները չե՞ն գնահատում՝ նման օրենսդրական նախաձեռնություն ընդունելուց առաջ:

- Ես առնվազն գիտեմ, որ արդարադատության նախարարը, որը ներկայացնում էր օրենքի նախագիծը Վենետիկի հանձնաժողովին, չէր կարող տեղյակ չլինել այս ռիսկի մասին, որը ներկայացրի: Վենետիկի հանձնաժողովի կարծիքն ուսումնասիրելուց հետո առնվազն պետք էր դրա վերաբերյալ լուծումներ գտնել, բայց դա չարվեց: Դեռ չեմ խոսում, որ այդ ամբողջ օրենքը՝ վաղ կենսաթոշակի մեխանիզմն ինքնին հակասահմանադրական է: Այն կամավորության էլեմենտ չունի իր մեջ. ինչպե՞ս կարելի է խոսել կամավորության մասին, երբ ժամկետային սահմանափակում կա:

- ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն իր հրաժարականի տեքստում նշել էր. «Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում»: Վանեցյանի այսօրվա գրառումը, կարծես, հրաժարականի տեքստ շարունակությունն էր, այսպես ասած, ավելի պարզեցնում էր հայտարարությունը: Կարելի է ենթադրել, որ այդ ժամանակ, երբ նա ԱԱԾ տնօրեն էր, քաղաքական իշխանությունների կողմից հրահանգ է իջեցվել, որ ՍԴ-ի նկատմամբ գործողություններ կատարվեն ծառայության կողմից:

- Որոշակի կանխատեսկան կամ մոտավոր բնույթի վերլուծություն պետք է անեմ: ՍԴ-ի հետ փոխհարաբերություններում պետական իշխանության ցանկացած այլ ճյուղ պետք է առնվազն ամբողջությամբ պահպանի Սահմանադրության նախատեսված երաշխիքները, պետք է առավել զգոն և զգուշավոր լինի: Բայց այն, որ մենք տեսանք հանրապետության նախագահի կողմից, այսպես կոչված, վաղ կենսաթոշակի օրենքի ստորագրումից ժամեր անց Հատուկ քննչական ծառայության և Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները մուտք գործեցին ՍԴ, սա խիստ մտահոգիչ էր: Սա հենց խոսում է նրա մասին, որ Սահմանադրական դատարանի հետ այլ պետական մարմինների ճիշտ հարաբերվելու սկզբունքը չի պահպանվում:

ՍԴ վերաբերյալ գործողությունների, ՍԴ-ի հետ հարաբերություններում պարտադիր է պետք պահել Սահմանադրության գերակայությունը:Պետք է նաև արձանագրեմ, որ իրավական առումով բավականին խոցելի այս իրավիճակում Սահմանադրական դատարանն իր գործունեությունը բնականոն իրականացրել է և իրականացնում է: Միայն վերջին շրջանում Քրեական դատավարության օրենսգրքի հետ կապված ՍԴ որոշումները եթե չլինեին, վստահեցնում եմ, Եվրոպական դատարանում յուրաքանչյուրը կարող էր լինել իրավունքի խախտում բավականին մեծ փոխհատուցումներով՝ սկսած կալանքի հետ կապված, վերջացրած գրավի ինստիտուտով: Այդ ամենը կարելի է ասել ՍԴ-ն կանխեց 2019 թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Սա մեկ օրինակ էր, մինչ այդ էլ շատ որոշումներ կային: Վստահեցնում եմ՝ սա բավականին լուրջ ձեռք բերում էր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ