15  01  2020

Թող չսպասեն՝ իրենց ցանկությամբ որևէ մեկի դեմ ցուցմունք կտամ. Ալիկ Սարգսյան

Թող չսպասեն՝ իրենց ցանկությամբ որևէ մեկի դեմ ցուցմունք կտամ. Ալիկ Սարգսյան

News.am-ը գրում է․ «Ես չեմ կարող ասել մի բան, որն իրականություն չէ, կամ որևէ մեկի վրա ինչ–որ բան գրել, կամ իրենց ցանկությամբ որեւէ մեկի դեմ ցուցմունք տալ։ Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, ով  2019թ. սեպտեմբերից մեղադրյալի կարգավիճակում  Է, և ում Հատուկ քննչական ծառայությունը հարցաքննության չի կանչում, միաժամանակ, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվելով չհեռանալու մասին ստորագրությունը։

Ըստ Սարգսյանի՝ իր նկատմամբ հարուցված քրեական գործի նյութերը չեն տրամադրում ոչ իրեն, ոչ էլ իր փաստաբանին. «Դրել են դարակում իմ ազատ տեղաշարժվելու իրավունքը։ Չգիտեմ՝ ո՞վ է նրանց իրավունք տվել սահմանափակել իմ ազատ տեղաշարժվելու իրավունքը։

Ինչ-որ մեկը իրեն իրավունք է վերապահում մարդկանց հետ խաղա այսպես՝ թույլ ենք տալիս, թույլ չենք տալիս, դրա համար մի օր պատասխան է տալու։ Իմ կյանքի այս էջը ես երբեք չեմ մոռանա։ Թող կանչեն, ասեն՝ ինչ եմ արել, ըստ դրա մեղադրանք առաջադրեն։

Երեք ամիս ինձ այնպիսի զրկանքի առաջ կանգնեցրին, երբ սեպտեմբերի 26-ից մինչեւ հոկտեմբերի 2-ը անհետաձգելի, բուժման խնդիր կար իմ ընտանիքի անդամների հետ կապված, 3-4 ամսվա պայմանավորվածություն էր, վերջին օրով կանչում, խափանման միջոց են ընտրում՝ ստորագրություն չհեռանալու մասին։ Ասեցի, խնդրեցի 1 շաբաթով, մարդ եք, մի՞թե այդքան հարգանք չկա, վստահությություն չկա, ես ինչո՞վ եմ այդ անվստահությունը վաստակել, թողեք՝ մի շաբաթով տանեմ, բերեմ, գամ, ներկայանամ, հետո ինչ կուզեք՝ արեք։ Մերժեցին»։

Հարցին՝ արդյոք իրավապահ մարմինները, կամ իշխանությունն իր նկատմամբ հոգեբանական ճնշում է գործադրում,  Սարգսյանը նշեց. «Իհարկե։ Ես առավելագույնը կարող եմ դիմում գրել դատախազություն, որից ոչ մի հույս չունեմ։ Իմ աչքին այսօր բոլորը նույնականացված են, դատախազություն, հատուկ քննչական, բոլորը նույնականացված են, նույն խնդիրն են լուծում, նույն ոճով, ո՞ւմ դիմեմ՝ չգիտեմ։ Չգիտեմ՝ դատախազին գրեմ՝ ի՞նչ տարբերություն, ի՞նչ է փոխվելու։ Ես հիմա անելանելի, փակուղային վիճակի մեջ եմ։  Ես իմ ցանկացած արարքի համար պատրաստ եմ պատասխան տալ, ցանկացած պատժի միջոց պատրաստ եմ կրել, բայց այս անորոշ վիճակից, այս վիրավորանքից, որ իմ նկատմամբ հիմա կիրառվում է, ցանկանում եմ ազատվել։ Հիմա կարող եմ դիմում գրել՝ խնդրում եմ մի շաբաթով թույլ տվեք՝ բացակայեմ, բայց ամո՞թ չի, ես հիմա այս տարիքի մարդ եմ, գեներալի ուսադիրներ ունեմ, հասել եմ դրան, այսքան տարի այս երկրին ծառայել եմ, գրեմ, որ ինչ-որ մեկը գրի՝ թույլատրում եմ մի շաբաթով բացակայել։ Եթե ես մեղավոր եմ, պատվով իմ պատիժը կկրեմ, պատվով դուրս կգամ երկրից, ոչ թե ընկնեմ, ինչ-որ մեկին խնդրեմ, որ մի շաբաթով թույլ տա իմ երկրից, իմ քաղաքից բացակայել։ Դա ինձ համար ամենավիրավորականն է, նույնիսկ կալանքից»։

Դիտարկմանը՝ միգուցե որևէ անձնական խնդիր ունի ներկա իշխանությունների հետ, ինչի պատճառով իր հետ այդպես են վարվում՝ Սարգսյանն ասաց. «Ես որեւիցե խնդիր ներկա իշխանությունների հետ չունեմ, իմ որեւիցե քայլով ոչ սատարում, ոչ խոչընդոտում են նրանց գործունեությանը, քաղաքականության մեջ ընդհանրապես չկամ, չեմ զբաղվում դրանով, երբեւիցե չեմ էլ եղել։ Ամեն դեպքում չգիտեմ՝ ինչու որոշել են նախկին ոստիկանապետի հաստիք ներգրավել այս գործին։ Որեւիցե մեկը թող սպասում չունենա, որ ես կարող ասել մի բան, որ իրականություն չի, կամ ինչ-որ մեկի վրա ինչ-որ բան գրեմ, կամ իրենց ցանկացած ցուցմունք տամ ինչ-որ մեկի դեմ։ Նման բան չի կարող լինել, ես ավելի լավ է չապրեմ, քան նման բան անեմ»։

Հիշեցնենք, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել 2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա։ Մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), 314-րդ հոդվածի 1-ին (Պաշտոնեական կեղծիքը) և 334-րդ հոդվածի 1-ին (Հանցագործությունը պարտակելը) մասերով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ