06  11  2019

Այս քրգործերը ցույց են տալիս 10 մահերի բացահայտման անկարողությունը․ Կոստանյան



Tert.am-ը գրում է․ «Ինձ համար Վենետիկի հանձնաժողովի հայտարարության մեջ մեկ ձևակերպում կար անհանգստացնող, որ Հայաստանում անհրաժեշտ է վերագործարկել Սահմանադրությունը:  «Արմնյուզ» ՀԸ «Հայելու առաջ» հաղորդմանը նման կարծիք է հայտնել նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:  «Վենետիկի հանձնաժողովը խոսում է ԱԺ-ի լեգիտիմությունից, բայց նույն ժամանակ ՍԴ-ի գործունեության ապահովման անհրաժեշտության մասին: Ըստ էության՝ նա ասում է իշխանությունների տարանջատումների սկզբունքների խախտման մասին: Դրա համար ասում է, որ Սահմանադրությունը պետք է վերագործարկել: Այսպես ասած, ասում է՝ տղե՛րք, իշխանության տարանջատումը պահենք՝ ԱԺ, դատարան և կառավարություն»,- ասաց Կոստանյանը:

Ըստ նրա՝ եթե Վենետիկի հանձնաժողովը նման ձևակերպում է տալիս, ուրեմն բոլորով անհանգստանալու առիթ ունենք: «Ես չեմ հիշում մի դեպք, որ Վենետիկի հանձնաժողովը սրան մոտ հայտարարություն անի»,- ասաց նա և հավելեց, որ սա իսկապես երկրի համար վտանգավոր է, և եթե Վենետիկի հանձնաժողովը նման դիրքորոշում է հայտնում, նշանակում է, որ երկրի նկատմամբ վերաբերմունքը, որպես իրավական, ժողովրդավարական երկրի սկսում է նվազել: Ըստ նրա՝ սրանով պետության լեգիտիմությունը խնդրի առաջ է կանգնում:

Անդրադառնալով նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին առաջադրված մեղադրանքին և գործի մասով իր առնչությանը՝ Գևորգ Կոստանյանը նշել է. «Ըստ Ալիկ Սարգսյանին ներկայացված մեղադրանքի բովանդակության՝ ես՝ որպես արդարադատության նախարարի  տեղակալ, ոստիկանապետին և ոստիկանության բարձրաստիճան ծառայողներին տվել եմ հանձնարարություններ՝ կատարելու որոշակի կեղծիքներ կամ ինչ-որ փաստաթղթերի կեղծում»,- ներկայացրեց Կոստանյանը:«Գաղափարը հետևյալն է, որ 2008 թվականի մարտի 1-ի առավոտվա իրադարձությունների կապակցությամբ ոստիկանները արել են ինչ-որ գործողություններ և 5 ամիս հետո ես՝ որպես արդարադատության նախարարի տեղակալ, նրանց բացատրել եմ, թե նրանք ինչպիսի ձևակերպումներ պետք է տան նրանց 5 ամիս առաջ կատարած գործողություններին»,- ասաց Կոստանյանը և հավելեց, որ ինքն դրանից 5 տարի հետո է նշանակվել գլխավոր դատախազ:

Դիտարկմանը, որ հարցաքննության ժամանակ Ալիկ Սարգսյանը ևս հերքել էր, որ նման հանձնարարական չի եղել, Կոստանյանը պատասխանել է, որ բնականաբար պետք է հերքեր, քանի որ նման մեղադրանքը, ոչ միայն իրավունքի կողմից է անհնար, այլև՝ տրամաբանության տեսանկյունից: Կոստանյանը նշեց նաև, որ այստեղ ավելի խորը խնդիրներ է տեսնում:«Հանրության տեսակետից ավելի հրատապ է 10 մահվան փաստերի կապակցությամբ կատարվող քննությունը և դրանց բացահայտումը: Հետևաբար՝ ես կարծում եմ, որ այս քրեական գործերը, որ հարուցվել են, քննվում են և աղմուկ են բարձրացնում, ըստ էության, նպատակ ունեն ցույց տալ այդ 10 մահերի բացահայտման անկարողությունը: Իրավապահ մարմինները ամեն մի առիթի դեպքում ինչ-որ ծավալուն բացատրություն են տալիս, բայց արդյունքում այդ ամենը նպատակ ունի բուն գործի քննության արդյունքներից շեղելու»,- ասաց նա և հավելեց, որ բուն գործի քննությունը, ըստ նրա, 10 սպանությունների բացահայտման ընթացքն է, որում կա զրո արդյունք»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ