30  10  2019

Ուզում եմ հավատալ ՀՔԾ պետի անկեղծությանը. Ռուբեն Մելիքյան․ Փաստինֆո

Ուզում եմ հավատալ ՀՔԾ պետի անկեղծությանը. Ռուբեն Մելիքյան․ Փաստինֆո

Փաստինֆո-ն գրում է․ «Արսեն Բաբայանի գործով տեսակցությունների սահմանափակումը կարող է դիտարկվել նաեւ որպես այլ գործոնների հետ համակցված լրացուցիչ պատժիչ գործոն։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Մենք բազմիցս ենք անդրադարձել այն խնդրին, որ Արսեն Բաբայանի նկատմամբ մեղադրանքը եւ հատկապես կալանքը, մեղմ ասած, իրավունքից շատ հեռու են գտնվում։ Իմ պատկերացմամբ, Արսեն Բաբայանի նկատմամբ կիրառված կալանքը ունի պատժական, այլ ոչ թե խափանման բնույթ», -ասաց իրավապաշտպանը

Նրա խոսքով մի կողմից տեսակցությունների սահմանափակման խնդիրը բացառիկ երեւույթ չէ, մյուս կողմից, կոնկրետ Բաբայանի մասով հատուկ միտումը չի բացառվում։

«Ավելի ընդհանրական տեսանկյունից դիտարկելիս խնդիրն առկա է ոչ միայն մասնավորապես, Արսեն Բաբայանի եւ քաղաքական բովանդակություն ունեցող գործերով, այլեւ առհասարակ քրեական դատավարությունում։ Խնդիրը պետք է լուծվի, անկախ այն հանգամանքից, թե խոսքն ում է վերաբերում։ Ես հույս ունեմ, որ այս հարցի բարձրաձայնումը Արսեն Բաբայանի կապակցությամբ, բերելու է ոչ միայն Արսեն Բաբայանի մասով խնդրի լուծմանը, այլեւ առհասարակ, այդ խայտառակ պրակտիկայի վերացմանը մեր քրեական դատավարությունից եւ, եթե այստեղ առկա է թյուրիմացություն, այդ թյուրիմացությունը վերաբերում է ոչ միայն այս կոնկրետ գործին, այլեւ այն հակաիրավական պրակտիկային, որը ես չեմ կարող հստակ նշել, թե երբվանից, բայց վերջին ժամանակներում երեւույթը տարածվել է»,-ասաց Ռուբեն Մելիքյանը։

Հիշեցնենք, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն այսօր հայտարարել է, թե անչափահաս երեխաների հետ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանի տեսակցության արգելքը թյուրիմացության հետեւանք է։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Արսեն Բաբայանը մեղադրվում է Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն օժանդակելու եւ պաշտոնեական փաստաթղթերը կեղծելու մեջ։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, միաժամանակ քննիչը որոշել է արգելանք դնել նրա՝ տեսակցությունների վրա, այդ թվում՝ անչափահաս երեխաների հետ։

Հարցին, արդյո՞ք Սասուն Խաչատրյանի հայտարարությունից հետո խնդիրը կլուծվի Ռուբեն Մելիքյանն արձագանքեց. «Ես ցանկանում եմ հավատալ ՀՔԾ պետի անկեղծությանը՝ հույս ունենալով, որ այս խնդիրը շուտափույթ կարգավորում կստանա, բայց մենք չպետք է այս խնդիրը համարենք ամենաէականը։ Այն երրորդական նշանակություն ունի, կարեւորը Բաբայանի նկատմամբ քրեական հետապնդման եւ խափանման միջոց կալանքի ոչ իրավաչափությունն է»։

Ռուբեն Մելիքյանը ողջունելի է համարում իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի եւ ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանի՝ անձնական կարգավիճակով ներկայացրած միջնորդությունը՝ անձնական երաշխավորության մասին։ «Ոզում եմ նաեւ հիշեցնել, որ երաշխավորության մեջ հատուկ ընդգծվում էր Բաբայանի 2 անչափահաս եւ մանկահասակ երեխաների հանգամանքը։ Անկեղծորեն հույս ունեմ եւ մի քանի օր այդ հույսը պահպանելու եմ, որ մեր քրեական հետապնդման մարմինները այդ լավ առիթից օգտվելու են եւ մեղմացնելու են ստեղծված խնդիրը ՝ փոխելով Արսեն Բաբայանի խափանման միջոցը»,-եզրափակեց Ռուբեն Մելիքյանը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ